Կուսակցությունները ՏԻՄ-երը նվիրեցին ՀՀԿ-ին

Կուսակցությունները ՏԻՄ-երը նվիրեցին ՀՀԿ-ին
Հուլիսի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել հանրապետության 9 ընտրատարածքների 17 համայնքներում: Խորհրդարանական ընտրությունները, թվում էր, դաս պետք է լինեին կուսակցությունների համար, որոնց ներկայացուցիչները մայիսի 6-ից հետո չեն դադարում «ռեժիմի» գործադրած բռնությունների եւ կեղծարարությունների մասին աղաղակելուց. այս գյուղապետն այսպիսի ճնշումներ է գործադրել, այն քաղաքապետը կեղծարարություն է արել եւ այլն: Ինչեւէ, թվում էր, թե կուսակցություններն անհամբերությամբ պետք է սպասեին ՏԻՄ ընտրություններին, որոնք լավ հնարավորություն էին լուրայիններին ՏԻՄ ղեկավարներ դարձնելու համար, սակայն զարմանալիորեն քաղաքական գրեթե բոլոր ակտիվ կուսակցությունները թեկնածուներ չեն առաջադրել:



ՀՀԿ-Ն ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՐ



Եվ այսպես, մի բան հստակ է, որ հուլիսի 8-ին կայացած ընտրություններում ՀՀԿ-ն այլընտրանք չի ունեցել: Արդյունքում,  գործող հիմնականում ՀՀԿ-ական ՏԻՄ ղեկավարները հատուկենտ բացառությամբ վերընտրվել են իրենց պաշտոններում: Միայն Լոռու մարզի Խնկոյանի գյուղապետի ընտրություններում է գործող գյուղապետ, անկուսակցական Վարուժան Համբարձումյանն իր մրցակցից՝ Արթուր Ղազարյանից 2 քվե պակաս ստացել: Արմավիրի մարզի 9 համայնքներից առնվազն 6-ում վերընտրվել են գործող համայնքապետերը, մեկում` պարտվել, իսկ մեկում գործող գյուղապետն առաջադրված չէր:



Առատաշենում է միայն գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Հովհաննես Անդրեասյանը պարտվել: Նա ստացել է 530 քվե, իսկ մրցակիցը` մենատնտես, անկուսակցական Վահրամ Հարությունյանը, 869 քվե: Ուշագրավ է, որ 6 համայնքում գրանցվել են համայնքի ղեկավարի մեկական թեկնածու՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետեր, որոնք առանց այլընտրանքի կրկին վերընտրվել են: Միայն Լոռու մարզի Սարչապետ համայնքում են 1 ԲՀԿ-ական եւ Վայոց ձորի Գետափ համայնքում ՀՅԴ-ական երկու թեկնածու առաջադրվել, որոնք, սակայն, չեն հաղթել:



ՀՀԿ-ԲՀԿ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ



Ուշագրավ է նաեւ, որ այն համայնքները, որոնց ղեկավարները ԲՀԿ-ականներ էին, հուլիսի 8-ին նույնպես մնացել են առանց այլընտրանքի: Գեղարքունիքի մարզի Այրք գյուղական համայնքում վերընտրվել է գործող գյուղապետ, ԲՀԿ-ական Արտյոմ Շաբոյանը: Միակ թեկնածուի օգտին քվեարկել է 239 ընտրող, դեմ` 3-ը: Իսկ Կոտայքի մարզի Բյուրեղավան  քաղաքում վերընտրվել է գործող քաղաքապետ Հակոբ Բալասյանը: Մրցակից մյուս թեկնածուները Աբովյանի քաղաքապետի օգնական, ԲՀԿ-ական Էդիկ Պողոսյանը եւ անկուսակցական Գարեգին Սարգսյանն էին: Ինչպես տեսնում եք, այլ կուսակցություններից եւ հատկապես ՀՀԿ-ից առաջադրումներ չկան: Այն դեպքում, երբ խոսակցություններ կային, որ նախագահական ընտրություններից առաջ ՀՀԿ-ն հատկապես Կոտայքը՝ Գագիկ Ծառուկյանի հարազատ մարզը, մտադիր է ՀՀԿ-ականացնել:



Հետեւաբար, ինչո՞ւ ՀՀԿ-ն այստեղ թեկնածուներ չուներ: «Որովհետեւ չուներ»,-հանճարեղ պատասխան տվեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Այսինքն, կուսակցության համար սա մարտավարական հարց չէ՞ր՝ հետաքրքրվեցինք: «Եթե մարտավարական հարց լիներ, թեկնածու էլ կլիներ,- ասաց Կոտայքի վաստակաշատ մարզպետը՝ շարունակելով:- Մենք նախապատվությունը տալիս ենք ոչ թե կուսակցական պատկանելությանը, այլեւ որակին: Ինքը (նկատի ունի Բյուրեղավանի քաղաքապետին՝ Լ. Շ.) համարվում է բավականին կայացած քաղաքապետ, եւ անիմաստ էր մրցակցություն առաջացնել: Ուրեմն մի քաղաքականացրեք»:  «Ձեր կուսակիցները բազմիցս են հայտարարել ՏԻՄ ընտրությունների կարեւորության մասին եւ նշել են, որ ակտիվորեն մասնակցելու են դրանց»: «Օրիորդ ջան, ես նման հայտարարություններին ծանոթ չեմ»: Մի բան պարզ է, որ կրկին համաձայնություն է կայացվել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ՝ որոշ համայնքներում իրար դեմ մրցակիցներ չեն դրել:



ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԸ՝ ՀՀԿ-Ի ԴԵՄ



Դեռեւս անորոշ է Արմավիրի Մրգաշատի ընտրությունների վերջնական արդյունքը: Այս համայնքում թեեւ գործող համայնքապետը ստացել է իր մրցակցից ավելի քվեներ, սակայն նրանց երկուսի քվեների տարբերությունն անվավեր քվեաթերթիկների թվից պակաս է, եւ չի բացառվում, որ վերահաշվարկ լինի: Մրգաշատում գործող գյուղապետ, 4-րդ անգամ առաջադրված ՀՀԿ անդամ Գեւորգ Դանիելյանը ստացել է 1.244 քվե, իսկ նրա կուսակից, ինքնառաջադրված Լավրենտ Մարտիրոսյանը` 1.169: Մեր տեղեկություններով, գյուղապետի ընտրություններն ավարտվել են ծեծկռտուքով, որը ծագել է ձայների հաշվարկից հետո, երբ պարզվել է, որ գյուղապետի պաշտոնում, նախնական տվյալներով, հաղթող է ճանաչվել գործող գյուղապետ, ՀՀԿ-ական  Գեւորգ Դանիելյանը:



Նախնական արդյունքները դուր չեն եկել Լավրենտ Մարտիրոսյանի կողմնակիցներին, եւ դժգոհությունը վերածվել է քաշքշուկի, ապա՝ ծեծկռտուքի։ Միջադեպը տեղի է ունեցել գիշերվա ժամը 1-ին։ Բանն այն է, որ Լավրենտ Մարտիրոսյանին սատարում էր գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը:



ԳՈՐԾԻՆ ԽԱՌՆՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ



Թեեւ Արմավիրի մարզի Փշատավան համայնքում վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Ռաֆիկ Ստեփանյանը, այստեղ ընտրությունները բավականին բուռն են անցել: Ստեփանյանի օգտին քվեարկել է 570 ընտրող: Մյուս թեկնածուներն էին` անկուսակցական, մենատնտես Վարուժան Եղիազարյանը եւ ՀՀԿ անդամ, էլցանցերի «Մուսալեռ» մասնաճյուղի հերթապահ Վահան Ալեքսանյանը, որոնք, համապատասխանաբար, ստացել են 159 եւ 383 քվե:



Ինչպես երեւում է, կուսակիցների ստացած ձայների տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Սա այն դեպքում, երբ վերընտրված համայնքապետն ունեցել է քրեական հեղինակություններից մեկի՝ Թելման Մխիթարյանի հովանավորությունը եւ ողջ գյուղում  առատորեն շաքարավազ է բաժանել՝ որպես ընտրակաշառք: Ի դեպ, ասում են՝ փշատավանցիներն իրենք են որոշել ընտրակաշառքը. երբ գործող գյուղապետը ցանկացել է ալյուր բաժանել, գյուղացիները նեղսրտել են, թե՝ փակելու սեզոն է, եւ շաքարավազն առավել նախընտրելի է:



Հիշեցնենք, որ քրեական աշխարհի «հայրերից» Թելման Մխիթարյանն այսօր անազատության մեջ է Նովգորոդ քաղաքում եւ մեղադրվում է առավել խոշոր չափով դրամաշորթության մեջ, որը կատարել է մի խումբ անձանց հետ նախօրոք համաձայնության գալու միջոցով: 2010-ի օգոստոսին նրան ձերբակալել էին Երեւանում, որից հետո Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել նրա արտահանձնման մասին: Այսինքն՝ Ռուսաստանի բանտում նստած հեղինակությունը կարող է Հայաստանում ընտրությունների արդյունքը որոշել:



ՊԱՏԿԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ



Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների, Լոռու մարզի Սարչապետի գյուղապետ է վերընտրվել ՀՀԿ անդամ Բորիս Բարոյանը: Միակ թեկնածուի օգտին քվեարկել է 663 ընտրող, դեմ` 18-ը: Սարամեջի գյուղապետ, ՀՀԿ անդամ Հայկ Հովհաննիսյանը, 372 ձայն: Մյուս թեկնածուն` գյուղապետարանի սանտեխնիկ, անկուսակցական Համեստ Տեր-Ավագյանը, ստացել է 45 քվե: Ի տարբերություն վերոհիշյալ 2 համայնքների, Խնկոյանի գյուղապետի ընտրություններում գործող գյուղապետ, անկուսակցական Վարուժան Համբարձումյանն իր մրցակցից 2 քվե պակաս է ստացել: Վայոց ձորի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի մեկական համայնքներում եւս անցկացվել են համայնքի ղեկավարի ընտրություններ:



Վայոց ձորի Գետափում վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Ալոյանը: Միակ թեկնածուի օգտին քվեարկել է 908 ընտրող, դեմ` 29-ը: Գեղարքունիքի մարզի Այրք գյուղական համայնքում վերընտրվել է գործող գյուղապետ, ԲՀԿ անդամ Արտյոմ Շաբոյանը: Միակ թեկնածուի օգտին քվեարկել է 239 ընտրող, դեմ` 3-ը: Արագածոտնի մարզի Վերին Սասնաշենում ընտրվել է Անդրանիկ Պողոսյանը: Միակ թեկնածուի օգտին քվեարկել է 141 ընտրող, դեմ` 12-ը: Այս համայնքի նախկին ղեկավար Արարատ Պողոսյանն ապրիլի 9-ին մահացել էր:



Արմավիրի մարզի Աղավնատուն, Մրգաշատ, Առատաշեն, Փշատավան, Ջրարբի, Նորավան, Այգեկ, Գայ, Այգեվան գյուղական համայնքներում անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով 9 համայնքներից առնվազն 6-ում վերընտրվել են գործող համայնքապետերը, մեկում` պարտվել, իսկ մեկում գործող գյուղապետն առաջադրված չէր: Աղավնատուն համայնքում առանց այլընտրանքի ընտրվել է մենատնտես, ՀՀԿ-ի կողմից առաջադրված անկուսակցական Աշոտ Գրիգորյանը: Առատաշենում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Հովհաննես Անդրեասյանը պարտվել է: Նա ստացել է 530 քվե, իսկ նրա մրցակիցը` մենատնտես, անկուսակցական Վահրամ Հարությունյանը` 869: Ջրարբիում առանց այլընտրանքի վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Ղազար Ղազարյանը:



Նորավանում վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Արթուր Միքայելյանը: Նրա օգտին քվեարկել է 464 ընտրող, իսկ նրա մրցակցի` ՀՀԿ-ական Անդրանիկ Արշակյանի օգտին` 152-ը: Այգեկում, Գայում, Այգեվանում վերընտրվել են գործող գյուղապետերը, համապատասխանաբար, ՀՀԿ անդամ Վարուժան Աբրահամյանը, ՀՀԿ-ի առաջադրած անկուսակցական Սեյրան Մարկոսյանը եւ ՀՀԿ-ական Սպարտակ Էքիզյանը:



ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴՀԱՏԱԿ ԱՆՑԵԼ



«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե ընտրական մեխանիզմները հաշվի առնելով է, որ թեկնածուներ չեն առաջադրել: Հստակ չպատասխանեց, թե սեպտեմբերին է՞լ թեկնածուներ չեն ունենա: «Եթե նպատակահարմար լինի, կքննարկենք թեկնածուների հարցը»: Նա չի կարծում, թե այս անգամ արժեր ՏԻՄ ընտրություններում պայքարել: «Մենք նախկինում էլ ենք մասնակցել ու կարծում ենք, որ այդքան մեծ տարբերություն չկա»,- հակադարձեց նա: Իսկ ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանն էլ ասաց, թե նպատակահարմար չեն գտել եւ այդ պատճառով թեկնածուներ չեն առաջադրել: «Սեպտեմբերին է՞լ եք այդպես վարվելու» հարցին Մուսինյանը նախընտրեց պատասխանել սեպտեմբերին: