Ճանապարհային ոստիկանության ուղերձը հայ ժողովրդին

Ճանապարհային ոստիկանության ուղերձը հայ ժողովրդին
«Հարգելի վարորդներ, սիրելի անմեքենա, այսինքն՝ մեքենայաբար շրջող հետիոտներ: ՃՈ ղեկավարությունը ձեզ համար կրկին հաճելի անակնկալ է պատրաստել. «Այս ամառ էլի միայն մեզ համար» ակցիան: Խախտումների ճկուն մեխանիզմ, տուգանքների իդեալ համակարգ, վճարման անսահմանափակ հնարավորություն: Ինչպես ասում են` «Ամառը թեժ է լինելու»: Հայրենակիցներ, հիշեցեք` ավտոմեքենան շքեղություն չէ, այլ վճարման փոխադրամիջոց: Մեր նշանաբանն է. «Ո՛չ անվճար խախտումներին», «Տեսախցիկը քո բարեկամն է եւ ՃՈ-ի կերակրող հարազատը»: Բարդ ու բազմազան է մեր աշխատանքը, հայրենակիցներ: ՃՈ-ն, կարելի է ասել, օր ու գիշեր մաքառում է անկարգապահ եւ անվճարունակ վարորդների դեմ: Իհարկե, կարելի էր տեսախցիկ տեղադրել ամենուր` փողոցներում, հրապարակներում, դաշտերում, անտառներում, որոշ անկարգապահների տներում, տո, հենց իրե՛նց վրա: Մեր որոշ էքստրեմալի սիրահար տեսուչներ առաջարկում են տեսախցիկներ տեղադրել բոլորի վրա՝ որպես պոտենցիալ խախտողների:



ՃՈ ղեկավարությունը, երկար ուսումնասիրելով հարցը, կայացրել է պատմական որոշում. դիմել, սիրելի հայրենակիցներ, ձեր բարձր ինքնագիտակցությանը եւ պետականամետ խղճին: Կոչ ենք անում այսուհետ անձամբ ներկայանալ ինքնախոստովանական ցուցմունքներով եւ մեղայականով` որտե՞ղ, ե՞րբ եւ ի՞նչ, կներեք, ղալաթ եք արել: Ջանասեր վարորդների համար կկիրառվեն բոնուսներ` ձեր փոխարեն կարող է վճարել ով ցանկանա` պապիկ, տատիկ, հարեւան, հարեւան պետություն, ՄԱԿ: Ճանապարհային ոստիկանությունն ընդունում է նաեւ նախնական հայտեր` ե՞րբ, որտե՞ղ եւ ի՞նչ խախտում եք ուզում կատարել:



ՃՈ ղեկավարություն»



Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ