Մեզ բացակա չդնեք

Մեզ բացակա չդնեք
Այսպիսով, Հայաստանի խորհրդարանը երեկ հրավիրված արտահերթ նիստում հայտարարություն ընդունեց Հունգարիայի խորհրդարանի հետ հարաբերությունները կասեցնելու մասին:



Հայտարարությունում Ազգային ժողովը նշում է, որ Հունգարիայի իշխանությունը նույնպես պատասխանատվություն է կրում 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործ Ռամիլ Սաֆարովին իրենց կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ: Հետեւաբար, ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Հունգարիայի իշխանությունների դրսեւորած վարքագիծը եւ կասեցնում  Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի հետ պաշտոնական հարաբերությունները։



6 խմբակցությունների աշխատանքային խմբի կողմից նախօրեին պատրաստված հայտարարության տեքստից առավել ձեւական եւ անբովանդակ փաստաթուղթ հնարավոր էլ չէր պատկերացնել: Վանաձորից պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը, ով հավանաբար նոր-նոր էր ծանոթանում հայտարարության տեքստին, զարմացած էր. «Լավ, կասեցնում ենք հարաբերությունները, բայց ինչո՞ւ որեւէ կետ նշված չէ  հայտարարության մեջ, թե ինչ պահանջ ենք ներկայացնում Հունգարիային՝ իր հետ հարաբերությունները կրկին վերականգնելու համար, կամ ի՞նչ ակնկալիքներով ենք այդ քայլին գնում»:



Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը շտապեց հանգստացնել կոլեգային՝ աչքի տեղը հոնքն էլ քանդելով: Պարծեցավ, թե  հայտարարությունում եւս մեկ կետ կա, որով իրենք հորդորում են «ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող բոլոր երկրների խորհրդարաններին»՝ դատապարտել Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ 2012 թ. օգոստոսի 31-ին իրականացված գործարքը: Ասել է թե՝ այդ երկրների արձագանքից կերեւան մեր հետագա քայլերը՝ նկատեց Զաքարյանը: «Ինչ է, այսքանից հետո է՞լ ենք մեր հարցերը թողնում եվրոպական երկրներին, մենք ինքներս պետք է ներկայացնենք մեր պահանջը»,- միամտորեն պոռթկաց անփորձ լոռեցի Մարուքյանը, հետո կրկին լսեց նույն հիմնավորումը: ՀՀԿ-ականները ողջ նիստի ընթացքում այդպես էլ չգաղտնազերծեցին, թե ինչ լավատեսությամբ կամ արգումենտներով են հորդորներ ու կոչեր հնչեցնում  «ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող բոլոր երկրների խորհրդարաններին»՝ դատապարտել կատարվածը: «Մինսկի խմբից սպասում ենք ադեկվատ գնահատական: Այն մարդիկ, որ պետք է գնահատական տան ու չեն տալիս, նրանք հանցակից  են»,- ամոթանք տվեց ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը:



«Ռուսաստանի արձագանքը կատարվածին չի բավարարում, Ֆրանսիան արձագանքել է խորհրդարանական մակարդակով, գերմանական մամուլը պրովոկացիոն հոդվածներ է տպում»,- իր հերթին խորհրդարանի  սպասելիքներն ի չիք դարձրեց դաշնակցական Վահան Հովհաննիսյանը: Ինչպես ակնկալվում էր, դաշնակցականներն իրենց ելույթներով սրտները հովացրին՝ մեր հայկական դիվանագիտական բացերի մասին բարձրաձայնելով: Վ. Հովհաննիսյանն իր ելույթում մտահոգիչ համարեց մարդասպանին ազատ արձակելու խնդրի շուրջ միջազգային հանրության արձագանքը, նաեւ եվրոպական մի շարք երկրների լռությունը։ «Ո՞ւր են մեր դեսպանները։ Ո՞ւր է արձագանքը»,- հարցրեց դաշնակցական պատգամավորը։ «Ինչպե՞ս է հնարավոր, որ մենք այս մասին իմանանք ադրբեջանական մամուլից։ Որ մենք սրա մասին իմանանք, երբ արդեն Սաֆարովը ոտքը դրել է իր հայրենիքի հողի վրա։ Ինձ կարո՞ղ է մեկը բացատրել՝ ինչպե՞ս կարելի է, երբ 15 օր առաջ արդեն հունգարահայ համայնքն ահազանգել է սրա մասին, եւ մեր իշխանությունը ոչինչ չի արել»,- Հովհաննիսյանին ձայնակցեց ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը։ Նաեւ ասաց, որ խորհրդարանը պետք է կատարվածի համար պատասխան պահանջի Հայաստանի պետական գերատեսչություններից ։



Հայ ազգային կոնգրեսի անունից ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ով հայտարարեց, որ, չնայած իրենք «կոշտ հակասություններ ունեն իշխանությունների հետ», բայց բարդություններ չեն ստեղծում եւ միանում են նախագծին: Նկատենք, որ ՀԱԿ խմբակցությունը տարօրինակ պասիվ էր երեկվա նիստում: Առաջին ընդմիջումից հետո դահլիճում էր ՀԱԿ-ից միայն Արամ Մանուկյանը, որն էլ հաջորդ ընդմիջմանն անհետացավ: Թերեւս պատճառը Նիկոլ Փաշինյանի եւ Հրանտ Բագրատյանի բացակայությունն է, ովքեր Լեհաստանում մասնակցում են միջազգային կոնֆերանսի:



«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանն էլ իր ելույթում նշեց, որ արտաքին քաղաքականության գերատեսչությունը թերացել է, բայց դա այս նիստի թեման չէ։ Արզումանյանը կարծիք հայտնեց, որ կարելի է հանձնաժողով ստեղծել եւ ուսումնասիրել, թե ինչու արտգործնախարարությունը որեւէ բան չի արել, այդ թվում՝ ինչու ոչինչ չի արել 2004-2008թթ. ժամանակահատվածում Հունգարիայում դեսպանատուն հիմնելու համար: «Մենք պետք է գիտակցենք, թե ինչ ահավոր իրադարձություն է տեղի ունեցել, եւ լինենք համերաշխ»,- հորդորեց Արզումանյանը: Բայց ինչպե՞ս լինել համերաշխ, երբ հերիք չէ հայտարարության մեջ որեւէ բան չի ասվում Հայաստանի ԱԳՆ-ի բացթողումների մասին, դեռ իշխող ՀՀԿ-ականների բոցաշունչ ելույթներն էլ սղոցում են ոմանց ուղեղները: Իսկ իշխող ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի մասնակցությամբ բեմադրվում էր թատրոն, թե ով կարող է ավելի շատ քլնգել Ադրբեջանին եւ պաշտպանել Հայաստանին: ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը նույնիսկ չդիմացավ եւ ադրբեջանցիների մասին նետեց. «Շակալները կարող են իրենց մաշկի գույնը փոխել, բայց տեսակը՝ ոչ»:



ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանն էլ հասավ մինչեւ հերոսական էպոս եւ պարծեցավ, թե մենք դավիթաբար, բաց ու անկեղծ ենք մեր քայլերում եւ քնած մարդուն չենք սպանում: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի նյարդերը տեղի տվեցին, եւ նա հայտարարեց, թե չի մասնակցում այդ մրցույթին: «Եկեք լինենք անկեղծ եւ բարձրաձայնենք, թե ինչ կարող էին անել մեր պատկան մարմինները, որ չարեցին: Ես զրուցել եմ Հունգարիայի հայ ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանի հետ, ով տեղեկացրեց, որ օգոստոսի 20-ին ոչ միայն բարձրաձայնել է հնարավոր էքստրադիցիայի մասին, այլեւ օգոստոսի 21-22-ին Հունգարիայի հայ համայնքի հորդորով եկել է Հայաստան, հանդիպել արտգործնախարարության եւ Սփյուռքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ ասել է, որ նման արտահանձնում է նախատեսվում: Մինչդեռ նախօրեին ԱԺ նախագահի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ փոխարտգործնախարարը հավաստիացրեց, որ գոնե խորհրդարանն այդ մասին տեղյակ չի եղել։ Օգոստոսի 20-ին հայ համայնքը պաշտոնական հարցում է արել Հունգարիայի խորհրդարանին, եւ խորհրդարանի նախագահը պատասխանել է, որ` այո, արտահանձնում նախատեսվում է»:



Նախկին գործընկերուհու ելույթն ազդեց Մարգարիտ Եսայանի վրա, ով իր հերթին անվայել համարեց բոլոր մեղքերը բարդել իշխանության վրա: «Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը, որը միայն իշխանությանն է մեղադրում»,- նեղսրտեց նախկին լրագրողուհին: Ինչեւէ, ավելի քան 7 ժամ տեւած քննարկումից, ավելի ճիշտ՝ լեզվակռվից հետո 90 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց հայտարարությունը:  Դեմ է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, թեեւ խմբակցությունը միացել էր նախագծին: «Ժառանգություն» խմբակցության մյուս երկու պատգամավորները՝ Ալեքսանդր Արզումանյանը եւ Ռուբեն Հակոբյանը, չմասնակցեցին քվեարկությանը:



Դժվար է ասել՝ որեւէ բան կփոխվի՞,  եւ ի՞նչ կշահի Հայաստանը հարաբերությունների խզումից, կամ ո՞րն է լինելու հաջորդ քայլը, բայց անհերքելի է, որ այսպիսով կփակվի եւս մեկ հնարավորություն Հունգարիայի հետ հարաբերություններ պահելու եւ կատարված գործարքի մանրամասները պարզելու համար: