Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական ինքնաբացարկն է ներկայացնում

Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական ինքնաբացարկն է ներկայացնում
Դեռ նախընտրական փուլում հայտարարված «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» համագործակցությունը կասկածների ու տարակարծությունների տեղիք տվեց:  Դաշինքը կարող էր հաջողել եւ զբաղեցնել ազատված ընդդիմադիր դաշտը կամ  էլ մեծ աղմուկով ձախողվել: Բայց քանի որ մեզանում գումարման պրոցեսներ, որպես կանոն, չեն կատարվում՝ ամենահաջողը ստացվում է «հանման» պրոցեսը, ուստի առավել հավանական էր, որ համագործակցությունը չի կայանա, եւ արդյունքը կհիասթափեցնի շատերին: Տարաձայնությունները սկսվեցին համամասնական ցուցակի հրապարակումից հետո: Դժգոհ էին բոլորը եւ հատկապես «Ժառանգության» խորհրդարանական թիմը, որն իրավացիորեն կարող էր հավակնել նորից խորհրդարանում հայտնվելուն: Դժգոհ էր նաեւ «Ազատ դեմոկրատների» մի մասը՝ Արարատ Զուրաբյանի ղեկավարությամբ, ով կարող էր հավակնել ԱԴ նախագահի պաշտոնին եւ այդ պաշտոնը Խաչատուր Քոքոբելյանին էր զիջել զուտ վաղեմի մտերմությունից ելնելով: Սակայն փոխհամաձայնության գալ չհաջողվեց՝ «Ժառանգությունից» դուրս եկավ Կարինե Հակոբյանը, ցուցակում ընդգրկվելուց հրաժարվեց Լարիսա Ալավերդյանը, իսկ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանն ու Ստյոպա Սաֆարյանը կտրուկ քայլերի չգնացին միայն Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ հարգանքից ելնելով:



Ավելի ուշ «Ազատ դեմոկրատներից» դուրս եկավ մեծ խումբ՝ Զուրաբյանի ղեկավարությամբ: Եվ Զուրաբյան-Քոքոբելյան տասնամյակների ընկերությունը խորհրդարան մտնելու հողի վրա դադարեց: Բացի «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» երկու օտար մարմինների տարաձայնություններից, այս երկու ուժերի հաշտեցման պրոցեսին խանգարող այլ գործոններ էլ կային՝ մասնավորապես, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ համատեղ ցուցակի անցողիկ մասում հայտնվել էին  անուններ, որոնք ընդունելի չէին հատկապես «ժառանգականների» համար. մեկը հասարակական կազմակերպության ղեկավար Թեւան Պողոսյանն էր, մյուսը՝ բլոգեր Իզաբելլա Աբգարյանը: Նրանց ներմուծումը ցուցակը նկալվեց որպես իշխանության «դիվերսիա» եւ ավելի պառակտիչ դեր խաղաց: Ինչեւէ, լուրեր տարածվեցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է ինքնաբացարկ հայտնել՝ հօգուտ Ստյոպա Սաֆարյանի կամ Անահիտ Բախշյանի, բայց այդ դեպքում բավականին մեծ թվով մարդիկ պետք է ինքնաբացարկ հայտնեին, ինչն անհնարին էր: Եվ այդ հարցն անորոշ ժամանակով հետաձգվեց: Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրեց «ոչ ինձ, ոչ քեզ» տարբերակը՝ պարզապես չվերցրեց մանդատը: Մինչ… երեկ:



Երեկ 5-րդ գումարման անդրանիկ նիստում հայտնի դարձավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու որոշում է կայացրել: Իսկ որոշումը  պայմանավորված է առաջիկա նախագահական ընտրություններով: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Համապետական ամենակարեւոր միջոցառումը նախագահական ընտրություններն են: Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ կուսակցության ղեկավար է, եւ կուսակցությունն ինքը ահագին գործեր ունի անելու, բայց պետք է նկատի ունենալ, որ առաջիկայում նախագահական ընտրություններ են, եւ չի բացառվում, որ նա առաջադրվի որպես նախագահի թեկնածու»,- ասել է Հակոբյանը: Նա նաեւ ասել է, որ դեռեւս որոշված չէ, թե ով կզբաղեցնի Րաֆֆի Հովհաննիսյանի տեղը, բայց «Ժառանգության» համամասնական ցուցակում այս պահի դրությամբ որեւէ տեղաշարժ չկա, եւ, ըստ ցուցակի, հաջորդը Թեւան Պողոսյանն է՝ «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը»:



Նշենք, սակայն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր էր ընտրվել ինչպես 2007 թվականի մայիսի 12-ին, այնպես էլ 2012 թվականի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, արդեն երկրորդ անգամ է պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնում։ Մանդատից հրաժարվելու մասին իր նախորդ՝ 2009 թվականի սեպտեմբերի 2-ին ներկայացված դիմումը Րաֆֆի Հովհաննիսյանը ետ էր վերցրել՝ շարունակելով մնալ պատգամավոր։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ հրապարակեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը։ Եթե «Ժառանգության» առաջնորդը 15 օրվա ընթացքում դիմումը ետ չվերցնի, նրա հրաժարականը կհամարվի ընդունված:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ