«Թատերական Լոռին»` ոչ սովորական փառատոն

«Թատերական Լոռին»` ոչ սովորական փառատոն
Սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 9-ը Լոռու մարզի մշակութային կյանքը կակտիվացնի «Թատերական Լոռի» միջազգային 21-րդ փառատոնը, որն այս տարի ընդլայնել է իր տարածքային շրջանակները եւ անցկացվելու է միանգամից երեք քաղաքներում` Ալավերդիում, որտեղ կկայանա հիմնական մրցութային ծրագիրը, Վանաձորում եւ Սպիտակում: Այդ մասին երեկ մշակույթի նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրին փառատոնը համակարգող թատերագետ Նվարդ Ասատրյանը եւ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, ով 2010-ից փառատոնի գեղարվեստական ղեկավարն է:



1989-ից փառատոնի տնօրենն է Ալավերդու քաղաքապետարանի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Հրաչյա Պապինյանը: Հիմադրվելով 1979-ին՝ սկզբնական շրջանում «Թատերական Լոռին» ներկայացնում էր ինքնագործ թատերախմբերի, իսկ 2006-ից փառատոնին մասնակցում են նաեւ պրոֆեսիոնալ թատերախմբեր: Բացի այդ, արդեն երրորդ տարին է, որ փառատոնը միջազգային կարգավիճակում է գործում: Այս տարի այն նվիրված է դերասանուհի Գալյա Նովենցին: Փառատոնային տասն օրերի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու 28 ներկայացում՝ 22 թատերախմբերի կողմից, որոնք լինելու են ոչ միայն Հայաստանից, այլեւ Վրաստանից, Արցախից եւ Բելառուսից:



Վահե Շահվերդյանի կարծիքով՝ այն, որ փառատոնն այս տարի անցկացվում է մի քանի քաղաքներում, խոսում է փառատոնի անհրաժեշտության եւ կարեւորության մասին. «Ի տարբերություն նախորդ փառատոնների, այս տարի ավելի լավ ներկայացումներ են ներկայանալու, իհարկե, Ալավերդու մշակույթի տան բեմը, պայմանները, հնարավորությունները չափից դուրս համեստ են, եւ այդ առումով ռեժիսորական հնարքները, լուծումները, որ հատուկ են ռեժիսորներիս, պետք է մի կողմ թողնենք»: Նվարդ Ասատրյանն էլ, անդրադառնալով մրցանակներին, նշեց, որ դրանք լինելու են 20-ը՝ 14 անվանակարգերում, իսկ մրցանակակիրներին ընտրելու հարցում մեծ դերակատարում է ունենալու նաեւ հանդիսատեսը: «Լինելու են քվեարկության արկղիկներ, ներկայացումից հետո հանդիսատեսը կնշի իրեն դուր եկած դերակատարումը, ներկայացումը: Ինչ վերաբերում է մրցանակներին, ապա, եթե մեզ խոստացված աջակցությունը հասնի Ալավերդի, բացի արձանիկներից, կլինեն նաեւ դրամական մրցանակներ»,-ընդգծեց թատերագետը` հավելելով, որ «Թատերական Լոռին» ոչ սովորական փառատոն է, որտեղ չկան ժանրային եւ թեմատիկ սահմանափակումներ:



ՀԳ - Ի դեպ, ասուլիսին պետք է ներկա գտնվեր նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ում պատճառով ասուլիսը մոտ 15 րոպե ուշ սկսվեց, բայց անգամ դրանից հետո նախարարը չեկավ եւ որեւէ կերպ  չփորձեց բացատրել բացակայության պատճառը, իսկ նախարարական աթոռն այդպես էլ դատարկ մնաց: Չնայած աշխատակիցների կցկտուր պարզաբանումներին, թե նախարարը շատ զբաղված է եւ ընդունում է ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանին ու ֆրանսիական պատվիրակությանը, բայցեւայնպես ներկաներից շատերի համար ակնհայտ էր, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի բացակայությամբ պայմանավորված՝ Հասմիկ Պողոսյանն ուղղակի հարկ չէր համարել ներկա գտնվել ասուլիսին: Ի դեպ, Լոռու մարզպետն ու մարզպետարանը փառատոնի գլխավոր կազմակերպիչներն են: