Ալեն Դելոնը կգա Երեւան

Ալեն Դելոնը կգա Երեւան
Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը դեկտեմբերի 17-ին կժամանի Երեւան:  Առիթը «Մոսկվա» կինոթատրոնում դեկտեմբերի 18-ին կայանալիք «Շնորհավոր Նոր տարին, մայրիկներ» ֆիլմի պրեմիերան է: Ֆիլմում, Ալեն Դելոնից բացի, նկարահանվել են նաեւ Պավել Վոլյան, Իրինա Ռոզանովան, Գարիկ Խարլամովը, Ելիզավետա Բոյարսկայան, Կոնստանտին Կրյուկովը, ովքեր նույնպես կգան Հայաստան: Իսկ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ֆիլմը դիտելու դեկտեմբերի 27-ից` «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին:



Ֆիլմում Ալեն Դելոնի ներկայությունն ապահովել է «Արմենիա փրոդաքշնը»: Ռեժիսորներն են հայազգի հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, Արտյոմ Մաքսիմենկոն, Դմիտրի Գրաչովը, Կլիմ Պոպլավսկին, Անտոն Բորմատովը: Ֆիլմը ռոմանտիկ կատակերգություն է, այն բաղկացած է 5 տարբեր նովելներից, որոնք ներկայացնում են 5 տարբեր ռեժիսորներ: Հիմնական մասը նկարահանվել է Ռուսաստանում, իսկ Ալեն Դելոնի հատվածը՝  Ֆրանսիայում: Գլխավոր թեման մայրերի հանդեպ սերն է, հերոսը փորձում է իրականացնել իր մոր երազանքը, ով ամբողջ կյանքում երազել է տեսնել Ալեն Դելոնին:



Եվ դրա համար հերոսը կազմակերպում է այցելություն Փարիզ, որտեղ էլ նրա մայրը պատահական հանդիպում է Ալեն Դելոնին: Դեկտեմբերի 17-ին կարող է իրականանալ նաեւ հայ մայրերի երազանքը, ովքեր Երեւանում կարող են տեսնել աշխարհահռչակ դերասանին ու նրա մասնակցությամբ «Շնորհավոր Նոր տարին, մայրիկներ» ֆիլմը: