Ջութակով ու դատարանով

Ջութակով ու դատարանով
Թվում էր՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից մանդատը վայր դնելուց հետո նրան մասամբ կմոռանան, իսկ «Հարսնաքարի» դեպքի դատավարությանը զուգահեռ առավելապես կկենտրոնանան դատական պրոցեսի վրա: Սակայն կատարվածն անչափ շատ է հուզել մարդկանց՝ եւ Վահե Ավետյանի մահն էր սահմռկեցուցիչ ու աններելի, եւ Նեմեցի պահվածքն էր զայրացնող ու անհանդուրժելի:



Մարդկանց մի մեծ խումբ շարունակում է պայքարել, որ նա պատժվի: Մարդիկ մանդատը վայր դնելը բավարար չհամարեցին: Նախօրեին երեք քաղաքացիական անձ՝ «Վահե Ավետյան» հասարակական շարժման ակտիվիստներ Գարիկ Չուգասզյանը, Դավիթ Սանասարյանն ու Հրանուշ Խառատյանը, դիմել են դատարան՝ քաղաքացիական հայցով, պահանջելով, որ նա «Նուվել դը Արմենիին» տված հարցազրույցում արած վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրի եւ հերքի իրենց բարի համբավն արատավորող տեղեկությունները: Դրամական պահանջ չեն ներկայացրել, թեեւ Քաղօրենսգրքի այդ հոդվածը դա էլ է ներառում: Կարեւորը բարոյական պահանջն է եւ Ռ. Հայրապետյանին դատական պատասխանատվության ենթարկելը: Բայց Հայրապետյանի դեմ պայքարը միայն իրավական չէ:



Նախօրեին ավելի օրիգինալ ակցիա է մտածել այս շարժման մեկ այլ ակտիվիստ՝ Զարուհի Հովհաննիսյանը, ով Ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ պարզապես ջութակ է նվագել: Այո, այո՝ մի զարմացեք, ջութակ: Ի պատասխան Հայրապետյանի այն արտահայտության, որ ինքը պատժելու է, այլ ոչ թե ջութակ նվագելու: Զառան որոշել է նրան պատժել հենց ջութակ նվագելով: Սիմվոլիստական այս ակցիաներն առաջին հայացքից շոշափելի արդյունք չեն տալիս, բայց դրանց էմոցիոնալ ներուժն է հզոր: Եվ դրանք վկայում են մի բանի մասին՝ քաղաքացիական հասարակությունը քնած չէ, այն արթուն է, պայքարում է եւ հասնելու է արդյունքի: