Աշխարհի հայ նկարիչների միավորումն ընդդեմ Հայաստանի նկարիչների միության

Աշխարհի հայ նկարիչների միավորումն ընդդեմ Հայաստանի նկարիչների միության
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Աշխարհի հայ նկարիչների» հավակնոտ անունը կրող միավորման նախագահ Ղազար Միրզոյանի հայցի քննությունն ընդդեմ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի:



 



Ըստ Ղազար Միրզոյանի, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը մոտ մեկ տարի առաջ, առանց իր գիտության, վարչության նիստի ժամանակ հեռացրել է իրեն միությունից, որի մասին վերջինս իմացել է միայն 8 ամիս անց եւ որոշել դատի տալ Աղամյանին ու վերականգնել իր անդամությունը. «Իմ հեռացման փաստաթղթերն ամբողջությամբ կեղծիք են, որովհետեւ ստորագրողներից ոչ մեկը չի իմացել, որ ստորագրում է իմ հեռացման փաստաթղթի տակ, նույնիսկ շատերն ասում են, որ չի քննարկվել քո հեռացման հարցը: Վկաներ կան, ովքեր հարկ եղած դեպքում կարող են գալ, ցուցմունք տալ, որ վարչության նիստի ժամանակ իմ հեռացման հարցը չի դրվել, եւ ոչ ոք իմ հեռացման համար չի ստորագրել. ամենաքիչը 5 վարչության անդամ, ովքեր ներկա են եղել նիստին, կարող են այդ մասին վկայություն տալ»: Միրզոյանը նշեց, որ այս ընթացքում իր փաստաբանը մի քանի անգամ փորձել է հանդիպել Աղամյանի հետ, բայց վերջինս չի ցանկացել. «Մենք էլ մեր շահերը պաշտպանելու համար ստիպված եղանք դատի տալ»: Միրզոյանին մտահոգում է նաեւ այն հանգամանքը, որ Աղամյանը 2008-ից մինչ այսօր համագումար չի արել, ինչը դեմ է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքին:



 



Նիստի ընթացքում արդեն հայցվորի փաստաբան Գեւորգ Գեւորգյանը դատարանին ներկայացրեց նիստի արձանագրության պատճենը եւ միջնորդեց, որ դատարանը որպես վկա ներգրավի վարչության այն անդամներին, ովքեր Միրզոյանի հեռացման հարցով ստորագրել են նիստի արձանագրության տակ:



 



Չնայած պատասխանող կողմը ծանուցվել էր դատական նիստի մասին, բայց չէր ներկայացել նիստին: Կապվեցինք նաեւ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հետ՝ իմանալու, թե ինչու չի ներկայացել դատական նիստին: «Կարեւոր չեմ համարում, եթե դատական նիստը համարի, որ նա անպայման պետք է դառնա Նկարիչների միության անդամ, դա իրենց գործն է, թող անեն»: Աղամյանը նշեց, որ չի էլ պատրաստվում ներկա գտնվել հետագա նիստերին. այսինքն՝ սխա՞լ է համարում հակառակ կողմի պահանջը: «Ես չեմ կարող սխալ համարել, դա իր գործն է, իր իրավունքն է»: Ինչ վերաբերում է այն բանին, որ ինքը Միրզոյանին ներկա-բացակայի թղթով է հանել միությունից, եւ նիստի ժամանակ անգամ նման հարց չի քննարկվել, ապա ասաց. «Ոչ, դա արվել է քվեարկությամբ, դա կանոնադրության մեջ գրված բան է, վարչությունն իրավունք ունի հեռացնելու միությունից, որն էլ կատարվել է, բայց դա շատ էական չէ: Ես, անկեղծ ասած, այդքան էլ կողմնակից չէի, որ իրեն հեռացնեն, ամեն դեպքում, վարչությունը հեռացրել է, եթե դատարանը որոշի, որ նա պետք է վերադառնա, թող վերադառնա, ես մեծ խնդիր չեմ տեսնում դրա մեջ»: «Աշխարհի հայ նկարիչների միավորումն ընդդեմ Հայաստանի նկարիչների միության» գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 26-ին: