Սերժ Սարգսյանն առայժմ ստուգում է Քոչարյանի դիմադրության աստիճանը

Սերժ Սարգսյանն առայժմ ստուգում է Քոչարյանի դիմադրության աստիճանը
Այսօր հայաստանյան քաղաքական դաշտը սեփականաշնորհված է երկու կուսակցությունների՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ: Ելնելով նպատակահարմարությունից, նրանք իրենց պատկանելիք տարածքներից վարձակալությամբ տալիս են այս կամ այն կուսակցությանը, որպեսզի աշխատեն ի շահ իրենց: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ետեւում անթաքույց կանգնած են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Երկրորդ եւ երրորդ նախագահները քաղաքական ակրոբատիկ շարժումներով վերահսկում են իրենց տարածքային ամբողջականությունը:



 



Բնական է, գործող նախագահը ռեսուրսների առումով առավել նպաստավոր դիրքում է, որովհետեւ քաղաքական դաշտում թելադրողը նա է: Երկրորդ նախագահն ընդամենը ձգտում է դիրքային կայունացման: Դրա համար խաղատախտակի վրա է դրվել վարչապետի պաշտոնը: Ամենախոցելի թիրախը վարչապետն է: Ուշադրություն դարձրե՞լ եք. երկու նախագահներն էլ նույնն են ասում՝   ուղղակի խայտառակություն գնահատելով կառավարության աշխատանքը: Քոչարյանը դա ասում է ԲՀԿ-ի միջոցով: Գործող նախագահը, դիրքային տեսանկյունից,  փորձնական ապտակներ է հասցնում Քոչարյանի թիմի ներկայացուցիչներին՝  հասկացնելով, որ նա բավարարվի եղածով: Իրադրությունն ավելի պարզ ներկայացնելու համար մի հասարակ օրինակ բերեմ: Տատս ինձ անընդհատ ապուր էր տալիս՝  իմանալով, որ չեմ սիրում: Ընդվզում էի, բան չէի ուտում, հետո, տեսնելով, որ նա ուշադրություն չի դարձնում եւ ուրիշ ուտելու բան ինձ չի տալիս, սուսուփուս, գլուխս կախ, ուտում էի: Տատս դատարկ ափսեն վերցնում ու ասում էր՝  կկակղես-կուտես: Հավատացնում եմ՝  նույն իրավիճակն է:



 



Երկու կողմերի պայքարն «ուտելիքի», ռեսուրսների վերաբաշխման համար է: Քոչարյանը քաղցած չի մնալու, ի վերջո իր համառության ու ներկայացրած կոմպրոմատների շնորհիվ ստանալու է այն, ինչ ուզում է: Գործող նախագահն առայժմ ստուգում է Քոչարյանի դիմադրության աստիճանը: Ստուգման այս ժամանակահատվածն է պատճառը, որ ձգձգվում է քաղաքական դաշտում հստակություն մտցվելը: Եթե ես համառություն ցուցաբերեի եւ մինչեւ վերջ չուտեի ապուրը, տատս տեղի կտար եւ ինձ ուտելու այլ բան կտար: Հարազատ թոռնիկն էի, չէ՞… Օսկանյանը քաղաքական այն գործիչն է, որի հալածյալ լինելը երկու նախագահներին էլ ձեռք է տալիս: Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ին մղում է «ընդդիմադիր» դաշտ. դա նրան ոչ միայն ներսում, այլեւ դրսում է պետք: Այդ կուսակցությունից իշխանությանն ինչքան շատ քննադատեն ու հակադիր եզրեր առաջացնեն, որպես իշխող կուսակցություն, իր օգուտն է: Տեսե՜ք, տեսե՜ք, թե Հայաստանում ի՜նչ ընդդիմություն ունենք, որը քաղաքական հետապնդումների է ենթարկվում, բանտերը լցվում են բարգավաճներով… Ժողովուրդ, ոտքի կանգնիր ու ընդվզիր, կանգնիր ԲՀԿ-ի կողքին, Օսկանյանի կողքին, մյուսների կողքին… Մյուս կողմից, Քոչարյանը հայտնվում է ավելի բարենպաստ լույսի տակ: Նա նույնիսկ փրկության աղոտ լույսի է նմանվում, որն ընդդիմադիր թարթումներով կանչում է հալածյալի բոլոր պաշտպաններին: Այս վիճակը երկու նախագահների սրտով է, առանձին-առանձին վերցրած՝  երկուսն էլ կուժեղանան, ու կիրագործվի այն, ինչ Մարտի 1-ը թույլ չտվեց իրագործել:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ