Էդիկ Նալբանդյանը թող գնա Բելառուս

Էդիկ Նալբանդյանը թող գնա Բելառուս
2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կոալիցիա չկազմեցին ու դարձան «քաղաքական հակառակորդներ», երբ այլեւս իրենց համար գերխնդիր դարձավ վարչապետի պաշտոնանկությունը, ԱԺ քառօրյայի չորեքշաբթին, որը կառավարության հետ հարցուպատասխանի օրն է, դարձավ սպասված: ԲՀԿ-ն,    քաղաքական  դրդապատճառներով, այդ չորեքշաբթին փորձում է վերածել «վարչապետական շոգեբաղնիքի», սակայն առայժմ այնքան էլ չի հաջողվում, թերեւս քանի որ ԲՀԿ-ականներն էլ ՀՀԿ-ականների պես բիզնեսներ ունեն: 



 



Եվ այդչափ կարեւոր չորեքշաբթին ծառայում է ընդամենը միմյանց խայթելու, սեփական հետաքրքրության տիրույթում գտնվող այս կամ այն հարցը ջղային հնչեցնելու համար: Եվ ԲՀԿ-ական պատգամավորներին չի հաջողվում հրապարակայնորեն ապացուցել վարչապետին պաշտոնանկ անելու իրենց պահանջի արդարացվածությունը: Երեկ, ինչպես նախորդ նիստերին, դարձյալ ԲՀԿ-ականները կոկորդային վարժություններով փորձեցին ուշադրություն գրավել: Նրանց միակ ճնշումն այն էր, որ իրենց հետաքրքրող ոլորտների խնդիրների պատասխանները պահանջում են կոնկրետ վարչապետից, թեեւ ներկա էին ոլորտների պատասխանատուները:  Իմիջիայլոց, ժողովրդի շահերից հանդես եկող սույն օրենսդիրների քննադատական թիրախում  երբեք չի հայտնվում օլիգարխներին հարկային դաշտ բերելու խնդիրը, մենաշնորհների դեմ պայքարը եւ այլ երեւույթներ:



 



Երեկ, օրինակ, կենսական նշանակության հարց համարվեցին արտաքին գործերի նախարարի գործուղումները ոչ այնքան հայտնի  երկրներ: Նորաթուխ ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը վարչապետին հարցրեց, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ  Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հաճախ այցելում է այնպիսի երկրներ (Կոնգո, Մեքսիկա, Նոր Զելանդիա), որոնց մասին Հայաստանի շարքային քաղաքացին անգամ պատկերացում չունի, եւ որոնք  առանցքային չեն Հայաստանի արտաքին քաղաքականության համար:  Ընդգծեց` ավելի լավ կլինի, որ ԱԳՆ ղեկավարի նման աննպատակ այցելությունները կրճատվեն, իսկ միջոցներն ուղղվեն հանրապետությունում մինիմալ ծախսերի ավելացմանը: Ռեպլիկներ եղան, թե Էլինար Վարդանյանի ու իր կուսակիցների համար թերեւս այցելության արժանի միակ երկիրը Բելառուսն է:  Տիգրան  Սարգսյանն էլ արձագանքեց, թե հարցը քաղաքական ենթատեքստ է պարունակում եւ պատասխան չի ակնկալում:



 



Բայց, այնուամենայնիվ, Տիգրան Սարգսյանը հեգնանքով պատասխանեց. «Ձեր  հարցերից կարելի է դիտարկել  այնպիսի մոտեցում, որ երբ Հայաստանի բնակչության 30 տոկոսն աղքատության մեջ է ապրում, ինչպե՞ս կարող է ԱԳՆ ղեկավարը գործուղման մեկնել,  եւ առավել նպատակահարմար չէ՞ր լինի  այդ միջոցներն ուղղել թոշակների բարձրացման վրա: Այս տրամաբանական կառույցը կարելի է շարունակել, որպեսզի արժանանանք ընտրողի հավանությանը: …Եթե Կոնգոյում կամ այլ երկրում, որոնց մասին  Հայաստանի քաղաքացիները քիչ բան գիտեն, տեղի է ունենում միջազգային իրադարձություն, ապա Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պարտավոր է մասնակցել դրանց` ներկայացնելով Երեւանի դիրքորոշումը: ԱԳՆ ղեկավարի գործուղումները սոցիալական խնդիրների հետ հակադրումը վայելուչ չէ»: Իսկ, հարց է ծագում, ինչո՞վ է վայելուչ մի հսկա կառույց եւ նախարար պահելը, սրանց շուրջտարյա գործուղումները պետբյուջեից ֆինանսավորելը, երբ արտաքին քաղաքականության մեջ մենք ոչ միայն հաջողություններ չունենք, այլեւ համատարած ձախողումներ են:



 



Երեկ ակտիվացել էր նաեւ իր գոյությունը միայն կուսակցության համար  «օրհասական» պահերին  հիշեցնող ԲՀԿ-ական Վահագն Մախսուդյանը: Նա էլ բարձրացրեց  Սեւանա լճի մաքրման վերաբերյալ տեխնիկական հարցեր: ՀԱԿ համակարգող  Լեւոն Զուրաբյանն էլ  փորձեց վարչապետից ճշտել իրեն հասած մի տեղեկություն, ըստ որի՝ ՀՀ կառավարության նիստում որոշում է ընդունվել «ՀայՌուսգազարդում» ՀՀ կառավարության 20% մասնաբաժինը զիջել «Գազպրոմին»՝ մինչեւ 2013 թ. ապրիլի 1-ը մատակարարվող գազի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար: Լ. Զուրաբյանի տեղեկացմամբ՝   ռուսական կողմը գազ մատակարարելու է 1000 խմ-ն 240 դոլարով՝ նախկին 180 դոլարի փոխարեն: Իսկ սա գաղտնի է պահվում՝ նախագահական ընտրությունների շեմին ժողովրդի ցասումին չարժանանալու, ցնցումներ չստեղծելու  համար: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հերքեց սա` նշելով, որ Հայաստանին մատակարարվող գազի սակագնի շուրջ բանակցությունները ռուսական կողմի հետ դեռեւս չեն ավարտվել:



 



ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հարցերին կառավարության ներկայացուցիչները խոստացան պատասխանել գրավոր: Ստացվում է, որ իրենց էներգիան, ռեսուրսն  ու տեղեկատվությունը պահեստավորել էին միայն ԲՀԿ-ի հարձակմանը դիմագրավելու համար, ինչը դժվար է հարձակում համարել: Ընդդիմություն հռչակված օրենսդիրների թիրախում այդպես էլ չեն հայտնվում իրենց ընտրող քաղաքացիների խնդիրներն ու շահը: