«Ժառանգությունը» պայքարում է Քոքոբելյանի ՀԷԿ-ի կառուցման դեմ

«Ժառանգությունը» պայքարում է Քոքոբելյանի ՀԷԿ-ի կառուցման դեմ
«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» պատերազմը ոչ միայն չի հանդարտվել, այլեւ նորից շիկանալու վտանգ է ներկայացնում:  Երեկ Ազգային ժողովում, կառավարության ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ, ոչ միայն ԲՀԿ-ն ռմբակոծեց ՀՀԿ-ին, այլեւ «Ժառանգությունը»՝ «Ազատ դեմոկրատներին»: Ի դեպ, այս խմբակցությունում նախկին դաշնակիցների հետ հարաբերություններն այնքան են սրվել, որ մի շարքում նստող ժառանգականների ու դեմոկրատների մեջտեղում նստեցրել են խմբակցության պատգամավոր, հասարակական սեկտորի ներկայացուցիչ Թեւան Պողոսյանին:



 



Ինչեւէ, երեկ  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին նախ հարց ուղղեց Տավուշի մարզի Սառնաղբյուր գետի վրա գործող «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ի  հասցված վնասի չափի եւ դրա փոխհատուցման մասին, ապա նրբորեն անցավ բուն թիրախին՝ հարցնելով, թե, ի վերջո, արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է երկրորդ ՀԷԿ-ը կառուցելու թույլտվություն տալ, որի հետեւանքով, ըստ պատգամավորի, ձկները վտանգված են, իսկ կարմրախայտն արդեն վերացել է: Հիշեցնենք, որ այս ՀԷԿ-ը կապվում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի անվան հետ: Փոստանջյանը հայտնեց նաեւ, որ «Խաչաղբյուր 2»-ի հարցով հանձնաժողովը գնացել է համայնք, եւ մտավախություն կա, որ շինաշխատանքները չեն դադարեցվի: «Ի՞նչ է լինելու դրա ճակատագիրը»,- հարց հնչեցրեց «Ժառանգության» ներկայացուցիչը:



 



Հիշեցնենք, որ դեռ 10 օր առաջ Տավուշի Գետահովիտ եւ Ենոքավան համայնքների բնակիչները բնապահպանության նախարարության առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել խնդրո առարկա ՀԷԿ-ի կառուցման առիթով: Ակտիվիստներն ու գյուղի բնակիչները պնդում էին, որ շինարարության պատճառով գյուղը ջրազրկվել է, տարածքը՝ ավերվել, եւ եթե շինարարությունը շարունակվի, վիճակն ավելի աղետալի կդառնա: Հոկտեմբերի 16-ին, երբ «Հրապարակը» փորձել էր ճշտել բնապահպանության փոխնախարարից, թե ինչ ընթացք են տվել խնդրին, փոխնախարար Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել էր, որ ձեւավորված աշխատանքային խումբը տասնօրյա ժամկետում ուսումնասիրություններ կիրականացնի, եւ առաջարկություններ կներկայացվեն նախարարություն, որի հիման վրա կլինեն նախարարության հետագա քայլերը:



 



Հակոբյանը հայտնել էր նաեւ, որ նախարարի հրամանով տեղում ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները դադարեցվել են, մինչեւ պաշտոնապես կհրապարակվի եզրակացությունը: Եվ ահա, 10-օրյա ժամկետը կարծես լրանում է, իսկ «Ժառանգությունը» չի պատրաստվում աչքաթող անել խնդիրը եւ հետաքրքրված  է ՀԷԿ-ի ճակատագրով: Ի պատասխան Փոստանջյանի հարցապնդումներին՝ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ խնդիրն ուսումնասիրվել է, «Խաչաղբյուր 1»-ը շահագործվում է: «Համայնքների հետ վնասի տեսանկյունից չի կարող շատ առնչվել, խնդիրն էկոլոգիական կարող է լինել»,- նկատեց նախարարը: Ուսումնասիրություններ, ըստ նրա, չեն կատարվել, բայց խոստացավ ուսումնասիրել եւ տեղեկացնել: Իսկ «Խաչաղբյուր 2»-ի վերաբերյալ նախարարը տեղեկացրեց. «Պարզվել է, որ տեղի են ունեցել նախագծային շեղումներ»: Հարությունյանը խոստացավ խախտումներ իրականացնողներին պատժել, փորձաքննությունը համարել չեղյալ: