Ծանր ընտրության առաջ

Ծանր  ընտրության առաջ
ՀՅԴ-ում կրկին անորոշ վիճակ է: Նախագահական ընտրություններն ավելորդ գլխացավանք են դարձել նրանց համար, որովհետեւ եւ բոյկոտի, եւ սեփական թեկնածուով մասնակցության դեպքում մեծ է քաղաքական լուսանցքում հայտնվելու հնարավորությունը: Մյուս կողմից էլ` սեփական թեկնածուի հարցն է կուսակցությունում վիճարկման առարկա: 



 



Արմեն Ռուստամյան-Վահան Հովհաննիսյան թեւը ցանկանում է, որ այդ թեկնածուն լինի Հրանտ Մարգարյանը: Հրանտ Մարգարյանն էլ հասկանում է, թե ինչու են «ոմանք» ուզում ՀՅԴ «պարտությունն» իրենով «լվանալ», ուստի նրա համար, բացի իրենից, ՀՅԴ բոլոր անդամներն ընդունելի են որպես թեկնածու: Արմեն-Վահան զույգը կողմնակից է նաեւ դաշինքով` միասնական թեկնածուով ընտրությունների մասնակցությանը: «Եթե մնա Արմենին, ապա նա նույնիսկ կհամաձայնի պաշտպանել ՀԱԿ թեկնածուին, սակայն նրան չեն թողնի գնա նրանց հետ բանակցությունների. այդ տարբերակը Հրանտենց սրտով չէ»,- ասում է ՀՅԴ մեր աղբյուրը:



 



Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյան-Արմեն Ռուստամյան բանակցություններին, ապա այն առանձնապես որոշիչ չի եղել, չնայած հանդիպմանը քննարկվել է նաեւ հարցը` եթե ԲՀԿ-ն պաշտպանի Սերժ Սարգսյանին, Օսկանյանը կգնա՞ վա-բանկ, կինքնառաջադրվի՞, դառնալով դաշինքի` ՀՅԴ - ՀԱԿ - «Ժառանգություն» - արտախորհրդարանական ուժերի համար միասնական թեկնածու: Բանն այն է, որ ՀՅԴ-ի համար անչափ էական է, թե երբ խաղի մեջ կմտնի երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը եւ կմտնի՞ արդյոք: Ի՞նչ կանի այդ ժամանակ ՀՅԴ սերժսարգսյանական թեւը: ՀՅԴ-ում կան մարդիկ, ովքեր գտնում են, թե հնարավոր է նաեւ «դվայնոյ-տրայնոյ» խաղ. հայտարարեն մի բան, «տակից» անեն բոլորովին այլ բան: