Քվորումի հարցը լուրջ է

Քվորումի հարցը լուրջ է
«Պետք է աշխատեք «կազարմեննի» սկզբունքով»,- ժամանակ առաջ հրահանգել էր Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին, մանավանդ Օսկանյանի հարցի խորհրդարանական միջնորդության քննարկման նախաշեմին, պահանջել Հովիկ Աբրահամյանից եւ մյուս պատասխանատուներից` խորհրդարանական քվորումի հարցում որեւէ «պրոմըխ» չտալ: Սակայն խորհրդարանի ղեկավարին այնքան էլ չի հաջողվում պատգամավորների մասնակցություն ապահովել:



 



Հովիկ Աբրահամյանը կամ չի կարողանում, կամ չի ցանկանում: Բանն այն է, որ այս քառօրյայում քննարկվում էին հիմնականում կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները, որոնց քննարկումն անցնում էր գրեթե դատարկ դահլիճում, քվեարկություններն էլ խիստ սահմանային էին՝ մի կերպ էին անցնում: Եվ եթե չլիներ ԲՀԿ-ի ու ընդդիմության մասնակցությունը` «ձեռնպահ» կամ «դեմ» կարգավիճակով, ապա օրինագծերը բյուջեի ընդունման նախօրյակին կտապալվեին: Որոշ գնահատականներով՝ մի կերպ օրինագծերն անցկացնելով, Հ. Աբրահամյանը մի կողմից «մազից է կախում» կառավարությանն ու նրա ղեկավարին, մյուս կողմից էլ իր կարեւորությունն է շեշտում:



 



Սա է պատճառը, որ ՀՀԿ «քվորումի» ապահովմանը սկսել է անձնական մասնակցություն ունենալ անձամբ Սերժ Սարգսյանը. նա ամեն վայրկյան «կանտրոլի» տակ է պահում այդ գործընթացը եւ, եթե հարկ է լինում, անձամբ է խոսում պատգամավորների հետ՝ տեղեկացնում է ՀՀԿ մեր աղբյուրը: