Ինքս նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու ցանկություն չունեմ

Ինքս նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու ցանկություն չունեմ
Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ հանրահավաքներից մեկի ժամանակ իշխանություններին, իր խոսքով՝ «ավազակապետությանն»  անդրադառնալով, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, խոստացավ սրբագրել իր սխալը, ակնարկելով, որ ինքն է բերել, ինքն էլ կազատի ժողովրդին նրանից: Մինչդեռ նախագահական ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, բայց նա լռում է, ավելին՝ ականատեսն ենք լինում հակառակ գործընթացին՝  հիմք ընդունելով «Ազատություն» ռադիոկայանին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի տված հարցազրույցում Քոչարյանի  վերաբերյալ հնչեցրած տեսակետը: Հիմա պատրա՞ստ է Լեւոն Տեր-Պետրոսյանը կատարելու խոստումը եւ գոնե փորձ անել ազատելու «ավազակապետերից»:



 



Մեր զրույցը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:



 



- Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խնդիրն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ ավազակապետությունից ազատվելը: Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի ոճրագործության պատասխանատուներից են եւ, կարծում եմ, այդ արարքի համար պետք է կրեն ոչ միայն քաղաքական, այլեւ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով նաեւ քրեական պատասխանատվություն: Խոսքը եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի մասին է: Ասվածն իհարկե չի նշանակում, որ միայն այս երկուսն են Մարտի 1-ի պատասխանատուն:



 



- Պարոն Փաշինյան, ուզում եմ ասել, որ Զուրաբյանի վերջին հայտնի հարցազրույցից ակնհայտ է, որ Քոչարյանի վերաբերյալ ՀԱԿ մոտեցումներում փոփոխություն է կարծես նկատվում, ըստ ամենայնի, Զուրաբյանն ուղիղ ակնարկով լեգիտիմացրեց Քոչարյանի սեփականությունը:



 



- Ինչպես ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է սահմանված կարգով ենթարկվի քրեական պատասխանատվության, նրա եւ նրա հետ փոխկապակցված անձանց գույքն օրենքով նախատեսված կարգով ենթակա է բռնագրավման: Բացի Մարտի 1-ի գործը, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը եւ մնացած բոլոր պաշտոնյաները, ովքեր միլիարդներ են կուտակել կամ մեծ հարստություն, այդ մարդիկ հանրությանը պետք է պատասխաններ տան, թե ինչ են ձեռք բերել, ինչպես եւ որտեղից:



 



- Այսինքն ձեր եւ Լեւոն Զուրաբյանի, ասել է թե Կոնգրեսի տեսակետներն այս հարցում չե՞ն համապատասխանում:



 



- Չեմ պատկերացնում, որ Կոնգրեսում որեւէ մեկն այս հարցի վերաբերյալ այլ պատկերացում ունի: Չեմ կարծում, թե Կոնգրեսում որեւէ մեկը կարող է մտածել, թե թալանվածը կարող է լինել օրինական սեփականություն…



 



- Կոնգրեսի յուրաքանչյուր ներկայացուցիչ նախագահական ընտրությունների մասին խոսելիս ընդգծում է, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որ ամենաշատ ժողովրդականություն վայելող թեկնածուն է, որ ՀԱԿ-ն այլընտրանք չունի, եւ Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի: Այսքանից հետո ի՞նչն է խանգարում, որ նման թեկնածուն հայտարարի իր առաջադրվելու մասին:



 



- Նախագահական ընտրություններին մասնակցության մասին հայտարարելու ժամկետներ եւ ձեւեր կան: Մի դեպքում ճիշտ մարտավարություն է ինչ-որ բան շուտ հայտարարելը, մի դեպքում՝ ուշ հայտարարելը, մի դեպքում՝ չհայտարարելը, այնպես որ, որեւէ խնդիր չեմ տեսնում: Այո, ՀԱԿ-ում, որպես նախագահի թեկնածու, կոնսենսուս կա Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ: Կոնգրեսը որեւէ այլ տարբերակ չի քննարկել: Կոնգրեսը չի կարող չառաջադրել Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը նախագահական առաջիկա ընտրություններում, բայց թե ինքը՝  Տեր-Պետրոսյանը, կորոշի առաջադրել, թե ոչ, այդ հարցի պատասխանն այս պահին չունեմ:



 



- Այսինքն չի բացառվում նաեւ, որ Տեր-Պետրոսյանը  չառաջադրի իր թեկնածությունը:



 



- Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է հայտարարել առաջիկա նախագահական ընտրություններում իր առաջադրվելու որոշման մասին եւ կարող է հայտարարել չառաջադրվելու որոշման մասին:



 



- Իսկ Դուք բացառո՞ւմ եք, որ Կոնգրեսը պաշտպանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուին:



 



- Այդ հարցին արդեն պատասխանել եմ, այո, ես բացառում եմ, որ Կոնգրեսը կպաշտպանի ԲՀԿ թեկնածուին:



 



- Ասացիք, որ ՀԱԿ-ում կոնսենսուս կա միայն Տեր-Պետրոսյանի թեկնածության շուրջ. եթե նա հրաժարվի, այլ թեկնածություններ, ինչպես, օրինակ, խոսվում է Ձեր կամ Լեւոն Զուրաբյանի, կդրվե՞ն քննարկման, եւ կլինի՞ կոնսենսուս, ո՞ւմ թեկնածության վերաբերյալ:



 



- Կարող եմ ասել, որ ինքս նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու ցանկություն չունեմ: Նաեւ ճիշտ եւ կոռեկտ չեմ համարում որեւէ թեկնածության քննարկում, քանի դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապված հարցում վերջնական պարզություն չի մտցվել: Որեւէ քննարկում ճիշտ չեմ համարում:



 



- Ձեր կարծիքով, բացի ցանկությունից, ի՞նչը կարող է պատճառ դառնալ, որ Տեր-Պետրոսյանը չառաջադրի իր թեկնածությունը:



 



- Ցանկացած որոշում կայացվում է բազմաթիվ գործոնների ազդեցությամբ, եւ հնարավոր չէ թվարկել կոնկրետ թվով գործոններ, որոնք կարող են ազդեցություն ունենալ: Ամեն իրավիճակում կա գործոնների որոշակի խումբ, որ ազդում են դրական կամ բացասական որոշման վրա: Այնպես որ, նման հաստատված պատճառախումբ գոյություն չունի, որ մենք կարող ենք ասել՝ այս պատճառը կարող է նպաստել, այն պատճառը՝ օգնել:



 



- Տեսակետ կա, որ միայնակ, սեփական թեկնածուով հանդես գալու դեպքում Կոնգրեսն ամբողջովին ձախողման կգնա, եւ դրա պատճառը ՀԱԿ-ի՝  վերջին տարիներին վարած քաղաքականությունն է: Ընդհանրապես, Ձեր կարծիքով, իշխանությունների հետ երկխոսությո՞ւնն ավելի շատ վնասեց Կոնգրեսի վարկանիշին, թե՞ ԲՀԿ-ի վերաբերյալ ՀԱԿ առաջնորդի հայտնի քաղաքագիտական վերլուծությունը:



 



- Ես որեւէ կարծիք, տեսակետ սվիններով չեմ ընդունում, եթե կա տեսակետ, տեսակետները կրկնվում են, այնուամենայնիվ, փորձում եմ ցանկացած տեսակետ հասկանալ, վերլուծել, գնահատել: Ցանկացած տեսակետ գոյության իրավունք ունի: Ինչ վերաբերում է երկխոսությանը կամ հայտնի քաղաքագիտական վերլուծությանը, այո, մենք ասել ենք, որ Կոնգրեսի գործունեությունն անամպ չի եղել, եւ դա փաստ է:



 



- Կարելի՞ է ասել, որ դրանք սխալ հաշվարկներ էին Տեր-Պետրոսյանի կողմից:



 



- Չեմ ուզում որեւէ գնահատական տալ տվյալ իրավիճակում, մանավանդ որ այդ թեմաներով արդեն արտահայտվել եմ:



 



- Պարոն Փաշինյան, ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, ինչպես նաեւ ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հարցին Կոնգրեսում շատերն են կողմ, Դուք կարծես թե բացառություններից եք:



 



- Պետք է հասկանալ՝ ի՞նչ է նկատի առնվում համագործակցություն ասելով: Տեսեք, երկու օր առաջ ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, խորհրդարան էր բերել «Հանրակրթության մասին» եւ «Կրթության մասին»  օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ անելու մասին նախագիծ, ՀԱԿ-ը կողմ է քվեարկել այդ նախագծին: Այսինքն՝ որոշակի մեկնաբանության պարագայում կարող են ասել, որ սա համագործակցության դեպք է: Նկատի ունեմ՝ պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունեն համագործակցություն ասելով: Նկատի ունեմ՝ համագործակցությունը շատ լայն հասկացություն է: Նկատի ունեմ՝ համագործակցության մասին ցանկացած հարց մեկնաբանելիս կխնդրեմ շատ կոնկրետ ասել, թե ինչ է նկատի առնվում: Արդեն խոսեցի համագործակցության ձեւերից մեկի մասին՝ Կոնգրեսը պաշտպանի ԲՀԿ թեկնածուին, բացառում եմ այդ տարբերակը:



 



- ԲՀԿ-ականներից շատերն էլ ՀԱԿ թեկնածուին սատարելու հարցն են բացառում: Հետեւաբար չարժե՞, որ ՀԱԿ-ն արդեն հստակեցնի իր անելիքները եւ հայտարարի՝ կամ առաջադրում է թեկնածու, կամ՝ ոչ:



 



- Արժե, եւ համոզված եմ՝ Կոնգրեսն իր անելիքները կհստակեցնի շատ շուտով:



 



- Դուք կոնկրետ չասացիք, բայց Ձեր խոսքից տպավորություն ստացա, թե Տեր-Պետրոսյանն այնուամենայնիվ չի պատրաստվում առաջադրվել, ինչը, կարծում եմ, վատ կլինի:



 



- Հույս ունեմ, որ Ձեր այդ կարծիքը տեղ կգտնի Ձեր հարցազրույցում, ու նաեւ Տեր-Պետրոսյանը կկարդա Ձեր կարծիքը՝ որպես քաղաքացի եւ լրագրող, եւ այդ կարծիքը դրական առումով կազդի Տեր-Պետրոսյանի որոշման վրա: Իսկ իմ ասածը չէր կարող հիմք տալ Ձեր ասած տպավորության:



 



- Ամեն դեպքում փաստ է նաեւ, որ 2008-ին մենք ուրիշ ընդդիմություն ունեինք, փաստ է նաեւ, որ  նախաձեռնողականությունը ՀԱԿ-ն այսօր զիջել է ԲՀԿ-ին:



 



- Այո, 2008թ.-ին մենք ուրիշ ընդդիմություն ունեինք, 2013-ին՝ ուրիշ, 2019-ին մենք ուրիշ ընդդիմություն ենք  ունենալու, 2003-ին ուրիշ ընդդիմություն ունեինք, այո, մենք միշտ ունենում ենք ուրիշ ընդդիմություն:



 



- Իսկ ՀԱԿ-ում ընդունո՞ւմ են, որ 2013-ի նախագահական ընտրություններում ՀԱԿ-ն այլեւս լուրջ գործոն չէ:



 



- Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը եղել է, կա եւ կշարունակի մնալ որպես լուրջ գործոն քաղաքական պրոցեսներում:



 



- Ուզում եք ասել, որ դեռ հնարավո՞ր է իրավիճակ շտկել, փրկել Կոնգրեսը:



 



- Ցանկացած իրավիճակ պետք է ընկալել այնպես, ինչպիսին ինքը կա. նկատի ունեմ, որ փրկելու եւ այլնի մասին խոսակցությունները տեղին չեն: Կա քաղաքական իրավիճակ, եւ այդ իրավիճակը կզարգանա եւ կհանգի իր տրամաբանական հանգուցալուծմանը:



 



- Նախագահական ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո:



 



- Եվ առաջ, եւ հետո: