Կառավարությունը ձգձգում է հաշմանդամ երեխաների ազատ տեղաշարժման խնդրի լուծումը

Կառավարությունը ձգձգում է հաշմանդամ երեխաների ազատ տեղաշարժման խնդրի լուծումը
Առ այսօր Հայաստանում հաշմանդամ երեխային տեղափոխելիս մեքենան անհամապատասխան վայրում կանգնեցնելու համար ոստիկանը տուգանում է հաշմանդամ երեխայի ծնողին։ Այս խնդրի վերաբերյալ ամիսներ առաջ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես էր եկել հայտարարությամբ եւ հաշվի առնելով խնդրի հրատապությունը` առաջարկել էր ՀՀ վարչապետին լրացումներ կատարել Կառավարության որոշման համապատասխան կետերում, եւ համապատասխան արտոնություններ տրամադրել նաեւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաների ծնողներին կամ խնամակալներին:



Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ, ընդունելով Պաշտպանի առաջարկը,  վարչապետը որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու հանձնարարական էր տվել։ Այդ հանձնարարականին համապատասխան ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը սեղմ ժամկետներում պատրաստել է ՀՀ կառավարության որոշման մեջ լրացում կատարելու նախագիծ, համաձայն որի` Կառավարության որոշմամբ հաստատված 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամների համար սահմանված արտոնությունները կտարածվեն նաեւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաների ծնողների կամ խնամակալների վրա։ Սակայն մինչ օրս նշված որոշման նախագիծը ՀՀ կառավարության ձգձգման պատճառով չի ներկայացվել ՀՀ Կառավարության նիստերի օրակարգ: Արդյունքում առ այսօր հաշմանդամ երեխային տեղափոխելիս մեքենան անհամապատասխան վայրում կանգնեցնելու համար ոստիկանը տուգանում է հաշմանդամ երեխայի ծնողին:



ՄԻՊ-ն ակնկալում է, որ ՀՀ կառավարության աշխատակազմը, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, հնարավորինս շուտ կներառի այս առաջարկը Կառավարության նիստերի օրակարգ եւ Կառավարությունը կընդունի այս նախագիծը՝ լուծելով բազմաթիվ հաշմանդամ երեխաների ազատ եւ մատչելի տեղաշարժման խնդիրը: