«Հացի խնդիրը»՝ Համազգային թատրոնի բեմում

«Հացի խնդիրը»՝ Համազգային թատրոնի բեմում
Երեկ Համազգային թատրոնում Սոս Սարգսյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» վեպի բեմականացման պրեմիերան: Ներկայացումը 3 գործողությամբ էր, բեմադրվող տարբերակի հեղինակն է ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը, բեմականացման հեղինակ՝ Ռուբեն Հովսեփյան, կոմպոզիտոր՝ Մարտին Վարդազարյան, բեմադրող նկարիչ՝ Դավիթ Մինասյան:



 



Բեմում հանդես էին գալիս 17 դերակատար, իսկ ընդհանուր առմամբ ներկայացման մեջ ընդգրկված էին 45 մասնակից՝ մասսայական տեսարանների դերակատարներ, երեխաներ, երաժիշտներ: Ներկայացման հովանավորն է «Գրանդ քենդի» ընկերությունը, որը հատկացրել է 18 մլն դրամ, իսկ ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը երեկ անձամբ էր ներկա պրեմիերային:



 



«Մենք փորձել ենք ցույց տալ հայ մարդու տեսակն՝ իր լավ ու վատով, անցյալի ու ներկայի սխալներով ու խնդիրներով եւ վերջում փորձել ենք ընդհանրացնել դրանք: Հուսով ենք, որ մեր երեխաները չեն կրկնելու այդ սխալները, չեն ապրելու միկիտանների նման, այլ ձգտելու են արժանապատիվ ու զոհված խեչանները: Գաղափարը դա է եւ միտված է մեր ապագային»,- ասում է թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:



 



Ներկայացումը ոչ միայն շոշափած սոցիալական թեմայի առումով էր արդիական, նաեւ քաղաքական իմաստով՝ ռուսական ուժի ճնշումը եւ մեր քաղաքական վերնախավի կախվածությունը դրանից: Իսկ ներկայացումն իսկապես հաջողված էր եւ բեմական վարպետությամբ, եւ դերասանական բարձր խաղով՝ սկզբից մինչեւ վերջ հաճելի լարվածության մեջ պահելով հանդիսատեսին: Նաեւ կարեւոր է նշել հետաքրքիր լուծումներից մեկը, որ երբեմն-երբեմն հանդիսատեսը մասնակից էր դառնում ներկայացմանը՝ բեմն ընդարձակվելով, ընդգրկում էր նաեւ դահլիճը: Այս հնարքը մեր թատրոններում շատ հազվադեպ է կիրառվում: Բեմականացումը նվիրված է Համազգային թատրոնի ստեղծման 20 եւ Պերճ Պռոշյանի ծննդյան 175-ամյակներին: Նոյեմբերի 23-ն էլ պատահական չէր ընտրված՝ գրողի հիշատակի օրն է:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ