Ստեփան Սաֆարյանը դիմում է ՍԴ

Ստեփան Սաֆարյանը դիմում է ՍԴ
Դեկտեմբերի 2-ի ընտրությունները Շիրակում եւ Ավանում կարելի է առաջիկա նախագահականի փոքր մոդելը համարել: Դրանք ցույց տվեցին, որ ՀՀ նոր նախագահին ընտրելիս գերակշռող տրամադրությունը համաժողովրդական ապատիան է լինելու: Մեկ թեկնածուից երեւանցին ակնկալում է 10 հազար դրամի եկամուտ, իսկ ձայն բերողները՝  յուրաքանչյուր շենքի համար 40 հազար դրամ:



 



Թիվ 1 եւ 35 ընտրատարածքների ընտրությունները մի նոր իրողություն էլ ի հայտ բերեցին. ոչ միայն մարդիկ են անտարբեր, այլեւ առաջադրված ընդդիմադիր թեկնածուները: Գյումրիում Արման Սահակյանի դեմ կանգնած կոնգրեսական Մուրադ Գրիգորյանը նախընտրական շրջանում հայտարարում էր, որ գնալու է մինչեւ վերջ: Այսօր, 3 հազարից քիչ ավելի ձայներ ստանալով, ինչը մոտ 10 հազարով պակաս էր «Սովրանոյի» Արմանի «ավարից», ընդամենը համեստորեն շնորհավորեց այն 3 հազար 237 ընտրողներին, որոնք վստահել էին իրեն:



 



Սա այն «քաղաքացիական» կորիզն է, որը դիմակայել էր ճնշումներին, ծախվելու գայթակղությանը, «բա քեզ պետք ա՞» ասողների պատ-հուսահատությանը, ստրկանալու քաղցրությանը, եւ հանուն այս մարդկանց կարելի էր գոնե ձեւի համար բողոքարկել ընտրությունների արդյունքը: Թիվ 35 ընտրատարածքում նույնիսկ երկու քվեատուփ բացելը կարող էր խախտումներ բացահայտել, քանի որ, ըստ ականատեսների, չկար գյուղ, որտեղ գոնե 200 քվե «լցոնած» չլինեին: Մուրադ Գրիգորյանի հետ կապվելու մեր փորձերը երեկ ձախողվեցին: Լսելով մեր հարցը, թե ինչու չի ուզում բողոքարկել ընտրությունների արդյունքը, նա անջատեց հեռախոսն ու անհասանելի դարձավ: Հասարակ մարդիկ արդեն գտել են չբողոքելու բացատրությունը. «Մուրադին էլ, իրա վստահված անձանց էլ առել են»,- ասում են նրանք:



 



Ավանում Տարոն Մարգարյանի աներձագի դեմ առաջադրված ժառանգական Սստեփան Սաֆարյանը, ի տարբերություն Մուրադ Գրիգորյանի, որոշել է գնալ մինչեւ վերջ: «Բերեցին, պլակատը կախեցին, եւ այդ պլակատն ընտրվեց»,- այսպես էր նա բնորոշել Ավանի «չընտրությունը»: Ստեփան Սաֆարյանը վստահեցնում է, որ Ավանում տոտալ հոգեբանական ճնշում է գործադրվել ընտրողների վրա: Նա օրերս հայցով կդիմի ՍԴ: «Հայցի հիմքում լայնամասշտաբ խախտումներն են, որոնք չէին կարող էական ազդեցություն չունենալ ընտրությունների արդյունքի վրա: Դա քարոզչության սկզբունքների խախտումն էր, իմ իրավունքները դատական կարգով պաշտպանելու անհնարինությունն  է եղել, քանի որ ես ուզում էի այդ օրը հենց դիմել ՍԴ, բայց դատարանը փակ էր, նաեւ այն, որ ինձ համար՝ որպես թեկնածուի, ընտրության եւ նախընտրական ընթացքն անվերահսկելի էին: Պետությունը պարտավոր է ապահովել իմ եւ իմ հակառակորդի հավասարությունը ընտրություններում, բայց զբաղված էր մի թեկնածուի հանցանքները կոծկելով»:



 



Ստեփան Սաֆարյանը նաեւ «բերովի ընտրության» կադրեր է ներկայացրել դատարան, ինչպես եւ ոստիկանության մի աշխատակցի զանգի ձայնագրություն, որից ակնհայտ երեւում է, թե ինչպես է պաշտոնյան քաղաքացուց պահանջում ձայն տալ թեկնածուին՝ չթաքցնելով, որ ինքն էլ նրան չի ճանաչում: «Տիգրան Մուկուչյանը, ամոթը մի կողմ դրած, հայտարարում է, որ ընտրական գործընթացը վերահսկելի է հասարակության համար: Սերժ Սարգսյանը սկի իրեն չի թողնում, որ վերահսկի ընտրությունը, հասարակությունը որտեղի՞ց վերահսկի»: Ստեփան Սաֆարյանի հայցում ապացույցներ են բերվում առ այն, որ դեկտեմբերի 2-ին Երեւանի քաղաքապետի կողմից առնվազն 54 տաքսիներ էին հանվել ու ծառայեցվել մարդկանց անվճար տանել-բերելուն: Նա ՍԴ-ի հետ հույսեր չի կապում, բայց վստահ է, որ Եվրադատարանում հաջողության է հասնելու: «Սա լինելու է Ստեփան Սաֆարյանի ներդրումն առաջիկա նախագահական ընտրություններում»,- ասում է «Ժառանգության» ներկայացուցիչը: