Ես գիտեմ, որ հաստատ ընդդիմություն եմ

Ես գիտեմ, որ հաստատ ընդդիմություն եմ
Երեկ Գյումրիում ասուլիս տալով՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց լրագրողների այն հարցին, թե ինչու ընդդիմությունը միասնականություն չցուցաբերեց այս ընտրություններում:



 



«Ես չեմ կարող ասել, ընդդիմություն երեւի կա, ես գիտեմ, որ հաստատ ընդդիմություն եմ: Լավ երկրներում նախագահական ընտրություններից առաջ անում են ընդդիմության ընտրություն: Բայց ընդդիմությունն անտարբեր է. ոչ մի նմանություն չկա Բագրատյանի ասած գաղափարախոսության մեջ եւ, ասենք, ազգայնական թեզերի: Ինձ համար տարբերություն կա հայրենասիրության եւ ազգայնականության միջեւ: Մի այդպիսի փորձ եղավ միավորված ընդդիմություն ձեւավորելու, հանձինս ՀԱԿ-ի: Այնտեղ կային սոցիալիստներ, ազատականներ»:



 



Մեր այն հարցին, թե ինչպես անել, որ ոստիկանությունը չդառնա իշխանությունների կամակատարը, Հ. Բագրատյանը պատասխանեց. «Մեր ծրագրում այդպիսի կետ էլ կա, որ ոստիկանությունը դարձնել հասարակական կարգի պահպանման մարմին, հիմնական ֆունկցիաներով հանձնել մարզերին:  Եվ, ի դեպ, նախագահն է նշանակում ոստիկանապետին, նա կապ չունի երկրի ազգային անվտանգության հետ: Որոշ բարեփոխումներ ոստիկանությունում` ավտոմատ արագաչափերի տեղադրումն օրինակ, ողջունելի է: Եթե մի բան լավ է, ավելի լավ է դա, քան թե գային, կաշառք վերցնեին: Երեւանում արդեն ամրագոտիներ են կապում, ես ամրագոտի չեմ կապում, տուգանում են, կանգնեցնում, բայց ես չեմ կապում ամրագոտի,  քանի որ արագ չեմ քշում»:



 



Պարոն Բագրատյանին հարցրինք, թե ինչու որեւէ սեփական օբյեկտ չունի: «Ես օբյեկտ չունեմ, էդ վատ է, որ չունեմ, քանի որ միշտ փողը հերիքել է, աշխատել եմ: Ես զեկուցեցի հրապարակավ, որ աշխատել եմ 2 մլն 700 հազար դոլար փող, հիմա որ դժբախտաբար դարձա պատգամավոր, պակասեց փողս, դրսում մեծ պաշտոն ունեի, շատ ժամեր էի վերցնում, բայց տարեկան 50-100 հազար դոլար կարողանում եմ աշխատել: Կարող էի բիզնես ունենալ, կոնյակում ես փայատեր չեմ եղել: Կոնյակի գործարանը գնել էին Ռոբերտ Քոչարյանից, մի տարի հետո վիճակը վատացել էր, հրավիրեցին ինձ, ես չէի գնա, Վաշինգտոնում` Արժույթի միջազգային հիմնադրամում, աշխատում էի: Պարզապես նրանք ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցին: Բացի այդ, վարչապետ լինելուց հետո ես շատ ծանր վիրահատություններ տարա, եւ էն ժամանակ շատ դեպրեսիվ վիճակ էր ինձ մոտ, բոլորը քննադատում էին` մազութ եւ այլն, բայց էն ժամանակ ես որոշեցի գալ Երեւան եւ գոհ եմ, որ կոնյակի գործարանում աշխատել եմ եւ արտադրության ծավալները 800 հազար լիտրից 5 մլն լիտրի հասցրեցի, եւ շահեց ամբողջ հայկական կոնյակագործությունը»,- պատասխանեց Բագրատյանը:



 



Անահիտ ՍԻՄՈՆՅԱՆ