«Խիարային» քարոզարշավն ու արտագաղթը

«Խիարային» քարոզարշավն ու արտագաղթը
Նախագահական այս քարոզչության ընթացքում երեկ ուշագրավ դեպք տեղի ունեցավ. երկրի նախագահը, հետ չընկնելով կովերի գծով մեծագույն «կոնսուլտանտ» Տիգրան Սարգսյանից, անձամբ այցելեց ռմբակոծության տակ գտնվող սահմանամերձ Մովսես գյուղ ու գյուղացիներին  բացատրեց, թե ինչու է բանջարաբոստանային բույսերից «խիարը» թարս աճում:



«Այ, տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրիկ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա»,-Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում իրեն մոտեցող  ծերունուն այսպես է պատասխանել ՀՀ գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, ով, ի դեպ, գյուղ է գնացել ոչ թե հիմնական, սահմանին մոտ գտնվող վտանգավոր ճանապարհով, այլ, ինչպես գյուղացիներն են ասում՝ գյուղի «վերեւի» նորակառույցով:



 



ՀՀ նախագահը գյուղի եկեղեցու բակում ծերունուց հետաքրքրվել է. «Հայրիկ ջան, ի՞նչ խնդիրներ ունեք»,  «հայրիկն» էլ անմեղորեն  ներկայացրել է իր հոգսաշատ առօրյան, կյանքը եւ դժգոհել, որ որդիներն արտագաղթել են, ու ասել է, որ լավ կլիներ Մովսեսում «զավոդ» կառուցեին: Այստեղ արդեն ՀՀ նախագահը զայրացել ու դիմել է «խիարի» այլաբանությանը, ապա հորդորել է հող մշակել՝ զարմանալով, թե ինչ «զավոդի» մասին խոսք կարող է լինել գյուղում: «Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր գնային»,- պատասխանել է Սերժ Սարգսյանը: «Եթե զավոդ լիներ, աշխատեին՝ չէին գնա»,- հակադարձել է Մովսես գյուղի բնակիչը: «Գյուղում զավոդ լինե՞ր»,- շանթահարվել է նախագահի թեկնածուն եւ տարեց մարդու «հա» պատասխանից հետո հիմնավոր կերպով բացատրել, թե ինչու է իրենց «խիարը» թարս աճում: «Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի` ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան, ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում՝ հող մշակեր, անասուն պահեր»:



 



Հիմա մեր հերթն է զարմանալու, թե ինչպես է երկրի նախագահը ժխտում գյուղում «զավոդ» լինելու հանգամանքը՝ չէ՞ որ ամբողջ աշխարհում գյուղատնտեսությանը կից գործում են գյուղմթերքի վերամշակման գործարաններ: Հենց ինքը՝ Սերժ Սարգսյանն է դեպի «Ապահով Հայաստան» իր տեսլականում պուպուշ խոստումներ տալիս, թե՝ «Մշտական ուշադրության կենտրոնում են գտնվելու ագրովերամշակման ոլորտի զարգացման եւ թարմ ու վերամշակված գյուղատնտեսական արտադրանքի արտահանման գործընթացները»: Գուցե նախագահի զարմանքի շարժառիթն ա՞յլ է՝ ինչպե՞ս «զավոդ» կառուցել մի գյուղում, որտեղ գյուղացին հող չի մշակում կամ մշակում է գյուղի փոքր զանգվածը՝ այն էլ այն հատվածում, որը փոքր-ինչ հեռու է սահմանից եւ թշնամու ամենօրյա ռմբակոծություններից: Ադրբեջանի սահմանից ընդամենը 300 մետր հեռավորության վրա ապրող Տավուշի մարզի Մովսես գյուղում, որտեղ մինչ օրս էլ տեսանելի են ղարաբաղյան պատերազմի հետքերը, տներից մեծ մասի պատերին՝ գնդակների տեղերը, բնակիչներին հորդորել հողից եկամուտ ստանալ, առնվազն «սիրուն չի»:



 



ՀԳ - Երեկ Մովսեսի գյուղապետը չցանկացավ զրուցել մեզ հետ, ասելով, թե նախագահի այցի հետ կապված՝ «շատ խառն» է, եւ որ Սերժ Սարգսյանին ինքն էլ է ուղեկցում մարզի գյուղերում: Բայց, ի զարմանս մեզ, նա վստահեցրեց, թե ներկա չի եղել միջադեպին: Հարցրինք. Մովսեսում գյուղացին կարողանո՞ւմ է բնականոն կերպով գյուղաշխատանքներով զբաղվել: «Դե իհարկե զբաղվում է, բայց ոչ բնականոն»,- պատասխանեց գյուղապետը. «Դե որ կրակում են, ինչպե՞ս պետք է զբաղվի, բայց այնպես էլ չի, որ ամբողջ օրը կրակում են… Կրակոցների ժամանակ դադարեցնում են, իսկ հետո նորից գործի անցնում»: