Ռաբիս ու կասկածելի

Ռաբիս ու կասկածելի
Ամիսներ շարունակ իշխող քաղաքական ուժը հանրությանը ներշնչում էր, թե իրենց թեկնածուն «հաղթել է» դեռ ընտրություններից շատ առաջ: Իսկ Գագիկ Ծառուկյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ պայքարին չմասնակցելու հայտարարություններից հետո այլեւս խոսում էին ՀՀ նախագահին դրածո մրցակիցներ առաջադրելու, նրա քվեների քանակն արհեստականորեն իջեցնելու, աննախադեպ մաքուր ընտրություններ անցկացնելու պատմական շանսի մասին՝ «քանի որ կեղծիքներ անելու անհրաժեշտություն այլեւս չկա»:



 



Եթե իսկապես այդպես է, եւ այսօր Հայաստանում կատարվող իրադարձությունները չի կարելի բացատրել պարտվելու վախով, ապա ստիպված ենք արձանագրել, որ



 



1. Իներցիան հզոր ուժ է, եւ կեղծիքների-խախտումների-վարչական ռեսուրսի կիրառման սովորույթը մոտ ապագայում չի վերանալու,



 



2. Ռաբիսությունն ու տարբեր կասկածելի մեթոդների դիմելը հայերիս գենետիկ հատկությունն է:



 



Ասենք, ինչպե՞ս կարելի է բացատրել Հայաստան ժամանող այս էմիսարների (հիմնականում Ռուսաստանից) առատությունը՝ էլ լրագրողներ ու դերասաններ, էլ նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, անգամ հերթը հասավ ծովակալներին ու գեներալներին, որոնց օրեր շարունակ ցուցադրում են հայկական հեռուստատեսություններով՝ որպես երկրի հզորության եւ կայացածության խորհրդանիշ: Իսկ ինչպե՞ս բացատրել Սերժ Սարգսյանի հանդիպումներին մարդկանց պարտադրանքով բերելը, այդ հանդիպումները նախապես բեմադրելը:



Իսկ անձնագրերի տվյալները հավաքե՞լը, տարբեր ռեպորտաժ-հաղորդում-հարցազրույցների հեռարձակո՞ւմը՝ տապոռային գովեստների սկզբունքով: Անգամ Ֆրանսիայի նախագահի՝ ապրիլի 24-ին Հայաստան կատարելիք այցի մասին տեղեկությունը, վստահ եմ, բացառապես քարոզչական նպատակներով են տարածում, չնայած հարեւան երկրներում Ֆրանսիայի դեսպանները համառորեն հերքում են: