Ցավում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվել է VIP վրանի տակ

Ցավում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվել է VIP վրանի տակ
Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ



 



 



-Պարոն Հակոբյան, հետընտրական իրավիճակի հանգուցալուծումն ինչպե՞ս եք պատկերացնում:



 



- Ես, ճիշտն ասած, չեմ հասկանում Ձեր հարցադրումը, որովհետեւ կարծում եմ՝ որպես լրագրողի, Դուք գոնե  իրավիճակը պետք է փաստով տեսնեք, թե ինչպես է: Եթե Դուք հայաստանյան իրավիճակի մասին եք հարցնում նման հարցադրումով, դրան, իհարկե, ես չեմ պատասխանի:



 



- Իսկ Դուք հայաստանյան իրավիճակին ծանոթ չե՞ք, չկա՞ն պրոցեսներ, հացադուլ անող նախագահի նախկին թեկնածու եւ ամենակարեւորը՝  փողոց դուրս եկող դժգոհ զանգված:



 



- Իհարկե, բոլորը իշխանությանը ձայն չեն տվել, բայց դա բնական է, ցանկացած իշխանությունից բոլորը գոհ չեն, եւ ընտրությունը նրա համար է, որպեսզի որոշեն, թե ովքեր են դժգոհ, ովքեր՝ գոհ, որպեսզի իշխանությունը կամ շարունակի, կամ էլ չլինի: Եվ մեր ընտրությունները ճանաչվել են, ավարտվել են իրավական բոլոր փուլերը, քաղաքական բոլոր փուլերն անցել ենք, աշխարհի գերտերությունները ճանաչել են, աշխարհի խոշոր կուսակցությունների լիդերները ճանաչել են, իրավական բողոքարկումն ավարտվել է ՍԴ որոշումով, եւ Դուք դեռ հա՞րց եք տալիս նման:



 



- Պարոն Հակոբյան, մենք Աֆրիկայում չենք ապրում եւ Ձեր թվարկած բոլոր գործընթացներին ծանոթ ենք, դրանք մեր աչքի առաջ են եղել, այդուամենայնիվ, լավ իմանալով, թե ինչպիսի ընտրություններ են եղել, ինչո՞ւ է ՍԴ-ն աչք փակել դրանց վրա…. (հարցն անավարտ է մնում):



 



- Կա հայկական կարծրատիպ, հայկական կարծրատիպը հետեւյալն է. բոլորը կհամակերպվեն, հայերը՝ ոչ: Մենք էդպես եղել ենք դեռեւս քրիստոնեություն ընդունելուց առաջ, երբ որ չտեսնելով՝ արդեն ընդունել ենք քրիստոնեությունը: Դրա համար հիմա մեր Գրիգորյան, առաքելական մեր հավատքի մեջը մենք էլի մենակ ենք: Դրա համար է, որ աշխարհում բացի հայից չկա մի ժողովուրդ, որը որ կրում է մեր կրոնը, դա մեր հայկական բնավորությունն է: Ես էլ եմ կրկնում՝ ընտրություններից հետո անցել է բավական ժամանակ, ընտրությունների մասին կարծիք հայտնելու քաղաքական, իրավական, բոլոր հարթություններն ավարտված են, Դուք դեռ կարծի՞ք եք հարցնում:



 



- Շատ լավ, ընդունենք, որ ամեն ինչ այդքան նորմալ է՝ Ձեր ներկայացրածի պես, իսկ Ձեր կարծիքով, ի՞նչ երկխոսության պատրաստակամության մասին են հայտարարում Ձեր կուսակիցները, ինչո՞ւ էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անցած շաբաթ այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ առանձնազրույց ունեցել «ՎԻՊ վրանի» տակ….



 



- Ես «ՎԻՊ վրան» հասկացողությունը չեմ հասկանում, բայց Հովիկ Աբրահամյանը ոչ թե ԱԺ նախագահ է, այլ քաղաքացի է, մարդ է եւ իր զորակցությունը կարող է հայտնել, իր խոսքն ասել Րաֆֆի Հովհաննիսյանին: Շատ մարդիկ են այցելում, ի՞նչ կա ըտեղ: Ես կարծում եմ՝ շատ մարդիկ պիտի զորակցեն Րաֆֆի Հովհաննիսյանին, որ ինքը դուրս գա այն իրավիճակից, որ ինքն է ստեղծել. հացադուլ հայտարարեց անժամկետ եւ պահանջներ ներկայացրեց եւ այլն, եւ այլն…



 



- ԱԺ նախագահը եւս այդ հանդիպումից հետո ասաց, որ կողմ են խնդիրները սեղանի շուրջ քննարկելու եւ ողջամիտ լուծումներ գտնելու, բայց դրանց շարքից հանեց ԱԺ եւ նախագահական նոր ընտրությունները: Այսինքն, այնուամենայնիվ, Ձեր թիմակիցներն էլ են ընդունում, որ կա խնդիր, եւ պետք է լուծումներ գտնել: Ո՞րն է այդ լուծումը:



 



- Քանի որ Աբրահամյան Հովիկն է գնացել Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ, ուրեմն էդ հարցը պետք է տալ Աբրահամյան Հովիկին: …Իսկ իմ կարծիքով, իրոք, Րաֆֆի Հովհաննիսյանը չունի սկզբունքով շարժվելու ռեալ ճանապարհ: Մի կողմից ժողովուրդը նրան կմեղադրի, որ ինքը չշարունակի, մյուս կողմից Րաֆֆի Հովհաննիսյանն անելիքներ չունի, քայլ չունի առաջ գնալու համար: Միակ ճանապարհը նա կարող է ասել՝ ժողովուրդ, բերեք համատեղ շնորհավորենք գործող նախագահին, միանանք իրան՝ վաղվա մեր խնդիրները լուծելու: Սա իմ միակ ճանապարհն է ողջամիտ: Որովհետեւ չի կարող ցանկացած գործող իշխանություն հաշվի չառնել այն մարդու կարծիքը, որը ներկայացնում է ազգաբնակչության 36 տոկոսը: Դրա համար պետք է ճանապարհը գտնել իշխանության հետ բանակցելու՝ լուծելու այն խնդիրները, որոնք պահանջում է հասարակության 36 տոկոսը:



 



- Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը Ձեր նշած տարբերակով կոմպրոմիսի չի գնում, փաստորեն ստացվում է, որ նա մտադիր է իսկապես ի կատար ածել «միայն իր դիակի վրայով» հայտնի արտահայտությունը:



 



- Էդ հարցերը տվեք Րաֆֆի Հովհաննիսյանին, ես չեմ կարող ասել, թե ինքն ինչ կանի: Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջներից մեկն ԱԺ-ն լուծարելն է, հիմա ես ձեզ տալիս եմ ՀՀ սահմանադրությունը եւ խնդրում եմ կարդացեք, թե երբ են լուծարում: …Իհարկե, հիմքեր չկան, դե չի կարելի նման պահանջով առաջ գալ, մեր հասարակությունը շատ գրագետ է եւ հասկանում է, որ նման պարագայում ԱԺ-ն լուծարելն անօրինական գործողություն է, հակասահմանադրական: Հիմա որ հարցնեք, թե երկու տարի հետո որ գիսաստղը կխփի Երկիր մոլորակին, ես էդ հարցին հաստատ չեմ պատասխանի, սա նույնատիպ պահանջ է եւ նույնատիպ պատասխան ունի: Ես Րաֆֆի Հովհաննիսյանին շատ եմ հարգում, նա անկախ Հայաստանի առաջին պետական պաշտոնյան էր եւ առաջին արտգործնախարարը, որը Թուրքիայում հայտնեց Հայոց ցեղասպանության իր կարծիքը, դրա համար շատ եմ հարգում եւ ցավում եմ, որ ինքը ստեղծված իրավիճակում հայտնվել է նման դիրքում, Ձեր ասած՝ ՎԻՊ վրանի տակ: Կարծում եմ՝ ինքը պետք է գտնի ռեալ ճանապարհը դուրս գալու:



 



- Պարոն Հակոբյան, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ պայքարելու է փողոցում, քանի որ իր առջեւ փակեցիք իրավական բոլոր ճանապարհները, նախ ընտրությունները, ըստ Հովհաննիսյանի, կեղծեցիք, հետո էլ ՍԴ-ն դա վավերացրեց, ու հիմա այլ ճանապարհ չկա:



 



- Այսինքն, աշխարհի գերտերությունների կողմից քաղաքական անցած ճանապարհը Հայաստանի ընդունվեց, եւ մենք փակեցի՞նք  այդ ճանապարհը Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ: Ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն ձայն տված 36 տոկոս հանրության երաշխավորը պետք է լինի, եւ նրա համար չեն տվել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ դառնա, այլ տվել են, որ կարողանա իրենց հետաքրքրող հարցերին լուծում գտնի: Նա կարող է չդառնալ նախագահ, այլ իշխանությունների հետ բանակցել, լուծում գտնել եւ գտնել այն հարցերի պատասխանը, որոնք իրեն այդ զանգվածն է տվել, նա դա պարտավոր է անել: