ՔՀԻ-ն պատասխանում է ոստիկանապետին

ՔՀԻ-ն պատասխանում է ոստիկանապետին
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը պատասխան նամակ է ուղարկել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին այն բանից հետո, երբ ծանոթացել է մարտի 14-ին ՀՀ ոստիկանության կողմից հրապարակած տեսանյութին: Նամակում ասված է.«Վերոհիշյալ տեսանյութում ոստիկանությունը քննադատորեն անդրադարձել է ՀՀ-ում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների ուսումնասիրությանը, որը պատրաստվել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Ուսումնասիրությունը հանրության է ներկայացվել ս.թ. մարտի 13-ին։ Այն բացահայտել է նախաքննության և դատաքննության փուլերում, ինչպես նաև՝ ազատազրկված անչափահասների իրավունքների ոտնահարման դեպքեր։



Որպես հետազոտության համահեղինակ, ինստիտուտն իր նամակում ողջունում է ՀՀ ոստիկանության համագործակցության կոչը և պատրաստակամություն է հայտնում շարունակելու համատեղ աշխատանքը՝ կառուցվածքային փոփոխություններ բերելու նպատակով։

Միևնույն ժամանակ, ՔՀԻ-ն շեշտել է, որ խոշտանգումները, որպես երևույթ, գոյություն ունեն Հայաստանում և դա վերաբերում է թե՛ անչափահասներին, թե՛ չափահասներին, որոնք առնչվել են ոստիկանության հետ։ Հիմնականում խոշտանգումների զոհերը մինչև մեղադրանքի առաջադրումը չեն բարձրաձայնում իրենց նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի մասին՝ վախենալով, որ իրենց վիճակը կարող են վատթարացնել: Բազմաթիվ հայտարարություններ լինում են դատական փուլում, որոնք արվում են տուժողների կողմից: Սակայն դատական մոնիտորինգը ցույց է տալիս, որ այդ հայտարարությունների հետ կապված օրենքով սահմանված կարգով գործին ընթացք չի տրվում:

Ի պատասխան ոստիկանության խնդրանքին ներկայացնել կոնկրետ փաստեր, ՔՀԻ-ն նշել է, որ այս ուսումնասիրությունն իրականացվել է անանուն հարցազրույցների հիման վրա, որոնք անցկացվել են թվով 86 անչափահասների, այդ թվում կալանավորվածների, դատապարտյալների և ոլորտի մասնագետների հետ (դատավոր, փաստաբան, քննիչ, դատախազ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի, Հանրապետական N1 հատուկ կրթահամալիրի, տարբեր հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ)։ Հարցազրույցների անցկացումը նպատակ է ունեցել բացահայտել երևույթը:



Եվ չնայած այս ուսումնասիրության մեթոդաբանությունը թույլ չի տալիս բացահայտել տեղեկատվական աղբյուրները, այնուամենայնիվ, ՔՀԻ-ի մեկ այլ ուսունասիրության՝ Անչափահասների գործերի դատավարությունների դիտարկման ընթացքում վերհանել է մի շարք խնդիրներ։ ՔՀԻ-ն ՀՀ ոստիկանության ուշադրությանն է ներկայացրել երկու դեպք, երբ անչափահաս անձինք դատարանում բարձրաձայնում են իրավապահ մարմինների կողմից վատ վերաբերմունքի, մասնավորապես՝ ծեծի մասին։ Արված հայտարարությունների վերաբերյալ պատշաճ քննություն չի իրականացվել: Նամակին կից ոստիկանությանը ուղարկվել է այդ երկու գործերի տվյալները և ձայնագրությունը։

Ուսումնասիրության մեջ տեղ են գտել մի շարք առաջարկություններ, որոնք ՔՀԻ-ն առաջարկել է քննարկել ՀՀ ոստիկանության համապատասխան մասնագետների հետ։



Ի դեպ, ուսումնասիրության բյուջեն ոստիկանության հայտարարության մեջ չափազանցված է գրեթե 200 անգամ»: