«Համահայկական գիտական խորհուրդ» ՀԿ նախագահության կոչը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին

«Համահայկական գիտական խորհուրդ» ՀԿ նախագահության կոչը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին
Այսօր ՀՀ հասարակության մի մասի ոչ համարժեք վերաբերմունքը գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ թելադրված է հանրապետությունում գործող արատավոր իշխանական համակարգի հանդեպ հասարակության խիստ դժգոհությամբ, որի ճարտարապետն է հանդիսացել «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից ձեւավորված ՀՀՇ-ական իշխանությունը:



 



Համակարգ, որն   օտարված է իր ազգի մտավորականությունից, եւ երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը թելադրվում է հիմնականում կուսակցական միջակություններից  կազմավորված Ազգային ժողովի եւ կառավարության  կողմից: Արդյունքում տաբեր ոլորտներ ղեկավարում են մարդիկ, ովքեր առանց լրացուցիչ կրթության ունակ չեն նույնիսկ տվյալ ոլորտի ստորին օղակներում աշխատելու: Դրա տիպիկ օրինակ կարող է ծառայել գիտության ոլորտը, որը տարիներ շարունակ անարգել ավերվում է բնագավառի ժամանակակից գործընթացներից անտեղյակ եւ կոռուպցիոն մոլուցքով տարված ԿԳՆ չինովնիկների կողմից` դրանով իսկ վտանգելով երկրի պաշտպանությունը  ու նրա քաղաքակիրթ ապագան:



 



Նշենք, որ աշխարհի ամենաժողովրդական եւ ամենահզոր երկիր համարվող Ամերիկայի Միացյալ Նահանգները 1916 թվականին նույնպես հայտնվել էր Հայաստանի ներկայիս իրավիճակում, որից կարողացել է պատվով դուրս գալ իր Ազգային գիտական խորհրդի կազմավորման միջոցով, որում ներգրավվել էին տարբեր բնագավառների առաջատար գիտնականներ եւ մասնագետներ: Նույն օրինակին են հետեւել բազմաթիվ զարգացած երկրներ, որոնց թվում են նաեւ մեզ համար օրինակելի համարվող Իսրայելն ու Սինգապուրը:



 



Հետեւաբար, մենք  իմաստնության եւ խոհեմության կոչ ենք անում հասարակության  մեջ մեծ սեր ու հեղինակություն վաստակած ՀՀ նախագահի թեկնածու հարգարժան Րաֆֆի  Հովհաննիսյանին՝ ճիշտ ու համարժեք գնահատել ստեղծված իրավիճակը  եւ  զերծ մնալ լրացուցիչ հասարակական լարվածության բորբոքումից ու երկրի վարկանիշի միջազգային վարկաբեկումից  եւ  դիտարկել գործող նախագահ Սերժ Սարգսյանին ոչ թե որպես  «կուսակցապետ», այլ ազգային հերոս, որը ԼՂՀ եւ ՀՀ անկախության եւ պետական շինարարության գործում իր բազմաբովանդակ ավանդով հավասարը չունի  Հայաստանի  ներկայիս քաղաքական դաշտում:



 



Մենք վստահ ենք, որ երկու անվիճելի լիդերների համագործակցությամբ, ինչպես նաեւ մեր ազգի մտավոր ներուժի օգտագործմամբ կարելի է մեր երկիրը եւս հանել ներկա ճգնաժամային իրավիճակից եւ նրա բազմաչարչար ու ստեղծագործ ժողովրդի համար ճանապարհ հարթել դեպի քաղաքակիրթ երկրների ընտանիք:



 



ՀՀԳԽ նախագահություն



 



ՀԳ - Այս կոչն ուղեկցված է առաջարկով. «Խնդրում եմ կազմակերպել կլոր սեղան ՀՀԿ-ի, «Ժառանգության» եւ «Համահայկական գիտական խորհուրդ» ՀԿ-ի լիդերների մասնակցությամբ՝ «Հակամարտություն, թե համագործակցություն» թեմայով» Հարգանքով`



 



Սիներիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ