Րաֆֆու առաջարկների 6 կետերը` ուղղված Սերժ Սարգսյանին

Րաֆֆու առաջարկների 6 կետերը` ուղղված Սերժ Սարգսյանին
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը ընթերցել է իր առաջարկությունները` հասցեագրված Սերժ Սարգսյանին: Նամակում ասվում է.«Նախագահական արտահերթ նոր ընտրությունների անցկացում կամ առաջին` արտահերթ խորհրդարանական ընտրություններ այս տարվա ընթացքում: Մինչ այդ ընտրական օրենսգրքում իրականացնել փոփոխություններ, վերացնել մեծամասնական ընտրական համակարգը եւ ամբողջությամբ համամասնական ընտրական համակարգի անցնել, մատյաններում ընտրողների ստորագրությամբ ցուցակների հրապարակում, արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների քվեարկության ապահովում կամ էլ, նվազագույնը, ընտրացուցակներից նրանց անունների հանում, որպեսզի նրանց բացակայության դեպքում չանեն այն, ինչ արեցին հարյուրավոր ընտրատեղամասերում, երբ անամոթաբար լցոնեցին մեր բացակա հայրենակիցների հաշվին:



Երկրորդ` առնվազն 5 մարզպետերի ազատում աշխատանքից եւ այդ պաշտոններում ժողովրդի` հանձին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներկայացված մարդկանց նշանակում:



Երրորդ` հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերի եւ գյուղապետերի ազատում աշխատանքից` օգտագործելով կառավարության լիազորությունները:



Չորրորդ` բոլոր ընտրակեղծարարների` առանց բացառության, այդ թվում` մարզպետերի, քաղաքապետերի, կուսակցական պատասխանատուների, այլ պաշտոնյաների ենթարկում քրեական պատասխանատվության:



Հինգերորդ` կառավարության եւ ծառայությունների թվից հետեւյալ ոլորտների ղեկավարներ նշանակել ժողովրդի` հանձին Հովհաննիսյանի, ներկայացրած անձանց` ՀՀ գլխավոր դատախազություն, հարկային եւ մաքսային պետական ծառայություն, ազգային անվտանգության ծառայություն, արտաքին գործերի նախարարություն, կրթության եւ գիտության նախարարություն, վերստուգիչ պալատ, արդարադատության խորհուրդ եւ հակակոռուպցիոն հանձնաժողով:



Վերջին կետով` սույն պայմանագիրն անբաժանելի է, ենթակա է երկուստեք ստորագրման, իսկ դրանում ամրագրված դրույթներն անբեկանելի են մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը»: