Քաղաքական գզվռտոց

Քաղաքական գզվռտոց
Մինչ որոշ պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ մեղադրում են լրագրողներին ու լրատվամիջոցներին «էթիկայի նորմերը խախտելու», իրենց զրպարտելու եւ վիրավորելու մեջ, մամուլն ու լրատվամիջոցներն այս օրերին ափիբերան հետեւում են, թե ինչ է կատարվում ՀՀԿ-ԲՀԿ «ռազմաճակատում»:



 



Էլ հեր ու մեր, էլ «քոպակ շուն» խառնել են իրար: Ոչ դիմացինի պաշտոնը, ոչ տարիքը, ոչ վաստակն այլեւս դեր չի խաղում: Մեզ պարբերաբար դաստիարակության եւ էթիկայի դասեր տվողներն անցել են բոլոր սահմանները եւ անդաստիարակության ու գռեհկության վառ օրինակներ են տալիս բոլորիս: Մի բան պարզ է, որ սրանք այնքան քաղաքական գործիչներ չեն, որ երբ բանը հասնում է վեճին, դա անպայման վերածվում է քուչի կռվի, երբ տարաձայնություններ են ունենում, դրանք միայն հայհոյանքներով են արտահայտում, երբ նույն ճամբարում չեն, ուրեմն «շուն ու կատու են»: Մենք՝ մամուլի աշխատողներս, մի կողմից զվարճանում ենք այս գզվռտոցով, մյուս կողմից ստիպված ենք լուսաբանել այն, որքան էլ այդ ամենը ներկայացնելը տհաճ է, անգամ՝ զզվելի: Ինչ արած՝ սա է մեր քաղաքական դաշտը, որի մասին «քաղաքական» բառն անգամ օգտագործելը մեղք է:



 



Ինչո՞ւ մենք քաղաքակիրթ բանավիճել, գրագետ պայքարել չենք կարողանում: Եվ ինչո՞ւ է ցանկացած կոնֆլիկտ, անգամ կառավարության ու կուսակցության ղեկավարի մակարդակում, վերածվում երկու տնային տնտեսուհիների մազ փետելու տեսարանի: Թերեւս խնդիրը մեր կրթության համակարգում է, որտեղ ոչ միայն ինքնուրույն մտածել, որոշումներ կայացնել, ընտրություն կատարել չեն սովորեցնում, այլեւ վիճելու կուլտուրա, հակառակորդի նկատմամբ հարգանք, դիմացինի կարծիքը լսելու ունակություն չեն սերմանում: Եվ ընդհանրապես՝ չեն սովորեցնում սիրել քեզ նմանին, անգամ եթե նա բոլորովին նման չէ քեզ: