Նոր փուլ

Նոր փուլ
Շատերը երեկ թեթեւացած շունչ քաշեցին, լսելով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հացադուլից դուրս գալու որոշման մասին: Այդ հացադուլը մի տեսակ ծանրացել էր բոլորիս սրտին, իսկ «միայն իմ դիակի վրայով» արտահայտությունը չարաղետ կանխագուշակումների հող էր ստեղծել:



 



Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի օր կազդուրվելուց հետո կանցնի քաղաքական պայքարի գործողություններին՝ կսկսի այցելել մարզեր եւ նախապատրաստվել ապրիլի 9-ին: Կհաջողվի՞ նրան արթնացնել ու իրենց տներից-բնակավայրերից հանել մարդկանց եւ երդմնակալության արարողության օրը հավաքել մայրաքաղաքում: Կստացվի՞ ձնագնդիի էֆեկտը, ինչի հույս ունեն «Ժառանգությունն» ու իր առաջնորդը, դժվար է ասել: Բազմամարդ հանրահավաքային պայքարից, փողոցում հեղափոխություններ անելու գաղափարից բավականին մեծ հիասթափություն կա մեզանում՝ 2008-ից հետո անցած չարչարանաց ուղին հավատի տեղ չի թողել:



 



Բայց ամեն մեկն իր ուղին պետք է անցնի, եւ ամեն ընդդիմություն իր հանրահավաքները պետք է անի՝ թույլ տանք, որ Րաֆֆին ու իր թիմն էլ անցնեն այդ ճանապարհով: Միակ խորհուրդը, որ կարելի է տալ մեր ընթերցողներին-քաղաքացիներին, որպես ինքնապաշտպանության լավագույն միջոց, չափից դուրս չխանդավառվելն է եւ սին հույսերի գերին չդառնալը, որ հետագայում սպասվելիք հիասթափությունն էլ որպես աշխարհի վերջ չընկալվի: Այլ որպես կյանքի հերթական փուլ, պայքարի շարունակական ընթացք դիտվի: Ամեն դեպքում, սա էլ է հասունացնում հասարակությանը, ավելի կենսունակ ու շրջահայաց  դարձնում, կոփում: Պասիվ, չպայքարող հասարակություններն են դատապարտված, իսկ պայքարող, շարժման մեջ գտնվող մարդն ու հասարակությունն ի վերջո անպայման հասնում են  նպատակին: Այո, բազում հիասթափությունների, վնասվածքների, կորուստների ու տառապանքի գնով, բայց հասնում են: