Էրիխ Ռուտեմյոլլեր. «Ապագայում դուք կարող եք ունենալ ավելի լավ ֆուտբոլ (տեսանյութ)

Էրիխ Ռուտեմյոլլեր. «Ապագայում դուք կարող եք ունենալ ավելի լավ ֆուտբոլ (տեսանյութ)
Անցյալ  շաբաթ  Հայաստանում  էր  գերմանացի  հանրահայտ  մարզիչ,  1996 թ. Եվրոպայի  չեմպիոն Գերմանիայի  հավաքականի  գլխավոր  մարզիչ Բերտի  Ֆոգտսի օգնական, իսկ  ներկայումս  ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ  Էրիխ  Ռուտեմյոլլերը:  Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիայի  մասնագետների  հետ  զրույցում  Ռուտեմյոլլերը  խոսել է Հայաստան  այցելության  իր  հիմնական  նպատակների,  հայկական  ֆուտբոլի ենթակառուցվածքների  եւ համաշխարհային  ֆուտբոլի  վերջին  տենդենցների  մասին:





 



Պարոն Ռուտեմյոլլեր, ո՞րն է Հայաստան Ձեր այցելության նպատակը:



 



Առաջին հերթին, պետք է նշել, որ ՈՒԵՖԱ-ն փորձում է մարզչական կրթությունը Եվրոպայում հասցնել որոշակի բարձր մակարդակի, հետևաբար մենք փորձում ենք օգտագործել տարբեր երկրների, տարբեր մարդկանց փորձը բոլոր երկրներում մարզչական կրթության որակը բարելավելու համար: Հայաստանում մենք սկսեցինք Բ և Ա կարգի մարզչական դասընթացներով, իսկ հիմա արդեն անցկացվում է նաև մարզչական ՊՐՈ դասընթացը:



 



Դուք առաջին անգամ չեք Հայաստանում: Կարող եք ասել՝ ինչ է փոխվել կազմակերպչական առումով:



 



Ինչպես արդեն նշեցի, երբ ես վերջին անգամ Հայաստանում էի, այն ժամանակ դուք անցկացնում էիք Ա կարգի դասընթացը Ֆլեմմինգ Սերիցլևի հետ, իսկ հիմա անցկացնում եք ՊՐՈ կարգի դասընթացները: Ես տեսնում եմ, որ դասընթացների կազմակերպվածությունը շատ բարձր մակարդակի վրա է: Միաժամանակ շատ կարևոր է, որ նախորդ տարի ձեր մարզիչները հնարավորություն են ունեցել ներկա գտնվել Եվրո-2012-ին և իրականացնել բարձր մակարդակի վերլուծություններ՝ դիտելով մի քանի հանդիպումներ: Փորձի փոխանակումը շատ օգտակար է բոլոր մարզիչների համար:



 



Ի՞նչ կարող եք ասել Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների մասին:



 



Տեսնելով ֆուտբոլի ակադեմիայի այս ֆանտաստիկ կառույցը՝ ես կարող եմ ասել, որ այստեղ ուղղակի իդեալական պայմաններ են մարզվելու, ֆուտբոլ խաղալու համար: Ունենալով այսպիսի ենթակառուցվածքներ՝ դուք կարող եք զարգացնել ձեր ֆուտբոլը, բարելավել ակումբային ֆուտբոլի, մարզչական կրթության, մրցավարության մակարդակը, զբաղվել նոր տաղանդների բացահայտմամբ:



 



Պարոն Ռուտեմյոլլեր, 1996 թվականին, երբ Գերմանիան դարձավ Եվրոպայի չեմպիոն, դուք թիմի մարզչական շտաբում էիք: Կարող եք ասել, թե ի՞նչ հիմնական փոփոխություններ է կրել ֆուտբոլը 90-ականների համեմատ:



 



Եթե խոսենք կոնկրետ Գերմանիայի մասին, կարող եմ ասել, որ հիմնական փոփոխությունն այն է, որ հիմա մենք պաշտպանությունում անհատական հսկողությունից անցել ենք զոնալ հսկողությանը, հիմա կիրառվում է պրեսինգի շատ ավելի ակտիվ տարբերակ, մինչդեռ նախկինում ֆուտբոլիստներն ավելի շատ ժամանակ ու տարածություն ունեին դաշտում դրիբլինգ անելու կամ կոմբինացիոն ֆուտբոլ խաղալու համար: Իմ համար հենց սրանք են հիմնական փոփոխությունները, որոնք մեծապես կախված են նաև ֆուտբոլիստների ֆունկցիոնալ և հոգեբանական պատրաստվածության հետ:



 



Ձեր կարծիքով ո՞րն է պատճառը, որ ազգային հավաքականներից շատերը կորցրել են իրենց ուրույն խաղաոճը և սկսել են խաղալ միանման ֆուտբոլ:



 



Բավականին հետաքրքիր հարց է: Ես կարծում եմ, որ հիմա տեղի է ունենում խաղաոճերի խառնուրդ: Նախկինում ազգային հավաքականներում խաղում էին միայն այդ երկրի ներկայացուցիչներ, իսկ հիմա տարբեր ազգերի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը սեփական ինչ-որ բան է ներմուծում թիմի խաղի մեջ: Բացի այդ հիմա ֆուտբոլում գաղտնիքներ չկան: Նույն վայրկյանին դու կարող ես հետևել Հայաստանի Առաջին խմբի և Եվրոպական ուժեղ առաջնության որևէ խաղի, փորձես համեմատել: Այդ պարագայում շատ հեշտ է լինում հասկանալ, թե որն է առավել ձեռնտու և օպտիմալ տարբերակը քո երկրում ֆուտբոլը զարգացնելու համար: Հավանաբար հենց այն հանգամանքը, որ ժամանակակից ֆուտբոլում ինֆորմացիան հասանելի է բոլորին, ստիպում է շատերին փոխառել միմյանց խաղաոճերը և խաղալ ինչ-որ տեղ միանման ֆուտբոլ:



 



Շատերն ասում են, որ 90-ականներին ֆուտբոլում անհատականություններն ավելի շատ էին, մինչդեռ հիմա գերակշռում է թիմային խաղը: Ի՞նչ եք կարծում այս մասին:



 



Ես այնքան էլ համաձայն չեմ, քանի որ, չնայած ֆուտբոլն իրոք թիմային խաղ է, որտեղ կարևոր է թիմային ոգին, բայց ամեն դեպքում դուք միշտ էլ անհատական բարձր որակների տեր ֆուտբոլիստների կարիք ունեք: Դրանց բացակայության դեպքում դուք, միևնույն է, հաջողություն չեք ունենա:



 



Ձեր կարծիքով Հայաստանի նման փոքր երկրները կարող են հասնել մեծ հաջողությունների ֆուտբոլում և ո՞րն է դրա հիմքը:



Ես համոզված եմ դրանում և դա վերաբերում է բոլոր երկրներին: Մեծ և փոքր երկրների միջև տարբերությունը գնալով վերանում է, բոլորը սովորել են ֆուտբոլ խաղալ: Իսկ այն, ինչ ես տեսա Հայաստանում, լավատեսություն է ներշնչում: Ապագայում դուք հաստատ կարող եք ունենալ ավելի լավ ֆուտբոլ և հասնել ավելի լավ արդյունքների: