Վալմարը ծննդյան տոնին անհատական ցուցադրություն կներկայացնի (լուսանկարներ)

Վալմարը ծննդյան տոնին անհատական ցուցադրություն կներկայացնի (լուսանկարներ)
Ապրիլի 22-ին ժամը 15:00-ին «Վալմար» արվեստի սրահում կկայանա ՀՀ վաստակավոր նկարիչ Վալմարի անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված է նկարչի 65-ամյակին:



 



«Իսպանական տպավորություններ» թեմայով շարքում ընդգրկված է 22 գեղանկար, որոնք գեղարվեստական մատուցմամբ ներկայացնում են կյանքի պայքարն ու հաղթանակի հասնելու ճանապարհին առկա դժվարությունները: Դրանք ժամանակակից կյանքի արտացոլանքն են կտավի վրա` ներկայացված բարձր գեղարվեստական ճաշակով ու Վալմարին հատուկ յուրօրինակ տեխնիկայով: Նկարներում գերիշխում է շարժումն ու տրամադրությունը, լույսն ու ստվերը: Գեղանկարիչը արվեստասերների դատին է ներկայացնելու Իսպանիա կատարած շրջագայության տպավորությունները: Իսպանիայի գլխավոր խորհրդանիշ համարվող ցլամարտի տեսարանները դարձել են գեղանկարչի ստեղծագործությունների հիմքը: Ամեն տարի իր ծննդյան օրը Վալմարը նոր ցուցադրություն է կազմակերպում, սակայն այս մեկն իր բովանդակությամբ ու համամարդկային թեմայով գերազանցելու է նախորդներին:



Ցուցահանդեսին աջակցել են ՀՀ արտաքին գործերի և Մշակույթի նախարարությունները:



Վալմարը (Վոլոդյա Մարգարյան) ծնվել է 1948թ.-ի ապրիլի 21-ին Գյումրիում:



1972 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը: Աշակերտել է Երվանդ Քոչարին: Ունեցել է 40 անհատական ցուցահանդես, ներկայացված է եղել 120 խմբակային ցուցահանդեսներում:



Վալմարի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում: Բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են անհատական հավաքածուներում: