72 հուշարձան ծայրահեղ վատ վիճակում են

72 հուշարձան ծայրահեղ վատ վիճակում են
Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն շուրջ 30 տարի է՝ ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների պահպանության միջազգային օր: Ինչպե՞ս են պահպանվում մեր հուշարձանները, որո՞նք են առկա խնդիրները, ի՞նչ միջոցառումներ կիրականացվեն այդ օրը: Մեր զրուցակիցը «Պատմամշակութային  արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանն է:



 



 



- Պրն Պողոսյան, ապրիլի 18-ին ի՞նչ ծրագիր եք իրականացնելու:



 



- Մարզերում ու Երեւանում նախատեսված են հուշարձանների ու հարակից տարածքների մաքրման աշխատանքներ, բաց դասեր, լուսանկարների ցուցադրություններ, երթ։ Բանակ-կրթություն-մշակույթ համագործակցության շրջանակներում երեք գերատեսչությունների ղեկավարների համատեղ հրամանով միջոցառումներ իրականացվել են դեռ  նախորդ գարնանը: Ապրիլի 18-ին 370 դպրոցների մի քանի հազար աշակերտներ ու զորամասերի ժամկետային զինծառայողներ կմասնակցեն 500-ից ավելի հուշարձանների եւ հարակից տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքներին։ Հուսամ, որ շարքային քաղաքացիներն էլ մասնակից կլինեն այդ՝ որքան անհրաժեշտ, նույնքան էլ պատվաբեր ձեռնարկին։ Մի շարք մարզերի, ինչպես նաեւ Երեւանի դպրոցներում բաց  դասեր են նախատեսված, արգելոցներում եւ արգելոց-թանգարաններում էլ՝ միջոցառումներ: Օրինակ,  «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Մ. Սեբաստացի կրթահամալիրի սաների հետ համատեղ, կանցկացվի «Թանգարանը՝ որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» թեմայով միջոցառում:



 



«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում՝ ասմունքի ցերեկույթ: Սյունիքի, Լոռու,  Շիրակի ՊՄՊ մարզային ծառայություններն էլ  նախաձեռնել են պատմաճարտարապետական հուշարձանների լուսանկարների ցուցահանդես: Մեծ միջոցառում է նախանշված նաեւ Վանաձորում: Քաղաքի ամենահին եկեղեցիներից մեկի` Սբ. Աստվածածնի բակից (13-րդ դար) մեր աշխատակիցները, ՀԿ-ների  ներկայացուցիչները, ուսանողներն ու դպրոցականները  երթով կհասնեն մինչեւ նորակառույց Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցի, որտեղ էլ նախանշված է մարզի հուշարձանների լուսանկարների ցուցադրություն: Երթուղին պատահական չէ ընտրված, այստեղ խորհուրդ կա, հնի ու նորի միավորումն է, համադրումը: Ի դեպ, նույն օրը ցուցադրություն է նախատեսված  նաեւ Վանաձորի սոցիալական ծառայությունում:



 



- Գառնու կամրջի մասին շարունակում են մեղադրանքներ հնչել, որքանո՞վ են դրանք հիմնավոր: Ի վերջո, ովքե՞ր են պատասխանատու այս ամենի համար:



 



- 2006 թ. կազմվել է կամրջի վերականգնման նախագիծը,  2010 թ. պետական բյուջեի միջոցներով եւ հաստատված նախագծով կատարվել են կամրջի հյուսիսային կողմի արեւմտյան` փլուզման եզրին կանգնած պատի մասնակի վերականգնման աշխատանքներ: Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի 2012 թ. հունվարի 20-ի նիստում քննարկվել է կամրջի վերականգնման եւ ամրակայման նախագծում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը` հիմք ընդունելով ՊՈԱԿ-ի ֆոնդերում առկա  փաստաթղթերը եւ այլ գիտական գրականություն: Գիտամեթոդական խորհրդի կազմում հեղինակավոր ճարտարապետներ են ընդգրկված, եւ, բնականաբար, հարցի քննարկման ընթացքում նաեւ տարաձայնություններ են եղել: Ի վերջո, 11 կողմ եւ 4 դեմ քվեարկությամբ որոշում է կայացվել կամուրջը  վերականգնել սրբատաշ քարով: Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք: Մամուլում տեսակետներ  են հնչում, թե «կոռուպցիոն ռիսկեր կան, մեղավորներ կան, ու պետք է պատժել»: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան ծանոթանալ Գառնու կամրջի շինարարությանը վերաբերող փաստաթղթերին, հրավիրում ենք մեզ մոտ` ՊՈԱԿ: Պատրաստ ենք տրամադրել: Հավաստիացնում եմ, որ ամեն ինչ արվել է օրենքի տառի պահպանմամբ: Ի դեպ, պետք է ասեմ, որ ՊՈԱԿ-ի տնօրինությունը կամրջի հարավային խելի հենման ժայռի ամրակայման առաջարկ է ներկայացրել լիազոր մարմին:



 



- Պրն Պողոսյան, գարնանային հեղեղումները, ձյան հալոցքները երբեմն պատճառ են դառնում եկեղեցիների փլուզման, տանիքների վնասման: Չե՞ք կարծում, որ պետական հոգածությունն այս առումով շատ է կաղում:



 



- Պետության կողմից միջոցներ հատկացվում են, բայց դրանք սուղ են եւ չեն կարող բավականացնել բոլոր խնդիրների լուծմանը: 2013 թ. «Հուշարձանների ամրակայում, նորոգում, եւ վերականգնում» ծրագրով նախատեսված հատկացումները  205 մլն դրամ են` 19  հուշարձանի համար: Նորոգման եւ ամրակայման աշխատանքներն սկսվել են մի քանի տարի առաջ ու շարունակական բնույթ են կրում: Թվարկեմ մի քանիսը`  մասնավորապես Արագածոտնի մարզի Ոսկեվազի Սբ. Հովհաննես եկեղեցին, Լոռու վանական համալիր  Քոբայրը, Խաչիկ գյուղի Քարկոփի վանքը եւ այլն: Ինչ վերաբերում է փլուզումներին, այո, մի քանի արտակարգ պատահար այս տարի արդեն արձանագրվել  է: Նախորդ ամիս Սյունիքի մարզի Սեւաքար գյուղի եկեղեցու  հարավային պատն է փլուզվել, դրանից առաջ Կոտայքի մարզի Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցու զանգակատան տանիքից սալաքար էր ընկել եւ ջարդվել: Գարնանային անձրեւներից ամբողջությամբ խարխլվել է Վայոց Ձորի Եղեգիս համայնքում գտնվող Սբ. Աստվածածին եկեղեցին: Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ եւ հուշարձանների տարածքներում  հնարավոր անցանկալի դեպքերը կանխարգելելու  նկատառումով  մշակույթի նախարարություն է ներկայացվել հորդառատ անձրեւների, ձյան հալոցքների, հողմահարումների հետեւանքով քայքայված եւ ծայրահեղ վթարային վիճակում գտնվող 72 հուշարձանների ցանկը`  քննարկելու հարցն ու առաջնահերթ միջոցառումների ծրագիր մշակելու համար:



 



- Պրն Պողոսյան, որոշ ակտիվիստներ պարբերաբար հայտարարում են, որ քարանձավների շահագործմամբ կզարգանա նաեւ զբոսաշրջությունը: Ինչո՞ւ են պետական կառույցները դեմ այս ձեռնարկին:



 



- Իսկ ո՞վ է ասել, թե դեմ են: Խնդիրն այլ է՝ ինչպես է պետք դա անել: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ քարանձավներում այժմ զբոսաշրջության համար անհրաժեշտ պայմաններ չկան։ Վայոց Ձորի մարզի Մոզրովի, Արջերի եւ մյուս քարանձավները, անշուշտ,  կարող են զբոսաշրջային լուրջ կենտրոններ դառնալ: Ներկայում մշակվում է «Արփի» բնապատմական արգելոցի տարածքի զարգացման ծրագիրը, որում կներառվի նաեւ քարանձավներն անվտանգ օգտագործելու  հարցը: Ինչ վերաբերում է Մոզրովի քարանձավին, ապա այնտեղ չկան մշակված երթուղիներ, որոնք հնարավորություն կտան զբոսաշրջության նպատակով օգտագործելու հուշարձանը: Դրանք կմշակվեն մասնագետների համապատասխան գիտական ուսումնասիրությունից ու եզրակացությունից հետո:  Մագելանի մասով` զբոսաշրջության նպատակով  քարանձավի օգտագործման ու զարգացման ծրագիրը ՊՈԱԿ-ն անցյալ տարի ներկայացրել է մշակույթի նախարարություն: Առաջարկում ենք այն իրականացնել երեք փուլով: Քարանձավների անվտանգ օգտագործումը,  ինչ խոսք, կնպաստի հուշարձանների հանրահռչակմանն ու զբոսաշրջության զարգացմանը:



 



- Մեր պատմամշակութային ժառանգությունը միայն Երեւանով չի սահմանափակվում: Ապացույցը` հաճախ կարելի է լսել այս կամ այն մարզում հուշարձանի  առնչվող որեւէ խնդրի մասին:



 



- Անցյալ տարի իրավախախտման  44 դեպք ենք ունեցել: Դրանք բնույթով տարբեր են: Օրեր առաջ Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքում գտնվող «Պոլիգոն» հուշարձանի տարածքում տեխնիկայի կիրառմամբ հողահարթեցման աշխատանքներ են իրականացվել: Նույն մարզի Լոր գյուղից հարավ գտնվող Սբ. Հովհաննես եկեղեցու  տարածքից ծանր տեխնիկայի գործածմամբ էլ օրերս հեռացվել է թեք լանջից սահած հողը: Ցանկացած  իրավախախտման փաստով ահազանգում ենք դատախազություն, ոստիկանություն: ՏԻՄ մարմինների մասով էլ ուզում եմ նշել, որ գրավոր դիմել ենք ՀՀ մարզպետներին, իսկ ՊՄՊ մարզային ծառայությունների պետերը` համայնքների ղեկավարներին, խնդրելով ապահովել համապատասխան կառույցների նիստերի ընթացքում մարզային ծառայությունների պատասխանատուների մասնակցությունը: Տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների հետ փոխկապակցված գործակցությունը միայն կարող է բացառել հողահատկացումների ասպարեզում հնարավոր սխալները: Վերջերս, օրինակ, «Քաղաքատեղի Արմավիր» հուշարձանի տարածքում իրականացվող անօրինական հուղարկավորությունների հետ կապված խնդիր եղավ, հուսով եմ, որ առաջիկայում այն իր լուծումը կստանա:



 



Մարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ