Մի՛ ատեք աշակերտներին

Մի՛ ատեք աշակերտներին
Ուսումնասիրում ենք «Հայոց լեզու եւ հայ գրականություն» 2013թ. պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանն ու հանգում շատ տխուր եզրակացության` կազմողները չեն սիրում եւ չեն հարգում մեր երեխաներին:



 



Այս կարծիքին են նաեւ շատ մասնագետներ, որոնք պնդում են, որ առաջադրանքների գերակշիռ մասը դուրս է հայոց լեզվի եւ գրականության` հանրակրթական դպրոցների առկա ծրագրերի սահմաններից, որ դրանք շատ խճողված եւ անհասկանալի են, որ  լեցուն են հնաբանություններով, բարբառագիտական, ոճագիտական, լեզվաբանական եւ այլ այնպիսի հարցադրումներով, որոնք հասու կլինեն միայն նեղ մասնագիտացված գիտնական մասնագետներին (ոչ բոլորին): Հեղինակային խմբի ներկայացուցիչները գոհ են իրենց արածից, մոռանալով, որ յուրաքանչյուր սխալ հարցադրման, ծրագրից դուրս առաջադրանքի դիմաց մեկ աշակերտի ճակատագիր է կանգնած: Իսկ ծրագրային հարցադրումներն էլ այնքան ծավալուն են, որ ժամանակի առումով դրանց պատասխանելն ուղղակի անհնարին կլինի:



 



Համաշխարհային դասական մանկավարժության մեջ մի հրաշալի մարդասիրական օրենք կա, որ ճշմարիտ մանկավարժը քննությունների, առաջադրանքների ընթացքում պետք է ավելի շատ փորձի իմանալ, թե ինչ գիտի աշակերտը եւ ոչ թե` ինչ գիտի ինքը:



 



Շտեմարան կազմողների կողմից անվերապահորեն  խախտված է այդ գեղեցիկ  սկզբունքը: Ավելին, կազմող խմբի անդամները, որոնց անվան դիմաց նշված է հիմնականում «բ.գ.թ.» (բանասիրական գիտությունների թեկնածու), դպրոցից հեռու կանգնած մարդիկ են, եւ թվում է` տղայական մտայնությամբ, անսեր ու ագրեսիվ   չարախնդությամբ դիմում են աշակերտությանը` «դե, տղա ես, ասա՛...»:



 



ԳԹԿ-ի հարգելի «բ.գ.թ.»-ներ , դժվա՞ր է գիտակցել, որ ձեր կազմած  շտեմարանի ամբողջ ծավալն իմացողներն առնվազն ձեզ նման «բ.գ.թ.»-ներ պետք է լինեն կամ, ասենք, Աճառյան, Աղայան, Բարսեղյան եւ այլն:



 



Իսկ ծնողների, ուսուցիչների, շատերի համար, ինչ խոսք, դժվար չէ հասկանալ, որ դրանում միտում կա, որ քննության ընթացքում «ազգային ջոջերի» մի 200-250 մանչեր, պատրաստի պատասխաններ ունենալով, 20 միավոր «վաստակեն», ընդունվեն, այսպես ասած, էլիտար ֆակուլտետներ, մնացածի հերն էլ...



 



ՀԳ - Հարգելի «բ.գ.թ.»-ներ, համոզված ենք նաեւ, որ եթե ձեզնից յուրաքանչյուրը ¥բազմաթիվ հին ու նոր բառարաններից, մենագրություններից, ուսումնասիրություններից օգտված¤ մյուսի (16 հոգի)  կազմած բաժնի առաջադրանքները կատարի, դժվար թե բոլորին կարողանա պատասխանել:



 



Լեւիկ  ԱՄԻՐԲԵԿՅԱՆ



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ