Հայկոն, Նարեկ Բավեյանը, Մաշա Մնջոյանը` Գյումրու բարեգործական համերգին

Հայկոն, Նարեկ Բավեյանը, Մաշա Մնջոյանը` Գյումրու բարեգործական համերգին
Գյումրու 3 մանկատների մոտ 150 երեխաները մայիսի 25-ին Արվեստների ակադեմիայի դահլիճում հնարավորություն կունենան ունկնդրել Երեւանի Չայկովսկու անվան դպրոցին կից՝ վոկալ էստրադային ստուդիայի սաներին: Բարեգործական համերգի նախաձեռնությունը երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյինն է: Ինչպես փոխանցում է «Ասպարեզը», ստուդիայի սաներին միացել են նաեւ հայկական երգարվեստի ներկայացուցիչները՝ Նարեկ Բավեյանը, Մաշա Մնջոյանը եւ այլք:



-Մանկատների երեխաների հետ շատ գեղեցիկ օր ենք ունենալու,- վստահեցնում է Հայկոն՝ խոստանալով իր կատարումներից եւս նվիրել երեխաներին:-Ինձ թվում է, որ ամեն ինչից բացի, երեխաներին հոգեւոր սնունդ պետք է, եւ եթե այդ մի օրն էլ կարողանանք նրանց երջանկացնել, մեր մտահղացումը կհամարենք ստացված:



Արդեն հաջորդ օրը՝ մայիսի 26-ին, նույն դահլիճում Հայկոն հանդես է գալու մենահամերգով. ներկայացվելու է վերջին տարիներին ֆիլմերի համար իր գրած երաժշտություններն ու երգերը: Համերգն ավելի շատ թոք-շոու է լինելու՝ երգչի հետ կենդանի հարց ու պատասխանի հնարավորությունով: Մենահամերգից գոյացած հասույթով գնվելու է «Պետրով» մակնիշի դաշնամուր, որը նվիրաբերվելու է Գյումրու տուն-ինտերնատին:



Երգիչը վստահեցնում է՝ նմանատիպ բարեգործական համերգները շարունակական են լինելու, ապա բացատրում՝ առաջինը Գյումրիում ներկայանլու պատճառները.«Ես բավական երկար ժամանակ համերգ չեմ ունեցել Գյումրիում, ու բացի այդ՝  շատ կապված եմ այս քաղաքին, հետաքրքրված եմ քաղաքի կյանքով եւ գիտեմ՝ թե ինչ է այնտեղ կատարվում: Գյումրիում ունեմ շատ լավ ընկերներ ու կապը շատ սերտ է նրանց հետ»:



Ի դեպ, Հայկոյի մենահամերգը կազմապերկել են «PROFproduqtion»- ը եւ «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն համատեղ, իսկ մանկատան սաների համար անցկացվող համերգին աջակցել է Գյումրու քաղաքապետը:



Մարինե Պետրոսյան