Ներում խնդրելու ժամանակը

Ներում խնդրելու ժամանակը
Ժողովուրդն ասում է՝ քաղցր խոսքով օձն էլ բնից կհանես: Նաեւ խոսք կա, որ յոթ փութ մեղրով չի ուտվի: Մեր ժողովուրդը խոսքի կարոտ է. տեղ կա՝ս քաղցր խոսքի, տեղ կա՝ խոսքով խաբվելու, տեղ էլ կա՝ խիստ խոսքի: Խոսքը շատ բան է շտկում, ինչպես եւ շատ բան կարող է փչացնել:



 



Այս օրերին, երբ մարդիկ վրդովված են Սյունիքի մարզում կատարված դեպքերի առիթով եւ ակնկալում են, որ «բարձր իշխանությունը» կասի իր խոսքը՝ կդատապարտի եւ կմեղադրի իր թիմի անդամին կատարվածի համար, իշխանությունը համառորեն լռում է: Ի՞նչն է խանգարում Հանրապետականին, երկրի նախագահին ու վարչապետին խոսել այս մասին, ասել այն, ինչ ուզում է լսել հասարակությունը: Չէ՞ որ հրեշավոր արարք է կատարվել, ողբերգություն, եւ երբ մեղավորը շարունակում է ազատ շրջել ու անգամ պաշտոնաթող չի արվում, կնշանակի մեզանում չեն գործում ոչ միայն օրենքները, այլեւ բարոյականության նորմերը: Վերջիվերջո՝ կատարվածի հանգամանքները քիչ թե շատ պարզ են, եւ Սուրիկ Խաչատրյանը պատասխանատու է այն սպանության համար, որը կատարվել է նրա ղեկավարած մարզում, նրա տան բակում, եւ որին մասնակից է իր որդին: Եվ այս անձը պետք է պատժվի՝ անգամ դեռ քննությունը չավարտված, դատավճիռը չհրապարակված: Սա է հասարակական պահանջը:



 



Բայց եթե այս ոհմակային կեցվածքը՝ թիմակցին ատամներով պաշտպանելու, քանզի հաջորդը կարող է ինքը լինել, կենդանական աշխարհի կանոններով կարելի է բացատրել, ապա խոսքի պակասը, որը կլիցքաթափի մթնոլորտը եւ պետական ինստիտուտների աշխատանքի իմիտացիա կստեղծի, ոչնչով բացատրելի չէ: Մարդիկ խոսքի կարիք ունեն՝ հասկանո՞ւմ եք: Դիմեք մարդկանց, բացատրեք իրավիճակը, խոստացեք, որ մեղավորները կպատժվեն, որ անգամ ձեզ ձայներ բերող Լիսկան անպատժելի չի մնա: Ներողություն խնդրեք նրա փոխարեն: