«Ոչ ոք կոմերցիոն կինո Հայաստանից չի սպասում» (լուսանկարներ)

«Ոչ ոք կոմերցիոն կինո Հայաստանից չի սպասում» (լուսանկարներ)
Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում կինոռեժիսոր Ռոման Բալայանի նախաձեռնությամբ ստեղծվել է կինոռեժիսուրայի բարձրագույն դասընթաց, որի նպատակն է աջակցել ժամանակակից հայ կինոյի զարգացմանը:Նախագծի ընդհանուր նախահաշիվային արժեքը կազմում է 100 մլն դրամ, որից 54 միլիոնը օրերս Կառավարության որոշմամբ հատկացվել է հիմնադրամին, իսկ մնացած 46 միլիոն դրամը հատկացնելու է «Պարադիզ» ընկերությունը: Կինոռեժիսուրայի բարձրագույն դասընթացի շրջանակներում ամիսներ առաջ Հայաստան եկավ եւ վարպետության դաս ունեցավ երիտասարդ ռեժիսորների հետ Արտավազդ Փելեշյանը, իսկ երեկ Հայաստան է եկել լեհ աշխարհահռչակ ռեժիսոր Քշիշտով Զանուսին, ով վարպետության դասընթացից առաջ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում հանդիպեց նաեւ լրագրողների հետ:



Զանուսին, անդրադառնալով հայ երիտասարդ ռեժիսորներին, նշեց, որ նրանց համար առանձնահատուկ դժվար է, որովհետեւ ստեղծել կինո մի երկրում, որտեղ ապրում է 3 մլն մարդ, իսկ մնացած մեծ մասը արդեն սփյուռքն է, հատկապես շուկայի տեսանկյունից աներեւակայելի դժվար է ու ռիսկային: Այնուամենայնիվ, նրա խոսքով, պետք է գտնել այնպիսի միջոց, որ հետաքրքրես աշխարհին քո երկրով. տեղական շուկան բավական չէ: «Պետք չէ այնպիսի կինո նկարել, ինչպիսին Ամերիկայում է, եթե ուզում եք կոմերցիոն կինո նկարել, գնացեք արտասահման, այսօր ոչ ոք կոմերցիոն կինո Հայաստանից չի սպասում եւ չի էլ դիտի՝ հայերից բացի: Այնպես որ այն, ինչ այստեղ կարող է ստեղծվել, կարող է լինել միայն բարձր հեղինակային կինոն: Դա մեծ խնդիր է, բայց դուք ունեք հազարամյակների պատմություն, այսինքն կա մի բան, որին կարող եք անդրադառնալ, միայն պետք է այն արտահայտել»,-ասում է Զանուսին եւ շեշտում, որ խորհուրդներ տալու հարցում շատ զգույշ է, քանի որ ինքն էլ է իրեն հաճախ խորհուրդներ տալիս, եւ ոչ միշտ են դրանք ճիշտ:



Լեհ հայտնի ռեժիսորը նշեց, որ մեծ փորձ ունի վարպետության դասերի հարցում եւ իր փորձից ելնելով մի բան գիտի.  Երիտասարդները, անկախ իրենց մտադրություններից,  կվերցնեն այն, ինչ կուզեն եւ ոչ այն, որն իրեն թվացել էր ամենագլխավորը. «Ես դեռ չգիտեմ, թե հայ երիտասարդ ռեժիսորները ինչ մակարդակի վրա են եւ ժամանակ էլ չկա, որ միասին ինչ-որ բանի հասնենք: Միակ պատասխանատվությունը գալիք սերունդների առաջ ասել ճշմարտությունն այնպես, ինչպես ես եմ հասկանում, իսկ ամբողջական ճշմարտությանը ողջերից ոչ ոք դեռ հաղորդակից չի եղել, բայց ճշմարտությունը կարող է ստուգված լինել եւ արժե, որ դրանով կիսվես ուրիշների հետ, արժե նաեւ սովորել ուրիշների անձնական փորձի վրա, որպեսզի չկրկնես նրանց սխալները, այլ գործես նոր սխալներ»: Ֆիլմերի մասին, մտքերից բացի, Զանուսին խոստովանում է` գնալով ավելի հաժախ ունենում է նաեւ մահվան մասին մտքեր եւ ուղիղ հարցին տալիս նաեւ ուղիղ պատասխան. «Իհարկե վախենում եմ մահից եւ այն ավելի մոտ է ու մոտ, այն չի հեռանում»:



Աշխարհահռչակ ռեժիսորը հաճելիորեն անկեղծանում է` Հայաստանն իրեն խորթ երկիր չէ, դեռ «Ոսկե ծիրանի» շրջանակներում եկել է Հայաստան, ունեցել վարպետության դասեր, նաեւ Հայաստանից է ունեցել ուսանողներ, միաժամանակ ընդգծելով, որ շատ հին հայկական համայնք կա Լեհաստանում. «հայերը Լեհաստանում միշտ կրթված, հարուստ մարդիկ են եղել, եւ անգամ այդպիսի լեգենդ է եղել, որ ում ընտանիքում հայ կա, ուրեմն նրա աղջկա աչքերը սիրուն են»,-ասաց ռեժիսորն ու հավելեց, որ դժվար է Հայաստանի մասին մի բան ասել, որը պարզապես քաղաքավարություն չդիտվի, բայց այն, որ Հայաստանն առաջին քրիստոնյա պետությունն է աշխարհում, դա իր համար կարեւոր  է ու հետաքրքիր. «Ինչքան տարածքներ եք ունեցել եւ կորցրել, բայց ապրելու ցանկությունը շատ մեծ է Ձեր մեջ, հայերն ամբողջ աշխարհում տեսանելի են, դուք որպես ազգ շատ հայտնի եք»: Հնչեց նաեւ հարց առաջարկ ուղղված ռեժիսորին, թե արդյոք ցանկություն չունի՞ մեր հայ ռեժիսորների հետ համատեղ ֆիլմ նկարել, ինչին Զանուսին կատակով արձագանքեց, որ ցանկություն եւ գաղափար նման դեպքերում միշտ կա, բայց պետք է նախ եւ առաջ հովանավորներ գտնել:



Լուսանկարները՝ Սոնա Ադամյանի