Անազատությունը հանդուրժել չի կարելի

Անազատությունը հանդուրժել չի կարելի
Ո՞վ կսպասեր, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցն այսքան պոպուլյար կդառնա Հայաստանում: Եվ ոչ միայն պոպուլյար. այս ցանցում են կազմակերպում շատ միջոցառումներ, քարոզչություն ու հակաքարոզչություն անում, մասնագիտական հարցեր քննարկում, անգամ սիրահարվում, կռվում, հաշտվում, ընկերանում:



 



Բայց որ «Ֆեյսբուքը» կարող է դառնալ ոմանց աշխատանքային գործունեության ասպարեզը, մյուսների էլ՝ գործազրկության պատճառը, դուրս էր մարդկանց երեւակայությունից: Այնպես է ստացվել, որ այս ցանցում առավել ակտիվ են լրագրողները: Թերեւս աշխատանքի մեջ ազատ արտահայտվելու պակասը ոմանք լրացնում են «Ֆեյսբուքում» համարձակ «ստատուսներ» գրելով ու իշխանություններին քննադատելով: Մեկ էլ տեսնում ես՝ հայտնի մի լրագրող իր ստեղծագործական կիրքն ու եռանդը ոչ թե աշխատանքի մեջ է օգտագործում, այլ ֆեյսբուքյան իր էջում: Եվ երբեմն ֆեյսբուքյան գործունեությունն ավելի արդյունավետ է, ավելի համարձակ ու կրեատիվ, քան այն, ինչ հրամցնում է իր աշխատատեղում: Ընդ որում, շատերի ֆեյսբուքյան գործունեությունը ոչ միայն եկամուտ չի ապահովում, այլեւ երբեմն վնասում է նրանց:



 



Այդ «ստատուսների» պատճառով աշխատանքից ազատման երկրորդ դեպքին ականատես եղանք երեկ. առաջինը «Հայոց աշխարհի» թղթակից Կիմա Եղիազարյանն էր, վերջինը՝ «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արմեն Դուլյանը: Անշուշտ, մերժելի է այն պրակտիկան, որ կիրառում են որոշ գործատուներ՝ սահմանափակելով իրենց աշխատակիցների ֆեյսբուքյան ազատությունը եւ «ստատուսների» պատճառով նրանց ազատում աշխատանքից: Բայց մի՞թե այդ սահմանափակումները մեկ օրում են ի հայտ գալիս: Ազատության պահանջ ունեցող լրագրողն ինչպե՞ս է հանդուրժել այդ վիճակը, երբ ամիսներ, տարիներ շարունակ չի կարողացել սեփական տեսակետն արտահայտել իր բուն աշխատանքի մեջ: