Ամբաստանյալին ստիպում են արագացված դատաքննությո՞ւն պահանջել

Ամբաստանյալին ստիպում են արագացված դատաքննությո՞ւն պահանջել

Երեկ հերթական անգամ սկսվեց եւ հետաձգվեց մի խումբ դատապարտյալների կողմից մարզպետներից ու գյուղապետերից խաբեությամբ գումար շորթելու գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ տաքսու վարորդների միջոցով վերջիններից գումար են պահանջել՝ վերադասին հասցնելու համար: Որպես վերադաս՝ զոհերի հետ հեռախոսով զրուցել է ամբաստանյալ Համլետ Ղազարյանը: Նախորդ անգամ նիստը հետաձգվել էր մոտ 5 տասնյակ գյուղապետերի`  տուժողների, նիստին չներկայանալու պատճառով: Նրանք երեկ էլ չէին ներկայացել դատարան, թեեւ բոլորն էլ պատշաճ ծանուցվել էին: Նիստին չէին բերել նաեւ ամբաստանյալին՝ դատապարտյալներին տեղափոխող մեքենայի անսարքության պատճառով: Երեկ տեղեկացանք, որ Համլետ Ղազարյանի պաշտպանը` հանրային պաշտպան Արթուր Սահակյանը, արագացված դատավարություն անցկացնելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Հիշեցնենք, որ, ամբաստանյալի պնդմամբ, կողմերը ցանկանում են արագացված դատ անցկացնել, որպեսզի գործի հանգամանքները չբացահայտվեն, եւ շատ բան այդպիսով ջրի երես դուրս չգա: Մասնավորապես այն, որ գործում ներգրավված են նաեւ մարզպետներ, ովքեր նույնպես դարձել են խարդախության զոհ, սակայն գործի քննության ընթացքում կարողացել են հասնել նրան, որ իրենց անունները դուրս մնան քրգործից: Իսկ Համլետ Ղազարյանը ցանկանում է իր խաբեության զոհ դարձած մարզպետներին եւս հրավիրել դատարան, որ նրանց դիմակը պատռվի, դատարանում պատմեն, թե ինչու են այդ գումարները տվել իրեն: Ղազարյանի խոսքով, դատավորը, մեղադրողը, անգամ իր պաշտպանը համոզում են արագացված դատ պահանջել` խոստանալով 3 տարվա ազատազրկում:



Դատական նիստին ներկայացած միակ անձը` մեղադրող դատախազ Արմեն Վարդանյանը, չցանկացավ պատասխանել մեր հարցերին: Բոլոր հարցերը վճռից հետո` ասաց: Փորձեցինք պաշտպանից պարզել, թե ինչու է արագացված դատաքննություն պահանջել, երբ իր պաշտպանյալը դեմ է դրան: Փաստաբանն ասաց, որ միջնորդությունը ներկայացվել է, սակայն դեռ որոշում չի կայացվել արագացված դատաքննություն անցկացնելու մասին: «Հաջորդ նիստին ամեն ինչ կպարզվի, եթե իմ պաշտպանյալը չի ցանկանա արագացված դատաքննություն, նա ազատ է` հրաժարվելու իր միջնորդությունից, ոչ ոք նրան հակառակը չի ստիպում»,-ասաց Սահակյանը` ավելացնելով. «Արագացված դատաքննությունը չի ոտնահարում ամբաստանյալի շահերը: Դա իրավունք է, որից կարող է օգտվել եւ չօգտվել ամբաստանյալը»: Նշենք, որ արագացված դատաքննության դեպքում դատարանն ամբաստանյալին չի կարող դատապարտել ավելին, քան նախատեսված պատժի առավելագույնի 2/3-ը: «Այս պարագայում, երբ մեղքը հիմնավորված է, արդարացման գնալու մարտավարություն չկա, արագացված դատաքննությունը նպաստավոր է ամբաստանյալի համար: Սակայն դա իր իրավունքն է, ոչ ոք չի կարող նրան ստիպել»,-ավելացրեց պաշտպանը: Ինչ վերաբերում է մարզպետներին, նա ասաց, որ մարզպետներին խաբելու մեղադրանք չկա գործում: «Իմ պաշտպանյալն ազատ է` դատարանում անել հայտարարություններ, եթե այդպիսի հայտարարություն կանի, սահմանված կարգով ընթացք կտրվի»,-ասաց Սահակյանը: Գործով հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 10-ին: 



 



Սոնա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ