Կանոն գրչության. Անրդե Մորուա

Կանոն գրչության. Անրդե Մորուա

Գրքեր ընտրելու մասին



 



Դուք հարցնում եք, հոգուս անծանոթուհի, թե ինչ կարդաք: Իմ խորհուրդները, երևի կզարմացնեն ձեզ: Եվ այնուամենայնիվ հետեվեք դրանց: Իմ ուսուցիչ Ալենն ասում էր, թե մեզնից յուրաքանչյուրը պետք է կարդա ոչ այնքան  շատ գրքեր, և սեփական օրինակով հաստատում էր այդ սկզբունքի անվիճելի առավելությունները: Նրա գրադարանը բաղկացած էր գլխավորապես մի քանի ականավոր հեղինակների՝ Հոմերոսի, Հորացիոսի, Տացիտոսի, Սեն-Սիմոնի, Ռեցի, Ռուսոյի, Նապոլեոնի (նրա զրույցները Լաս Կազի հետ), Ստենդալի, Բալզակի, Ժորժ Սանդի, Վիկտոր Հյուգոյի և, իհարկե, փիլիսոփաների՝ Պլատոնի, Արիստոտելի, Դեկարտի, Սպինոզայի, Կանտի, Հեգելի, Օգյուստ Կոնտի ստեղծագործություններից: Իր կյանքի ընթացքում նա ավելացրեց դրանց Ռոմեն Ռոլանին, Վալերիին, Կլոդելին, Պրուստին, ինչպես նաև Կիպլինգին:



 



Ընտրությունն անչափ խիստ էր, բայց այդ մեծ ստեղծագործությունները նա հիանալի գիտեր: Անընդհատ վերընթերցելով դրանք, ամեն անգամ դրանցում բացահայտում էր նոր գեղեցկությունները: Նա գտնում էր, որ այն մարդը, ով չի կարողանում ամիջապես գտնել պետք եղած էջը, չգիտի հեղինակին: Բալզակի ո՞ր վեպում է նկարագրված Վոտրենին ու Ռոյումապրեի առաջին հանդիպումը: Ո՞ր վեպում է ընթերցողը նորից հանդիպում Ֆելիքս դը Վանդենեսի հետ, երբ նա արդեն ամուսնացած էր: Պրուստի ո՞ր հատորում է առաջին անգամ հիշատակվում Վենտեյլի յոթներգությունը: Ով չի կարող պատասխանել այս և նման հարցերին, իսկական ընթերցող չես անվանի: «Կարևորը ոչ թե գտնելն է, այլ գտածն իր սեփականությունը դարձնելը»,- ասում էր Վալերին: Այն կինը, որը կարդացել և յուրացրել է մի քանի անմահ գործեր, կարող է իրեն ավելի կիրթ համարել, քան նա, ով ցրված ու հարևանցիորեն օրական երեք նորույթ է աչքի անցկացնում:



 



Արդյո՞ք դրանից հետևում է, թե հարկավոր չէ ուշադրություն անցկացնել ժամանակակից հեղինակներին: Իհարկե ո՛չ. ընդ որում մի մոռացեք, որ նրանցից ոմանք վաղը նշանավոր կդառնան: Բայց պետք չէ նաև չափից դուրս դեսուդեն ընկնել: Ուրեմն ինչպե՞ս վարվել: Ամենից առաջ պետք է տարվա գրական բերքին զուլալվելու հնարավորություն տալ: Հրատարակչի կամ գրական խմբակի կողմից գլուխգործոցներ հռչակված ինչքա՜ն գրքեր են վեց ամիս հետո արդեն մոռացվում: Եկեք մեր հիշողությունն իզուր չծանրաբեռնենք: Սպասենք: Ուշադիր հետևելով, թե ինչ է տեղի ունենում գրքերի աշխարհում, բարեկամներ ընտրենք: Մեզանից յուրաքանչյուրը ժամանակակից հեղինակների մեջ ունի իր սիրելիներին: Ուրեմն, թող ամեն մեկը հետևի նրանց ստեղծագործությանը: Ես ընթերցում եմ այն ամենը, ինչ հրապարակում են որոշ երիտասարդ գրողներ, որոնց հավատում եմ: Ես դեմ չեմ հայտնաբերել նաև ուրիշներին, բայց չեմ ցանկանում, որ նրանք չափազանց շատ լինեն: Մեկ էլ տեսար շնչահեղձ եղա:



 



Հենց որ համոզվում ենք գրքի հոգևոր կամ գեղարվեստական արժեքի մեջ, հարկավոր է ձեռք բերել այն: Մոտիկից և համակողմանիորեն կարելի է ծանոթանալ միայն այն ստեղծագործություններին, որոնք միշտ մեր ձեռքի տակ են: Իսկ հեղինակի հետ առաջին անգամ հանդիպելու համար միանգամայն տեղին և նույնիսկ խելամիտ է գիրքը ժամանակավորապես օգտագործման վերցնելը: Քանի որ մենք որոշել ենք «որդեգրել» այն, պետք է նրան քաղաքացիության իրավունք շնորհենք: Ամուսնանալ պետք է այն կնոջ հետ և գնել այն գրքերը, որոնց հետ դու կցանկանայիր ապրել ամբողջ կյանքում:



 



Իսկ ինչպե՞ս պետք է կարդալ: Եթե գիրքը մեզ հրապուրում է, ապա առաջին անգամ մենք այն կարդում ենք արագ և հափշտակված: Մենք ուղղակի կլանում ենք էջերը: Բայց հետագայում (իսկ լավ գիրքն ընթերցում և վերընթերցում են շատ անգամ) պետք է կարդալ մատիտը կամ գրիչը ձեռքին: Ոչ մի բան այնպես չի ձևավորում ճաշակն ու դատողությունը, ինչպես դուր եկած հատվածն արտագրելու կամ խորիմաստ միտքը նշելու սովորությունը: Հարկավոր է ինքն իրեն խոսք տալ ոչինչ բաց չթողնել այն գրողներին ընթերցելիս, որոնց իսկապես գնահատում ես: Ով Բալզակի գրքերում բաց է թողնում փողոցների կամ տների երկար նկարագրությունները, չի կարող նրա իսկական գնահատողը համարվել:



 



Շատ արդյունավետ է ընթերցանության «աստղաձև» մեթոդը. ընթերցողն ընդլայնում է իր հետաքրքրությունների շրջանակը՝ հիմնական գրքից կամ սյուժեից շարժվելով տաբեր ուղղություններով՝ կարծես աստղի ճառագայթներով: Օրինակ՝ ես կարդում եմ Պրուստին և հիանում նրանով: Խորանալով նրա գրքերի մեջ, իմանում եմ, որ ինքը՝ Պրուստը հիացել է Ռեսկինով, Ժորժ Սանդով: Անցնում եմ Ռեսկինին ու Սանդին. այն, ինչ Պրուստի նման ընթերցողը համարում էր լավ, չի կարող անտարբեր թողնել նաև ինձ: Իսկ Շառլ Դյու Բոն ինձ հանդիպեցրեց «Կրկնակի կորուսյալ Էվրիդիկային»: Մորիս Բարինգն ինձ իր ժամանակին հաղորդակից դարձրեց Չեխովի, Գոգոլի հետ: Այսպես էլ առաջանում են հոգևոր բարեկամության կապերը: Ժամանակն է, որ դուք էլ որոշեք ձեր տեղը: Մնա՜ք բարով:



 



թարգմ. Ա. Խոցանյան