Երևանի և Մարսելի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

Երևանի և Մարսելի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը ստորագրել են Երևան-Մարսել համագործակցության համաձայնագիր, համաձայն որի կողմերը պարտավորվել են խորացնել և ամրապնդել հարաբերությունները: Սույն համաձայնագրի ստորագրումն, ըստ էության, դեռևս 1992թ.-ին ստորագրված ու 2001 և 2007թթ.-ին վերակնքված համագործակցության համաձայնագրի շարունակականության ապահովման նպատակ ունի: Ստորագրված համաձայնագրով երկու քաղաքների միջև կիրականացվի տեղեկատվության և փորձի փոխանակում այն ոլորտներում, որոնք յուրաքանչյուր քաղաքի զարգացման գործընթացում ունեն կարևորագույն ազդեցություն: Մասնավորապես, կյանքի կկոչվեն փոխշահավետ ծրագրեր՝ մշակույթի, տնտեսության և զբոսաշրջության, կրթության, սոցիալական, առողջապահության, ինժեներական և քաղաքաշինության կառավարման, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում:
Ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո Երևանի և Մարսելի քաղաքապետերը պատասխանել են լրագրողների հարցերին:



 




«Այսօր մենք այստեղ ենք Երևանի քաղաքապետի հրավերով, և շատ ուրախ եմ լինել Երևանում: Մեր պատվիրակության անդամները տարբեր բնագավառների ներկայացուցիչներ, են և մենք բոլորս մեծ ուրախությամբ ենք եկել Երևան: Այսօր մենք ստորագրեցինք համագործակցության նոր համաձայնագիր, որով նոր սկիզբ կդնենք նաև մեր փոխգործակցությանն ու էլ ավելի  կսերտացնենք մեր երկու ժողովուրդների միջև առկա բարեկամությունը»,- նշել է Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ համոզմունք է հայտնել, որ ստորագրված համաձայնագրի շրջանակում, կարճ ժամանակ անց, կողմերը հպարտությամբ կներկայացնեն համագործակցության նոր արդյունքները:



 



«Ստորագրված համաձայնագրով մենք թարմացրեցինք երկու քաղաքների միջև առկա փոխգործակցության ոլորտները: Արդեն 21 տարի է, ինչ Երևանն ու Մարսելը համագործակցում են, և արդեն ունենք արդյունքներ ոչ միայն խոսքերով, այլև փաստերով: Երկու քաղաքներն ունեն մեծ ձեռքբերումներ, և ես վստահ եմ, որ այս համաձայնագրի շնորհիվ մենք կկարողանանք էլ ավելի ընդլայնել համագործակցության շրջանակները, ինչն իր հերթին օգտակար կլինի նաև երկու քաղաքների բնակիչների  համար: Օգտվելով առիթից՝ ուզում եմ այս համագործակցության համար շնորհակալություն հայտնել Մարսելի մեր հայ համայնքին, որն իր մեծ դերակատարումն ունի երկու քաղաքների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների զարգացման գործում: Այս համաձայնագրով ավելի կամրապնդվի նաև երկու ժողովուրդների միջև առկա դարավոր բարեկամությունը, և մենք կկարողանանք կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշել ենք»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: