Կոմպոզիտորների միության նոր նախագահի անունը պարզ կլինի վաղը (լուսանկարներ)

Կոմպոզիտորների միության նոր նախագահի անունը պարզ կլինի վաղը (լուսանկարներ)

Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր Հայաստանի կոմպոզիտորների միության համագումարն էր: Նախասրահում ջահերից կախված էին Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան անմխիթար վիճակի մասին  պատմող լուսանկարներ: Պարզվեց` համագումարի բացումը լինելու է ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով: Բայց դա միակ անակնկալը չէր, համագումարից րոպեներ առաջ պարզ դարձավ նաեւ, որ այսօր լինելու են միայն ելույթներ, իսկ կոմպոզիտորների միության նախագահի ընտրությունները նշանակված է վաղը: Միության նախագահի թեկնածու, կոմպոզիտոր Արամ Սաթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք էլ են դրա մասին իմացել երեկ, մինչդեռ համագումարի օրակարագի, ընթացակարգի մասին առնվազն 14 օր առաջ պետք է ծանուցվեին:  



 



Ըստ կոմպոզիտորի` դրանով փորձ է արվում շեղել բոլորի, այդ թվում լրագրողների ուշադրությունը բուն խնդրից: Ի պատասխան դրան` Ամիրխանյանն էլ նշեց, որ չեն ցանկացել համագումարը սահմանափակել ժամանակային առումով եւ եթե պետք լինի, ապա 3 օր կանեն: Համագումարի ընթացքում արդեն Ամիրխանյանը հանդես եկավ խիստ պաթեթիկ ճառով` նշելով, որ եթե բոլորն ուզում են, որ ինքը հեռանա, ապա անմիջապես կհեռանա, որից հետո պահանջեց չարատավորել կոմպոզիտորների միության սրբազան անունը ու ձեռքը խփեց ամբիոնի փայտին, ինչին հաջորդեց դահլիճից արված մի ռեպլիկ. «էս մարդուն պետք է հանել»: Համագումարի ընթացքում ինչպես եւ կանխատեսելի էր ելույթ ունենալու ցանկացողները շատ էին, բայց նախագահության ղեկավար Վլադիլեն Բալյանը ոչ բոլորին տվեց այդ հնարավորությունը:



 



Քիչ առաջ ավարտված համագումարը կշարունակվի արդեն վաղը` կոմպոզիտորների միության դահլիճում ժամը 11.00-ին: Մեզ հետ զրույցում` կոմպոզիտոր Արամ Սաթյանը նշեց, որ վաղվա համագումարի զարգացումներից է կախված նախագահի ընտրությունները կտեղափոխվեն մյուս օրը, թե վաղն արդեն պարզ կլինի ով է կոմպոզիտորների միության նոր նախագահը: 





 





 










 





 








 



 



















































































Սոնա Ադամյան



Լուսանկարները` hraparak.am -ի



Հեղինակ` Սոնա Ադամյան