Նշանավոր հայերը՝ թիրախի տակ

Նշանավոր հայերը՝ թիրախի տակ

Օտար ափերից հայ ազգի մի խումբ անվանի դեմքեր միացել են Հայաստանում բոլորի համար հավասարության եւ արդարության ապահովման մասին հայտարարությանը:



 



«Ի պատասխան Հայաստանում շրջանառված «հակաքարոզչական» օրենսդրության նախագծի` ձեւավորված Ռուսաստանում վերջերս ընդունված եւ լայնորեն դատապարտված օրինագծի օրինակով, մենք, համընդհանուր հայկական համայնքի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, համոզված ենք, որ նույնասեռականության դեմ նախապաշարմունքների օրենսդրորեն ամրագրման փորձերը հակասում են մեր արժեքներին: Մենք հավատում ենք, որ արժանապատվությունը, հավասարությունը եւ ինքնարտահայտման իրավունքը բոլորի համար են` անկախ կրոնից, սեռական կողմնորոշումից, գենդերից կամ ռասայից»:



Այս հայտարարությանը միացել են կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, նրա կինը` դերասան եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը, երաժիշտ Սերժ Թանկյանը, բանաստեղծներ Դավիդ Խերդյանը, Փիթըր Բալաքյանը, մի շարք բեսթսելլերների հեղինակ Քրիս Բոհջալյանը, Նենսի Գրիգորյանը, Արթուր Ներսեսյանը, լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը եւ այլք:



 



Եվ ահա, սոցկայքերում քյառթուներն ու թունդ ազգայնականներն իրենց պատերը ջղակսկիծ հուզմունքով են պարուրում: Եթե իհարկե ժամանակին դիտում էին Էգոյանի ֆիլմերը, լսում Թանկյանի հիթերը (թեպետ խիստ կասածելի է, որ լսում էին, իհարկե՝ բացի «Բարի արագիլ» երգից), մեկ հարվածով երես են թեքում հայ արվեստագետների ստեղծագործություններից: Էլ ինչ հայ արվեստագետ, ինչ ռեժիսոր, գրող, երգահան, որ գեյերի, լեսբուհիների համար դոշ է ցցում, չէ, բա ո՞ւր մնաց «ազգային դիմագիծը», «թասիբն ու նամուսը», մեր «ադաթը»: Իսկ երբ գալիս է այս տեսակավորումներին եւ երեւակայական թռիչքներին լրջորեն սահմանումներ տալու ժամանակը, առաջամարտիկները լռում են կամ հակահարվածում թույլ, խեղճուկրակ շեշտադրումով, ասենք՝ հայհոյանքով, որից հետո՝ ատամներ փշրելու սպառնալիքով, որ աղբյուրի պես ջինջ հայ չի մնացել, որ հիմա էլ ուզում եք էղածին «գալուբոկ» կամ «լեզբուկ» սարքեք: Եվ ռոք երաժշտության համաշխարհային աստղ Սերժ Թանկյանին արդեն իսկ ուղարկում են ԼԳԲՏ անձանց ծոցը:



 



Եվ ով իմանա, գուցե եկող տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնին Ատոմ Էգոյանը հայրենական, մաքուր ադաթավոր, տեղական սեքսին հավատարիմ ու դրա կանոնները հիշատակող պաստառներով դիմավորվի: Այսպես ասած՝ դեռեւս չհանգող հրաբխի (գենդերի) համատեքստում հայ արվեստագետները, միանալով այս հայտարարությանը, հասարակության գուցե լայն շրջանակներում վտանգի տակ են դնում մինչ այդ ունեցած իրենց վարկանիշը, իսկ թերեւս փոքր թվով մարդկանց աչքին ավելի բարձրանում` որպես խիզախ մտավորականներ, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, նրանց հավասարության պաշտպաններ:



 



Մեր հասարակությունը՝ ուզի թե չուզի, օրերից մի օր վերջնականապես լուծելու է ժամանակակից աշխարհի կեցության համար այս խիստ էական հարցը, որին օտար ափերից անդրադարձել են հայ նշանավոր դեմքերը, բայց սրա հետ մեկտեղ, Հայաստանն ունի նաեւ բազմաթիվ հրատապ, օրակարգային խնդիրներ` աղետալի արտագաղթ, համատարած ապօրինություններ, աղքատություն… Եվ այս հարցի կողքին մեծ բարեբախտություն կլիներ, եթե համաշխարհային ճանաչում ունեցող մեր հայրենակիցները միահամուռ հայտարարությամբ հանդես գային եւ դատապարտեին երկիրը կործանման հասցրած իշխանությունների «քաղաքականությունը»: Այլապես հետո հնարավոր է ամեն ինչ կարգավորվի, բայց առանց պետականության ու առանց հայրենիքի:



 



Արամ ՊԱՉՅԱՆ