Դիլիջանի ստեղծագործողների տան համար կռիվ է գնում

Դիլիջանի ստեղծագործողների տան համար կռիվ է գնում

Այն ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին ամենաքիչն իմ անձնական ողբերգությունն էր. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոմպոզիտորների միության նախկին նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը:



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին երկու ձայնի առավելությամբ Կոմպոզիտորների միության նախագահ ընտրվեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը՝ փոխարինելով 22 տարի Միությունը նախագահող Ռոբերտ Ամիրխանյանին: Ամիրխանյանի խոսքով իր չընտրվելը մեր ժամանակների պառակտվածությունների հետ կապված իրադարձություն էր։



«Մեզ մոտ նյութապաշտական ընթացքը բավական խորը մտավ, և ես չէի ցանկանա հիմա գնահատել նրանց քայլերը, այլև շնորհակալություն եմ հայտնում բոլոր վատ բաներին, քանի որ դրանք ինձ տանում են դեպի լավ բաները»,- նշեց կոմպոզիտորը։ Միությունում կատարվածը նախկին նախագահը որակեց որպես կազմակերպված քայլ։ Նրա խոսքով, խնդիրն այն չէ, թե քանի կոմպոզիտոր է իրեն դեմ դուրս եկել, այլ այն, որ «նրանք փորձեցին վարակել երիտասարդությանը եւ վարակվեցին»։






Ըստ Ամիրխանյանի կոմպոզիտորների միությունում պառակատվածություն է, այնտեղ այժմ էլ Դիլիջանի ստեղծագործողների տան համար կռիվ է գնում։ «Չեմ ուզում թաքցնել՝ նաև Դիլիջանի ստեղծագործական տան կռիվը կա, որի շուրջ դրսի օղակները հետաքրքրություն ունեն»,- նշեց Ռոբերտ Ամիրխանյանը՝ հավելելով, որ միության անդամներից շատերը դեմ են, որպեսզի դրսից մարդիկ ինտեգրվեն այնտեղ: