Հույսներդ կտրեք, որ Հասմիկ Պողոսյանը հրաժարական կտա

Հույսներդ կտրեք, որ Հասմիկ Պողոսյանը հրաժարական կտա

Իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով ամայացած ու աղքատ երկրում կառավարությունը փորձում է աշխուժություն մտցնել՝ քամի, ավելի ճիշտ՝ միջանցիկ քամի անելով: Արտագաղթի դեմն առնելու, մարդկանց կյանքը բարելավելու փոխարեն կզբաղվեն մի շատ «կարեւոր»,  պետության ապագայի ու գոյության համար կենսական նշանակություն ունեցող հարցով՝ երկու գերատեսչություն կտեղափոխեն Գյումրի:



 



Այս տեղափոխությունն ընդամենը բեռնատարով  նախարարության գույքը տեղափոխել չէ: Այն  պահանջում է զոհեր, գործազրկություն, դժգոհություն եւ, վերջապես, ֆինանսական ահռելի ծախսեր, որը կարելի էր անել այդ ոլորտները բարելավելու ուղղությամբ: Բնականաբար, նախարարության առաջին էշելոնից բացի, ոչ ոք չի տեղափոխվի Երեւանից Գյումրի: Իսկ այս էշելոնի համար հարկատուների հաշվին հատուկ պայմաններ կստեղծվեն, որպեսզի հաղթահարեն մարզային նախարարի ու փոխնախարարների «խարանը», եւ Գյումրի գնալ-գալն արդարացված լինի: Քաղծառայողները, բնականաբար, չեն տեղափոխվի Գյումրի, նախ՝ որ ճանապարհն է երկար, հնարավոր չէ ամեն օր Երեւանից Գյումրի աշխատանքի գնալ: Բացի այդ էլ՝ աշխատավարձն այնքան բարձր չէ, որ աշխատանքը չկորցնելու համար նույնիսկ պատրաստ լինեն Գյումրիում բնակություն հաստատել: Առավել եւս,  եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Գյումրիում առանձնապես ազատ շենքեր չկան, եւ երկրաշարժից տուժած հազարավոր ընտանիքներ դեռ տնանկ են: Այս տեղափոխության հետ կապված՝ տասնյակ խնդիրներ ու հարցեր են ծագել, որոնց պատասխանները չունեն նախաձեռնության հեղինակները, որոնք դարձյալ, դրսի օրինակով ոգեւորված, փորձում են ինչ-որ նորարարություն անել, որի հետեւանքներն են միայն տեսանելի: Նույնիսկ առավելություններ չեն կարող մատնանշել:



 



Ակնհայտ է, որ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները Գյումրի տեղափոխելով ՝ երկրի մշակութային ու սպորտային կյանքում բեկում չի լինելու: Ոլորտը բարելավելու համար նախարարներն իրենց տեղերում ընդամենը պետք է սրտացավ աշխատեն, քաղաքականություն մշակեն, պայմաններ ստեղծեն մշակութային կյանքի աշխուժացման համար, տուրք չտան օլիգարխների բիզինես-պրոյեկտներին՝ մշակութային կոթողները սուպերմարկետների վերածելով, ինչպես եղավ Փակ շուկայի դեպքում: Հասմիկ Պողոսյանին Շիրակ գործուղելը նույնիսկ տպավորություն է ստեղծում, թե մտադրվել են  Գյումրիում ծաղկեցնել սուպերմարկետների ցանցը: Իսկ այս ցանցը մշակութայնացնելը տիկնոջ մոտ գերազանց ստացվեց: Այնուամենայնիվ, նույն ինքը՝ Պողոսյանը, չի կարողանում մի պատճառ նշել, հանուն որի արժե այդ  տեղափոխությունն իրականացնել:



 



«Ես չեմ կարող հստակ պատասխանել, բայց հաստատ գիտեմ, որ 2013 թվականին մշակույթի  նախարարության ներկայությունը Գյումրիում ավելի ակտիվ էր, որ մշակութային  նպատակային ծրագիր իրականացրինք մշակութային քաղաքում, որի պատճառով մենք ավելի հաճախակի եղանք, ծրագրեր իրականացրինք, խնդիրներ լուծեցինք, ես կարծում եմ, որ դա քաղաքին օգուտ բերեց, որ Գյումրիի վրա պետք է մշակութային շեշտադրումն ավելի ակտիվանա, ուժեղանա, դա միանշանակ է:



 



Երբ որոշվեց՝ նոր դրա մասին կխոսենք»,-ասաց նախարարը մեզ հետ զրույցում:  Կառավարությունում էլ դեռ հստակ ասելիք չունեն, երեկ տեղեկացանք, որ առաջիկա օրերին հանձնաժողով է ձեւավորվելու՝ տեղափոխման հետ կապված տեխնիկական ու ֆինանսական հարցերը հաշվարկելու նպատակով, որը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի կամ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, կամ կառավարության աշխատակազմի ղեկավար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:



 



Հայտնի չեն նաեւ այն շենքերը, որտեղ կտեղակայվեն գերատեսչությունները: Թերեւս մի քանի օրից կուրվագծվեն շատ հարցեր, բայց Հասմիկ Պողոսյանը դեռ ոչնչով չի գայթակղվում, նրա համար այդ գաղափարն ի սկզբանե անհրապույր է եղել, ու կառավարությունում բացահայտ ցուցադրում է, որ իր սրտով չէ մարզ գնալը: Նրա ցանկությունն ու սրտի հրամայականը ոչ մեկը հաշվի չի առնում, հակառակը՝ վարչապետը Հասմիկ Պողոսյանին պարտադրում է ոչ միայն սիրել այդ գաղափարը, այլեւ նույնիսկ ապրել այդ երազանքով:



 



Այսինքն, այս գաղափարը վարչապետը փաթաթել է տիկնոջ վզին, ու իբր դա քիչ է, մի բան էլ այն հրապարակայնացնում է: Այս մասին Տիգրան Սարգսյանը հայտարարեց  վերջերս Գյումրի կատարած այցի ժամանակ՝ ասաց, որ Պողոսյանն այդ երազանքով է եկել Գյումրի եւ ողջ ճանապարհին իրենց համոզում էր երազանքն իրականություն դարձնել: Իսկ երբ վարչապետի բացակայությամբ տիկին Պողոսյանին ԱԺ-ում հարցրինք՝ իր համար միեւնո՞ւյն է, թե որտեղ կաշխատի, խոժոռվեց. «Ի՞նչ եք ուզում Ձեր հարցով ասեք, որ ես ասեմ՝ ավելի դժվար կլինի… Ի՞նչ եք ուզում»:



 



- Դուք կարող եք ընդամենը թվարկել դժվար եւ հեշտ կողմերը:






- Եթե նպատակահարմար գտնվեց, ուրեմն դա պետք է կատարվի, դժվար է, թե հեշտ, որեւէ նշանակություն չի կարող ունենալ:



 



- Ձեզ համար ինչպիսի՞ն է Գյումրի տեղափոխվելու գաղափարը:






- Հարցը դեռ քննարկվում է, ավարտին չի հասցված, սպասեք, էլի:



 



- Ասում են, թե՝ Դուք չեք ուզում եւ արհեստական խոչընդոտներ եք ստեղծում, որ ձախողվի գաղափարը:



 



- Սիրելիս, ո՞վ ա տենց բան ասում, մարդիկ վիրտուալ որ իմ հետ նույնիսկ չեն շփվում, իմ երեսը չեն տեսնում, կարծիք են հայտնում, շատ հետաքրքիր է:



 



- Հայտնողները Ձեր շրջապատից են, ովքեր Ձեզ շատ հաճախ տեսնում են:






- Չեմ կարծում, ոչ:



 



- Իսկ կարո՞ղ է Գյումրի տեղափոխվելու պատճառով հրաժարական տաք:



 



- Չի կարող, հույսդ կտրի: 



 



 Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]