Սպիտակ ձեռնոցներով

Սպիտակ  ձեռնոցներով

Պուտինի այցի օրը ընդվզող զանգվածի մեջ չէր արեւմտամետ եւ ՄՄ անդամագրությանը կատեգորիկ դեմ Դավիթ Շահնազարյանը:



Մինչդեռ Պուտինի այցից մի քանի օր առաջ նույն Շահնազարյանը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի՝ ՄՄ-ում Հայաստանի գաղութացման դեմ կազմակերպած հանրահավաքին ներկա էր եւ խրոխտ պայքարի կոչեր էր անում Հայաստանի բռնակցման դեմ:



 



«Քաղաքացիական դիմադրություն պետք է լինի, եւ դրանք հետագայում պետք է ձեւավորվեն ու դառնան դիմադրության շարժում, որպեսզի մենք կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը եւ դադարեցնենք այն գործընթացը, որը հիմա սկսված է, որի նպատակն է ՀՀ-ն դարձնել ռուսական իմպերիայի մաս»,- հայտարարում էր Դ. Շահնազարյանը:



 



Պարզվում է, սակայն, որ, «տհաճ» զուգադիպությամբ, Շահնազարյանը ՌԴ նախագահի այցի օրերին Կիեւից ինչ-որ սեմինարի հրավեր է ստացել եւ այժմ էլ Կիեւում է սկսել խրոխտ ելույթներ ունենալ: Հնարավոր է, որ դա հույժ կարեւոր սեմինար է, բայց փաստ է, որ Պուտինն ամեն օր չի գալիս Հայաստան, եւ Հայաստանի բռնակցման դեմ պայքարը չի կարող ելույթներով սահմանափակվել:



 



Ի դեպ, նախօրեին փորձեցինք Շահնազարյանից պարզել իր բացակայության պատճառները, սակայն նա, որպես կանոն, պատասխանում է միայն մի քանի «ընտրյալ» լրատվամիջոցների հարցերին: