Ես թքած ունեմ կարևոր պերսոնների կարևոր գործերի վրա

Ես թքած ունեմ կարևոր պերսոնների կարևոր գործերի վրա

Արցախյան պատերազմի թունդ շրջանն էր: Մի երկու օրով Երևան էի եկել: Ասես դրախտ էի մտել. ոչ կրակոց, ոչ հրետակոծություն, ոչ լարվածություն: Տևական ժամանակ անընդհատ հրետակոծության տակ գտնվող սահմանամերձ տարածքում ապրողի համար մի անսովոր հանդարտություն, խաղաղություն էր: Ես կարող էի ազատ ճեմել, զրուցել ու չանհանգստանալ: Կարող էի պառկել, հանգստանալ, քնել՝ ինչքան սիրտս ուզում էր: Կարող էի նույնիսկ երազել: Այդ ամենն ինձ անարդար էր թվում՝ իմ հրաշք քաղաքն ամեն օր հրետակոծվում է, իսկ այստեղ այնպես հանգի՜ստ են, ասես աշխարհի մի հեռավոր կետում էր պատերազմ տեղի ունենում: Գործնական հանդիպում ունեի ու երևանյան գործընկերներս որոշեցին սրճարանում մի բաժակ սուրճի շուրջ անցկացնել խոսակցությունը: Ուրախ երաժշտություն էր միացված, ու մարդիկ, վերացած ամեն ինչից, ուրախանում էին: Զգացի, որ այդ անտարբերությունից ներվերս տեղի են տալիս, ուզում եմ գլուխս առնել ու փախչել, բարկությունից սրտիս զարկերը լսում էի:  Այնքան սովորական թեմաներով էին խոսում, նույնիսկ չէին հարցնում՝ իսկ ձեր մոտ շա՞տ են զոհեր լինում, ասես մենք ուրիշ հայեր լինեինք, ու այդ կռիվը վերաբերվում էր միայն սահմանամերձ տարածքին: Այդ խորը վիրավորվածությունն առ այսօր պահում եմ իմ մեջ ու առ այսօր զգում: Կարծում եմ իրեն կարևոր պերսոն համարող անձն էլ մինչև հիմա չի մոռացել իմ նետած խոսքերը՝ Հայաստանը միայն Երևանը չէ: Ինչու՞ չեք խոսում նաև սահմանամերձ տարածքում կռվող ու ձեր թիկունքը պահող մարդկանց մասին: Եթե այն ժամանակ հատուկենտ էին նման պերսոնները, այսօր համատարած են: Ոչ մեկին կուսակցական, թայֆայական շահերից այն կողմ բան չի հետաքրքրում: Թե ինչ վիճակում են սահմանամերձ տարածքները, թե վերսկսվող պատերազմի  ժամանակ սահմանամերձ շրջաններում ապրող լինելու՞ է, ասես ոչ մեկին չի հետաքրքրում, ամեն մեկն իր կալվածքն ու դղյակն է ընդլայնում, ազդեցության ոլորտը, կուսակցական  շրջանակները: Մինչդեռ թվերը մեր փոխարեն լաց են լինում. «2013 թ. Սյունիքից արտագաղթել է 11 հազար մարդ՝ ազգաբնակչության 7,3 տոկոսը:
Ասել է թե՝ իսպառ դատարկվել է 3 Ագարակ, 4 Մեղրի, մեկուկես Սիսիան, կես Գորիս և մեկ քառորդ Կապան... »:



Ես թքած ունեմ կարևոր պերսոնների կարևոր գործերի վրա ու չեմ հասկանում՝ ո՞րն է նրանց գործը…



 



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ