Հրաչ Քեշիշյանն արձագանքում է

Հրաչ Քեշիշյանն արձագանքում է

Հրաչ Քեշիշյանը ֆեյսբուքյան բավականին ծավալուն գրառում է կատարել «Մարդիկ ձեր վաստակի վրա չեն չարացած, այլ ուրի՜շ բանի, և դա միայն Հրաչին չի վերաբերվում» վերտառությամբ հոդվածիս տակ: Երբ ընթերցեցի, նրա մեջ գտա ողջ հումքը, ինչ պիտի ասեր  «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին: Գրառումը հետաքրքիր է այն առումով, որ վերջին շրջանում իշխանությանը մոտ կանգնած արվեստագետներն անընդհատ քննադատվում, ծաղրվում, սարկազմի են ենթարկվում, բայց ոչ մեկը լեզու չի թրջում ու հարկ չի համարում արձագանքել: Որդեգրել են իշխանավորների տակտիկան՝ խոսում են, թող խոսեն: Կխոսեն, կխոսեն ու կլռեն: Բայց ի զարմանս ինձ, Հրաչ Քեշիշյանն արձագանքեց: 



«Ազատություն» ռադիոկայանում ֆեյսբուքցիների հարցերը՝ սարկազմը հանած, հիմնականում նույն բնույթի էին, անընդհատ շեշտվում էր սերտ կապը իշխանությունների հետ ու հարցերը նախապատրաստվել էին այդ ուղղությամբ: Եվ ահա Հրաչի գրառման մեջ գտա այդ հարցի ի՛ր պատասխանը, որը մեջբերում եմ.



«Hrachya Keshishyan Հասմիկ ջան, ախր որ էդպես չարացած ենք ու կարծում ենք, թե էս Երկրի խնդիրը իշխանությանը սպասարկող արվեստագետները, նրանց անուշադրությունն է կամ ամպահովանի պահելը, երբեւէ հարցրել եք արվեստագետը ոնց ա ապրում, քանի ժողովրդական արտիստի դուռ եք թակել ու էդ մեծության ու ծերության մեջ ապրող մարդկանց հարցրել, մարդկանց մասին գրել։ Թե մենք մեր ամեն քայլի համար պիտի զեկուցենք, թե ուր ենք գնում, ոնց ենք մարդկանց հետ հանդիպում, շփվում, ոնց ենք սարերում քնում ու ցեխի ու ցրտի մեջ աշխատում, պիտի գանք ու սազն առենք ու ասենք տեսեք մենք մտածում ենք ժողովրդի համար, որ դուք հավատա՞ք»:



Այս փոքրիկ հատվածում քաղաքական մեծ հարց է բարձրացվում՝ կարծում ենք, թե էս Երկրի խնդիրը իշխանությանը սպասարկող արվեստագետներն են…  Ճիշտ է նկատում, էս երկրի խնդիրը ուրի՜շ խնդիր է: Համակարգային, ավելի խորը խնդիր է, երկիրն այս օրը գցողների խնդիրն է: Գլխավոր դերակատարների խնդիրն է: Բայց մեզ համար ավելի հեշտ է երկրորդական դերակատարների վրա գնալ, քան՝ գլխավորի: Ուրեմն արվեստագետը տեսնում, նկատում, զգում է, որ ինքը պարզապես զրահ է՝ գլխավորի վրա չգնալու համար: Տեսնում ու լռում է, տեսնում ու ոչինչ չի անում: Հենց այդ պասիվությունը, անտարբերությունն է այն չարիքը, որի մասին ֆեյսբուքն աղմկում է՝ ինչու՞ ես անտարբեր Շուշան, Նունե, Հրաչ… Դաժան բան է քաղաքականությունը. մեր Գոհարը, Լուսինեն, Օֆելյան որ քաղաքականության մեջ չկային, ո՞վ էր նրանց ստիպում՝ քաղաքականությունից խոսել:



… Իսկ եթե արդեն քաղաքական դաշտ ես մտել, ուրեմն պիտի քեզ ծնած, սնած, փայփայած ժողովրդի կողքին լինես և ոչ թե իշխանավորի: Իշխանավոր եմ ասում, որովհետև նրանք իշխանության  կրողներն են, ոչ թե իշխանություն՝ փոփոխական , անցողիկ ու նրանց հետ լինել, նշանակում է նույն սեղանից օգտվել: Մարդիկ դա լավ են հասկանում: Էս երկրի խնդիրը ավելի խորն է, հասկանում ենք, բայց արվեստագետներն ավելի են խորացնում՝ կանգնելով նրանց կողքին, ովքեր ստեղծել են այս իրավիճակը: Ինչ վերաբերվում հարցի երկրորդ մասին՝ քանի՞ ժողովրդական արտիստի դուռ եք թակել ու էդ մեծության ու ծերության մեջ ապրող մարդկանց հարցրել, մարդկանց մասին գրել: Ասեմ, որ շատ, շա՜տ… Բայց ավելի շատ թակել ու գրել եմ շարքային քաղաքացու ապրելակերպի մասին: Ողջ հայկական հեռուստատեսությունը քո ասած գործին է լծված՝ դուռ են թակում ու ամեն անգամ հայտնաբերում  դրախտային պայմաններում ապրող մի արվեստագետ: Ես անգամ անգիր գիտեմ, թե մեր հայտնիներից ով ինչ մարկայի մեքենա, լվացքի մեքենա, փոշու մեքենա ունի: Ով ինչ է ուտում, երբ է ուտում, քանի անգամ է ուտում: Ինչու՞ միայն ես, ողջ Հայաստանը զբաղված է մեր հայտնիների ունեցվածքի հանրային քննարկմամբ: Այդ հնարավորությունը մեզ տալիս է հանրային հեռուստատեսությունը: Այդքանից հետո ե՞ս էլ գնամ ու հարցնեմ՝ Շուշո, ո՞նց ես, որտե՞ղ ես ճաշում կամ հանգիստդ վայելում: Բայց ա՜յ քո ապրելակեպը՝ Հրաչ, այնքան էլ քննարկման թեմա չի եղել: Դա լավ է ու գնահատում եմ, բայց ինչու՞, ինչու՞ ես դուրս մնացել հանրային քննարկումից: Սա էլ լուրջ հարց է:



Հրաչ Քեշիշյանը բացահայտում է անում: Իրոք, բացահայտում է: Ահա թե ինչ է գրում. « Hrachya Keshishyan Թե Հասմիկ ջան, դուք աշխատավարձ չեք ստանում ու հոգու պատվեր գրում ու ջնջում… Չէ, չէ… ձեր մասին չեմ գրում, դուք լավն եք, անաղարտ գրականություն եք բերել Հրապարակ, թե չէ… / Մի նախադասություն հանում եմ, եթե ինձ կպներ, չէի հանի…/



Քավության նոխազ եք ման գալիս, բռնում եք ու բզկտում, մինչեւ Ձեր պատվիրատուները վերջին հարյուր դրամը տան կամ էլ էս ու էն օլիգարխին մի տեղ բռնեք, որ մի քիչ ձեր թերթին օգնի… չէ, Հասմիկ ջան, ձեր մասին չեմ գրում, ուղղակի ընդհանուր եմ ասում, նազենիները, հրաչները, շուշանները ձեռի հետ, որ օրը թեմա չկա… հա ասենք, որ հանկարծ երես չառնեն, դրանք ով են, ոչ փող ունեն, ոչ էլ խելք, բախտներն ա բերել… Դուք ինչ գիտեք մարդկանց մասին, դուք ոնց կարող եք մարդ ուսումնասիրել, սկանդալ լինի, միանգամից պոչը բռնեք ու գնաք… Արվեստի պրիմիտիվիզմից եք խոսում, նայեք լրագրողության պրիմիտիվիզմին. Մի կանոն սովորել եք անձնական օրինակով խնդիր բացահայտել ու ասել, չէ Հրաչ, ախ ոնց չես հասկանում, էս քո դեմ չէր, քո նմանների մասին ենք խոսում… բա մի դուրս եկեք էս պրիմիտիվիզմից, հերոսներ գտեք, նոր կերպարներ, թե ծուլություն կա, էն ա մի երգչուհի, որ պատգամավոր դարձավ, խոսող ա, մի բան ասի կսարքենք, դերասանուհի, հաղորդավարուհի, կին, սիրուն ա, հաջողակ ա, արի նյարդերից կպնենք ու պոկ չգանք… Հրաչն ա, դե հա, եկեք սրան էլ վարի տանք, էլ ոնց կլնի ինչ անում ա, ոնց որ ժողովուրդը նայում ու հավանում ա, բա չասեք, որ հավանելու չի, բա չասենք, որ այ տղա հերիք նկարես, գնա, ոչ մի բան մի արա, նստի ֆեյսբուքում մեր նման անիմաստ գրի, բողոքի, սաղի վրա ցեխ շպրի.. որ մերոնքական դառնաս… թե չէ, գլուխդ կախ, գնացել իշխանություններին ես ծառայում… Էս սենց մեր ու մեր նմանների մասին…»:



Դուք չգիտեմ ինչպես, բայց իմ սիրտը կծկվում է այս խոսքերից, եթե ավելի պարզ փորձեմ բացատրել, սա է նշանակում՝ բոլորս էլ նույն գործին ենք… Այստեղ մի փոքրիկ պաուզա կուզեի տալ՝ ի՜նչ վատ է, որ կան մարդիկ, ովքեր այդպիսին չեն ու տառապում են: Ովքեր գործում են միայն իրենց խղճի ու իմացության պատվերով, ովքեր երևույթներին նայում են որ թե թայֆայության, այլ անաչառության սկզբունքով:  Ու կուզեի , որ այդ գունային միօրինակ գորշությունը չտարածվի բոլորի վրա, որպեսզի յուրաքանչյուրն իր առաջ չարդարանա՝ դե բոլորն այդպիսին են, ես ինչու՞ այդպիսին չլինեմ: Հորեղբայրս Հայրենական մեծ պատերազմում զոհվեց, հերոս էր, ու տատս միշտ ասում էր՝ գերմանու բալան թաղեմ:  Հիմա ես ու՞մ ասեմ, որ Երկիրս այս օրին հասցրեց… որ ոչ մեկն իր տեղում չի, որ բոլորիս միմյանց դեմ հանեց, որ չգիտակցելով՝ թշնամանում ու օտարանում ենք, որ հայհոյանքը դարձավ հաղորդակցության լեզու: Հիմա ես ու՞մ ասեմ այդ դառը ու ամենածանր խոսքերը, ու՞մ… Իսկ Հրաչ Քեշիշյանը շարունակում է. Hrachya Keshishyan Ճիշտ արվեստագետները բլոգեր ունեն, ակտիվիստներ են, տանը նստած համակարգչի մոտ Արվեստի մեծ ուժի ու թե ինչպես խեղդեցին իրենց Մեծ արվեստը թեզն են գրում։ Բա որ սաղս խոսենք, վաղը ինչ ենք մեր երեխեքին թողնելու ֆեյսբուքի արխի՞վը, որ կարդան ու չհասկանան, ինչի չենք կարողացել էս երկիրը ճիշտ կառուցե՞լ։ Ինչեւէ, ամեն անգամ սահման, զորամաս, սահմանմերձ գյուղ կամ որեւէ այլ հայաստանյան բնակավայր գնալիս, ես կոնկրետ, չեմ կարծում, որ հանրությանը պիտի տեղյակ պահեմ։ Սովորենք պատվով ապրել, առանց ուրիշի պատիվը գետնին տալով։ Ես ձեր թերթում երեւալու կարիք չունեմ… մտածեք… P.S. Լուրջ, Հասմիկ հետաքրքիր եք գրում…, ասում եմ, որպես ընթերցող Մի բան էլ, քո բանաստեղծական տեսակով տուր մի միս ու արյուն մարդու անուն, որ էսօր ժողովուրդսՆՐԱՆ համարում է անթերի հեղինակություն։ Պայմանը, ծնվել է, ապրում է, աշխատում է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ