Գործատուն առաջնորդվում է վարչապետի ուզածով, թե՞ Սահմանադրական դատարանի որոշումով

Գործատուն առաջնորդվում է վարչապետի ուզածով, թե՞ Սահմանադրական դատարանի որոշումով

 



Հայաստանում Սահմանադրական դատարանից բարձր դատարան կա՞, ասել է թե նրա օրենքից բարձր օրենք կա՞… Եթե կա, տեղն ասեք՝ ազգովի իմանանք, որ բան է, թե, նրա որոշումից բավարարված չլինենք, ուրիշ տեղ դիմենք: Սահմանադրական դատարանը  Պարտադիր կենսաթոշակայինի հոդվածի կիրարկումը  կասեցրեց: Կասեցվեց նաև պարտադիր կենսաթոշակային վճարման համար պատասխանատվության ենթարկելու մասին հոդվածի կիրարկումը: Էլ ի՞նչ էր պետք, որպեսզի գործատուն աշխատողի աշխատավարձը չգանձի, գործատուին էլ չնեղացնեն:  Մինչդեռ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Ազգային ժողովում լոլո է կարդում ու փորձում  համոզել, որ Հայաստանում գտնվել են աշխատողներ, ովքեր կենսաթոշակայինի կամավորական ջոկատ են մտել, թուր ու թվանք են կապել և ապահով ծերություն են ուզում: Տրանսպորտի որոշումն էլ կասեցվեց, բայց ոչ մի կամավոր չգտնվեց, որ ասի՝ ախպեր ջան, ես կամավոր 150 դրամ եմ վճարում:  Եթե մի հոգի կգտնվի, որ երթուղայինին 150 դրամ է վճարում, ուրեմն մի հոգի էլ կգտնվի, որ ասի՝ գործատու ջան խնդրում եմ իմ կենսաթոշակայինի գանձումն արեք, որ 40 տարի հետո ապահով ծերություն ունենամ: Այդպիսի բան չկա՜, կամավոր բան չկա, մեզ մոտ ո՞վ չգիտի, որ կամավոր անգամ չեն կախվում: Ամեն ինչ բռնի է, ամեն ինչ պարտադրովի է ու  մարդիկ է՛լ ոչ մի բանի չեն հավատում: Մեզ մոտ միայն փողերն առնել ու թռնել են տեսել, ու՞մ հավատան: Կառավարությունը ստիպում է գործատուին, գործատուն էլ ստիպում է ծառայողին:  Եթե կառավարությունը չստիպի գործատուին, գործատուն էլ չի ստիպի աշխատողին: Երբ Նիկոլի բարձրացրած հարցը տալիս էի ծառայողին՝  ինչու՞ չես ասում, որ ՍԴ որոշում կա և պահանջում եմ իմ ամբողջ աշխատավարձը տալ, ծիծաղում էր ինձ վրա՝ բա որ աշխատանքից ազատե՞ն… Հազիվհազ պետական աշխատանքի եմ անցել, մի երկու կոպեկ եմ ստանում՝ դրանից էլ զրկվե՞մ:  Բոլորը նույնն էին ասում՝ ի՞նչ անենք: Գործատուն կանչել, ատամները կրճտացնելով հոխորտացել է… Սա պետական լծակների չարաշահու՞մ է, թե՞ ոչ: Երբ հատուկենտ մոտիկ գործատուի էի հարցնում, նա էլ ասում էր՝ թող ինձ չպարտադրեն, ինձ ի՞նչ, փողն իմ գրպանն է մտնու՞մ:



 Այդքանից հետո կանգնել ու Աժ-ի ամբիոնից հայտարարել, որ կան կենսաթոշակային կուտակման կամավորականներ, առնվազն նշանակում է արհամարհել ու մարդ չհամարել պետական ոլորտում կամ մասնավոր գործատուների մոտ աշխատողներին: Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ մեթոդներով են լռեցնում աշխատողին ու դրա համար էլ նախօրոք այդքան աշխատողներից գանձում են արել, որպեսզի այսօր ասեն՝ կան կամավորականներ: Ոչ մի կամավոր էլ չկա, գանձում կատարվում է առանց աշխատողի կամքը հարցնելու: Եթե կամավոր է, թող այդ գանձվող հիմնարկներում մի հարյուրը հրաժարվեին: Չկա՜, այդպիսի բան չկա: Ընդհակառակը, հիմա էլ գործատուն ասում է. «Երկու ամիս հետո, որ աշխատող այս ամիսներին կենսաթոշակային վճարում չի կատարել, մի քանի ամսվանը միասին են պահելու»:



 Չեմ հասկանում՝ գործատուն առաջնորդվում է վարչապետի ուզածով, թե՞ Սահմանադրական դատարանի որոշումով:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ