Ահա ձեր ծրագրերի իրական արդյունքները

Ահա ձեր ծրագրերի իրական արդյունքները

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատելու է Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերի  2014-2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը, որոնց իրականացմամբ, իբր, կհաղթահարվեն ոչ միայն տարածքային զարգացածության անհամաչափությունները, այլեւ մարզերում կկրճատվի աղքատությունը, կզարգանան ենթակառուցվածքները,  բարենպաստ պայմաններ կստեղծվեն ՓՄՁ-ների համար, որոնցով պայմանավորված էլ՝ կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:



 



Հետաքրքիր է, իսկ մինչ այդ` նույն այս կամ մյուս մարզերի համար  «ստեղծագործաբար» շարադրված ծրագրերն ա՞յլ նպատակներ էին հետապնդում, ասենք` աղքատության շեշտակի ավելացում, գործազրկության ահագնացող աճ, ենթակառուցվածքների կազմաքանդում եւ հազարավոր ՓՄՁ-ների ոչնչացում... Իհարկե` ոչ: Բայց կառավարության աչալուրջ հսկողության ներքո այս բոլորը, այնուամենայնիվ, տարիներ շարունակ տեղի ունեցավ: Խոսենք փաստերով: 2012թ. աղքատության մակարդակը (2013թ. մասով ԱՎԾ կողմից պաշտոնապես ամփոփված չէ) հանրապետությունում կազմել է 32,4%, որից ծայր աղքատները` 2,8%: Մինչդեռ վերոնշյալ մարզերից երկուսում` Լոռիում եւ Շիրակում, այն համապատասխանաբար կազմել է 38,7% եւ 46%, այն դեպքում, երբ ոչ այնքան վաղ՝ 2008թ. աղքատության մակարդակը Լոռիում դեռեւս 34,2% էր, իսկ Շիրակում` 42,4%:



 



Դա այն դեպքում, երբ ծայրահեղ աղքատների թիվն այդ ժամանակահատվածում Լոռիում հասել է մինչեւ 3,4, իսկ Շիրակում` 5,5%-ի:  Սա` ընդամենը կառավարության 4-ամյա անդուլ գործունեության արդյունքում, երբ էլի տասնյակ ծրագրեր էին մշակվում ու միլիոնավոր դոլարներ մսխվում նույն այդ տարածքային զարգացածության անհամաչափությունները եւ, որպես դրա հետեւանք, աղքատությունը հաղթահարելու ուղղությամբ: Սյունիքի մարզն այս առումով նպաստավոր դիրքերում է եղել` բացառապես հանքահումքային արդյունաբերությանը զարկ տալու հաշվին:



Դառնանք նշյալ մարզերում գործազրկության մակարդակի կտրուկ աճին: Բնականաբար, եթե մարզերում ենթակառուցվածքները զարգանային, կամ գոնե եղած միտումները պահպանվեին, գործազրկությունն այսպիսի թափ չէր առնի` գերազանցելով միջին հանրապետական ցուցանիշը մի քանի տոկոսային կետով: Այսպես, եթե 2012թ. գործազրկության մակարդակը հանրապետությունում կազմել է 17,3%, համենայնդեպս, այդպիսին են ԱՎԾ տվյալները, ապա այդ նույն ժամանակահատվածում Լոռիում այն կազմել է 19,8, Շիրակում` 22,4%: Ի դեպ, թե Լոռիում, թե Շիրակում գործազրկության մակարդակն անգամ 2011թ. նկատմամբ է աճել, այն դեպքում, երբ հանրապետությունում, իբր, 1,1 տոկոսային կետով գործազրկությունը նվազել է: Որքան էլ զարմանալի է, մեկ տարվա կտրվածքով` գործազրկությունն աճել է նաեւ Սյունիքում: Ուրեմն` ինչ «արդյունավետության» ծրագրեր են այնտեղ իրականացվում, ինչպիսի սոցիալ-տնտեսական քաղաքականություն է վարվում, որ անգամ երկիրը սնուցող կարեւոր զարկերակը, ինչպիսին Սյունիքն է իր հանքահումքային ռեսուրսներով, չի կարողանում դիմագրավել մեր պետական կառավարման արհավիրքին: Ինչ վերաբերում է զբաղվածների միջին ամսական եկամուտներին, ապա այստեղ եւս, ըստ մարզերի, անհամամասնություններն ակնհայտ են: Եթե Երեւանում 19%-ով այն գերազանցում է հանրապետական միջին ցուցանիշը, ապա տնտեսության մեջ զբաղվածները Շիրակում 22, իսկ Լոռիում 32%-ով նվազ եկամուտներ ունեն, մինչդեռ ծառայությունների սակագներն ու ապրանքների գներն ամենուր գրեթե համահավասար են: Ահա այսպես էլ ապրում են մարդիկ, որոնց երբեք չի սնում ու չի կարող սնել կառավարության անսահման պոպուլիզմը:



 



Մինչդեռ առկա պատկերն իսկապես սահմռկեցուցիչ կլիներ, եթե չլիներ վերջին տարիների մեծ արտագաղթը, որն իր հետ տարավ եւ գործազուրկներին, եւ աղքատներին, ցավոք, նաեւ` մանր ու միջին գործարարներին: Հանրապետությունում, ըստ պաշտոնական վիճակագրության, ընդամենը մեկ տարվա ընթացքում փակվել է ավելի քան 2 հազար մանրածախ առեւտրի օբյեկտ: Սա եւս` ՓՄՁ-ների համար «բարենպաստ պայմաններ ստեղծելու» կառավարության ծրագրերի արդյունքում: Այնպես որ` տառապանքը փորձ ունի:



 



Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ