Նամակ մեր վերջի բալշեվիկ հընգեր նախագային

Նամակ մեր վերջի բալշեվիկ հընգեր նախագային

Մեծարգոհ Նախագա եւ կառավատություն ջան, ձեզի կգրա հայրենակցական պատերազմից էս թե էն կողմ ծնված Պայծառ Տոկոսի Անտերյանը, այսինքս` ինքս: Էն օր մարթս կասի` էդ ջահել թոշակառուների համար 50 տարի հետո պահդատիր կուտակային ֆորդ, թե ֆոնդ եք ստեղծե: Ապրեք, ձեր ջանին մեռնենք, շատ լավ եք մտածե: Բայց հընչի՞  50, ոչ թե 100, ախր էրկու անգամ շատ կստացվեր... իրենցից: Հլա էդ ախմախ ժողովուրդն էլ կասեն դեմ ա ու ըտենց էլ ասում ա. «Մենք հո ախմախ չենք, դեմ ենք ու վերջ»: «Դեմ եմ» սարժում էլ են ըստեղծե անաստվածներ: Մարթս բարկացե, կասի. «Հլա դրանց տեսեք, հլա դրանց անամոթ սարժումներ... տո, դուք հլա իսկական «դեմ» չեք տեսե, այ չաթ... վատներ...»: Ջղայնացած, ինքն էլ դրանց դեմ ա գովազդ... չէ, լոզունգ հնարե. «Ձեր դեմ էլ` իմ դեմը»...



 



Հարկելի... կներես, հարկերի... չէ, վայ թե հարգելի Նախագա ու կառալավություն ջան, ես ու մարթս երկար-բարակ մտածելուց (էդ քու երկար փողերի վրա) ու տալ-առնելուց հետո (հատկապես մեր մի քանի անհասկացող թոռների հետ) որոշեր ենք մե առաջարկութույն էլ մենք անել մեր երկրի ապագայի համար: Մենք (այսինք` ես ու մարթս) մեր սաղ կյանք ախշատեր ենք (չնայած ըտենց էլ տեր չենք էղե մեր ախշատածին): Ջահել-ջահել էն մեր բալշեւիկյան հանրապետական հարազատ պարտիայի կոչով կոլխոզ գնացինք, պլան ու ախշոր (հմի օֆշոր կասեն) կկատարեինք, հետո «Նաիրիտ» մտանք, էն ամենաթուլավոր ցեխեր, էդ կարբիդի ու  պլորո... վայ, չէ, քլորո պլենի ցեխեր: 20 տարի էլ ըտեղ պլեն մացինք: Լավ ա, կասեն էդ գործարան վերջապես ծախե կպցրել եք էն արտասայմանցիների ջանին ու թալե ջուր: Տեղն ա, թող խեղդվեն, մենք ըտոնց... Հա, երկար մտածելուց հետո որոշեր ենք մենք էլ առաջարկություն անել, օգնել էս մեր բարգավաճառված պետության: Նախագա ջան, կուզենք, որ էդ քու պարտադիր կուտակային ֆոնդի հետ բացես նաեւ պարտադիր կտակային ֆոնդ: Այսինքն` մեզնից էլ վերցնես, զմեն թոշակառուներից, ցավդ տանեմ: Ախր մեր երկիր, եթե կուզես ճիշտ իմանալ, հենա հենց թոշակային հանրապետություն ա: Մարթս կասի, որ մեր վրա էլ թաքնված տեսախցիկ դնեն` գիտե՞ս ինչքան փող դուրս կգա: Հլա վայ թե ուրիշ բան էլ դուրս գա: Մարդ կա՞, որ թոշակ չստանա: Մենք` մեր տուն, աշխատող լե` գործի տեղ: Ախր, քիչ չենք ըստեղծե, մեր վերջի հընգեր Նախագա ջան, մեր բերնից, մեր էրեխեքի բերնից ենք կտրե, որ էսօրվա օրը տանք քու բերնի... վայ, ինչ ա կասեմ, իսկականից որ ցնդած պառավ... հա, էն էի ասում, որ քու բեր... քաշատ ջանին մեռնեմ, քու բեր... քառատ կառավարության ջանին էլ: Մարթ ու կնիկ երգ էլ ենք գրե քու վրա.



 



Կեցցե հընգեր Նախագա,



Կուտակային իր ֆոնդով



Մեզի տվեց ապագա...



 



Թոռներս էլ են ոգեւորվե: Արտասայմանում, իհարկե: Շուտ-շուտ ու շատ-շատ փող ա կըղրկեն, որ էդ կուտակային կուտակվի: Պստիկ ծոռս էլ (իրավանբան ա քու կառավարություն)  կասի. «Ադե, ՄԱԿ էլ ենք դիմե օգնության...»: «Վայ, վայ,- կասեմ,- քոռանամ, էլի էն վերմիշելի ու մարթասիրական լոբու ժամանակներ հե՞տ էկան...», «Չէ, ադե,- կասի,- մենք ՄԱԿ-ին որոշում ա կպարտադրենք, որ էդ պարտադիր կուտակային մեզ համար ընդունեն նաեւ զմեն ախշարում: Հընչի՞ մենակ մեզնից պահեն, հնդիկից ու նեգրից չպահեն կամ էն մանր ու անսահման չինացիքից: Դու հասկանո՞ւմ ես, տատի,- ասում ա,- ինչքան կստանանք, էն էլ վայ թե, հլա ըսկի չաշխատած էլ, միանգամից դպրոցից կամ, ասենք` հենց մանկապարտեզից... էն էլ` լրիվ վայլուրտա...»: Մեռնեմ իրա իրավանբան ջանին: Էս ինչ ուրախություն ա կասի: Ես էլ իմ հերթին բռնում, լրացուցիչ դիմում եմ Աստծուն: «Աստված ջան,- ասում եմ,- դու էլ օգնիր, ցավդ տանեմ... մի քիչ էլ դու տուր, խեղճ ու անտեր ժողովուրդ ենք, քո պես տառապած... գոյնե էն քու կուտակած... կամ Որդուդ կտակած...»...



Հետո մտածում եմ. ախր ես ո՞վ եմ, որ ինձ լսի Երկնային թաքավորը, անտեր, ծռմռված թոյշակառու պառավ... Այ, եթե դո՛ւ դիմեիր, թաքավոր Նախագա ջան, քու տիրական ձայնով, անձամբ իրեն, պաշտոնական... կամ հենց գնայիր մոտը ընդունելության... Հիսուս Քրիստոս... էդ ո՜նց կապրեինք, Ամմեն...



Պարտադիր կտակային ֆոնդի հիմնադիր անդամ` Պայծառ Տոկոսի Անտերյան



 



Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ