Քեսաբի ողբերգությունը

Քեսաբի ողբերգությունը

«Այդ հարցը ոչ միայն ինձ, այլեւ մեզ բոլորիս է մտահոգում, սակայն գործողությունների, ծրագրերի մասին խոսելը, իմ կարծիքով, անտեղի է: Բոլորս էլ մտահոգ ենք այս հարցով, բայց մենք իրավասու չենք միջամտել այլ երկրի ներքին գործերին»:



 



Սրանք Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի բեմից հնչեցրած երեկվա խոսքերն են: Սա է Հայոց պետականությունը ղեկավարող ուժերի դիրքորոշումը եւ վերաբերմունքը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, Լաթաքիայի մուհաֆազում, Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին գտնվող  հայաբնակ Քեսաբ գյուղաքաղաքի ապստամբների կողմից հայերի տեղահանության առիթով: Տեղի ունեցած աղետի մասին ոչ ամբողջական ու ցաքուցրիվ տեղեկություններ կարելի է իմանալ մամուլից կամ սոցիալական կայքերում արված գրառումներից, իսկ պետության, նրա արտաքին գործերի նախարարության, ընդհանրապես նրա դիվանագիտության այս տոտալ անհետացման կապակցությամբ գուցե ժամանակն է դիմել Ինտերպոլին: «Բոլորս էլ մտահոգ ենք այս հարցով», «իրավասու չենք միջամտել»:



 



Տեսնես այդ «բոլորն» ովքե՞ր են, այդ ո՞ւմ անունից է խոսում Հովիկ Աբրահամյանը, ժողովրդի՞, թե՞ պետության, ի՞ր, թե՞ կուսակցության: Եվ այդպես էլ անմեկնելի է մնում, թե այդ ինչ խորհուրդ ունի «մտահոգությունը»: Մի տեսակ դժվար է պատկերացնել Աբրահամյան Հովիկին ու նրա թիմին Քեսաբի հայերի համար մտահոգությունից թախծի մեջ ներսուզվելիս, գուցե ավելի ճիշտ բառ դնենք՝ «վշտակրություն»: Հայաստանի իշխանությունները վշտակրում են Քեսաբի հայության տեղահանմանը, վշտակրում են մարդկային կորուստներին, վշտակրում են, որ իրավասու չեն «միջամտել», օգնել նրանց, նեցուկ կանգնել հայրենակիցներին, վշտակրում են, որ աղետը տեղի է ունեցել թուրքական ուժերի անուղղակի կամ ուղղակի մասնակցությամբ եւ օգնությամբ: Սա Դատարկության վշտակրությունն է: Հայաստանի իշխանությունն այլեւս իրեն չպատկանող տարածության ու դրա կազմության հեւող առնետն է՝ վշտակրող Մեծ Դատարկը: Պաշտոնական Հայաստանի ֆիզիկական բացակայությունը պարզապես աչք է ծակում, եւ այս պարագայում դրան  մեղմելու պիտի գա բարոյակողմը: Մի քանի օրից ապրիլի 24-ն է, եւ Հայաստանի իշխանություններին, Ամենայն հայոց կաթողիկոսին մենք կտեսնենք բավականին վշտակիր հոգիներով, եւ այդ հոգիներից կհնչեն բավականին հուզիչ բաներ, նաեւ խիստ պահանջներ կհնչեն, պատերն ու հայացքները  վշտակրով կշաղախվեն: Գոնե դա անել թերեւս հնարավոր է: Չէ՞ որ հոգին է ամենագլխավորը, իսկ Քեսաբ կլինի, թե չի լինի, կհայաթափվի, թե ոչ, սրանք ի՞նչ կապ ունեն էթիկայի ու հոգու հետ:



 



ՀԳ. Երեկ տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ: Նա մասնավորապես ասել է. «Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»: Ապա հայտարարել է, որ իր հանձնարարությամբ ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի եւ Ժնեւի գրասենյակներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները «հետամուտ են լինելու մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման եւ նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»: Դրանով է զբաղվում նաեւ Սիրիայում Հայաստանի դեսպանությունը:



 



Արամ ՊԱՉՅԱՆ