Եղանակի պատճառով որոշ համայնքներ զրկվել են էլեկտրաէներգիայից

Եղանակի պատճառով որոշ համայնքներ զրկվել են էլեկտրաէներգիայից


Եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված` հանրապետության մի շարք համայնքներում ինչպես երթեւեկության, այնպես էլ էներգամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել: Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:



Մարտի 29-ից ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համապատասխան ծառայություններն աշխատանքներ են իրականացնում` համայնքներում էներգամատակարարման խափանումները վերացնելու ուղղությամբ: Աշխատանքների համար դժվարություններ են ստեղծում ձյան առատ տեղումները: Առաջնահերթ կարգով վերականգնվում է առողջապահական եւ սոցիալական մյուս հաստատությունների էներգամատակարարումը:



ՀՀ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի նախարարությունների, ոստիկանության եւ մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարված է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:



ՀՀ քաղաքացիներին մեկ անգամ եւս առաջարկվում է երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում, ինչպես նաեւ հետեւել Արտակարգ իրավիճակների, Տրանսպորտի եւ կապի, պետական այլ մարմինների կողմից իրավիճակի վերաբերյալ տարածվող տեղեկություններին: