Ինչու՞ է Հովիկն այդքան աշխույժ

Ինչու՞ է Հովիկն այդքան աշխույժ

 Էն գլխից ասացին, որ Հովիկը շատ շփվող է: Էս մի բանը ոնց որ թե սուտ չեն ասել: Այնքան շփվող, որ ծնվելուց անմիջապես հետո պարոնյանական ոգով  թաթիկը պարզել է մանկաբարձուհուն՝ ծանոթանանք:



Մանկուց սիրել է շփվել քաղցր կոնֆետների հետ, որտեղ մի կոնֆետ է տեսել,  շփվել է հետը, այնքան մերձ է շփվել, որ գայթակղությանը չդիմանալավ, համփ է արել ու ստացել մուկ մականունը: Քաղաքականության մեջ կոնֆետներին փոխարինելու են եկել կենդանի քաղաքական գործիչներ՝ ոտ ու ձեռով ու շարժվող: Այստեղ հիշատակեմ մի հումորային պատմություն, որով և առաջնորդվում է Հովիկը: Ոմն մի թագավորի չամիչ ու չամչի պես սև միջատներ են տալիս, ստուգելու՝ նրա իմաստությունը: Թագավորը սկզբից ուտում է սև միջատները, ասելով՝ սրանք ոտ ունեն, կփախչեն, սրանց ուտեմ ու հետո անցնեմ մյուսներին: Համեմատությանն էլ գեշ չթվա, հիմա Հովիկն է, բուռն թափով վրա է տվել շարժվողներին: Որտեղ ինչ շարժվում է, ինքը այնտեղ շփվում է: Կապ չունի ակցիա է, թե պետական միջոցառում, կապ չունի ժամադրավայր է, թե բաժանվելու վայր, կապ չունի իրեն վերաբերվում է, թե չէ, ինքը այնտեղ է, որտեղ շարժ կա: Ինքը այնտեղ է, բավ չէ, ակտիվորեն շփվում էլ է: Դե արդեն գիտեք, որ նրա շփումից առաջանում է մեխանիկական ոչնչացում: Կապ չունի, որ դուռը փակ է, թե բաց, հրավիրված է, թե՝ ոչ, օդանցքը բաց է թե փակ, տանիքն ամուր է թե խախուտ, ինքը մտնում  ու շփվում է: Երեկ էլ իր անսպասելի մուտքով քառյակին շանթահար արեց: Բերանները բաց մնաց, թեման թողած, Հովիկով ընկան: Զուրաբյան Նաիրան ասում է, որ քաղաքավարությունից դրդված ընդհատեցին նիստը և զրույց սկսեցին Հովիկի հետ, անտեսելով, որ իրենք ընկել են մերձ շփման տակ, իսկ Հովիկը հենց այնպես չի շփվում, եթե մեջը քաղցր բան չի տեսնում: Մանկուց ի վեր նա պլպլան թղթերի միջինն է կերել, ու թուղթը շպրտել: Ինքը ցանկացած իրադրության մեջ իր համար քաղցր մի բան է գտնում ու գնում քաղցրի վրա… Այնպես որ խորհել է պետք՝ Ինչու՞ է Հովիկն այդքան աշխույժ, ի՞նչ քաղցր բան է նկատել:



 



 ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ